Ո՞վ է պատժվելու հինգ ամիսների անգործության համար

Oct 15, 2018 Comments Off on Ո՞վ է պատժվելու հինգ ամիսների անգործության համար

Մինչև հոկտեմբերի 16-ը Հայաստանի վարչապետ Նիկոլ Փաշինյանը հրաժարական է տալու: Նա մի քանի օր առաջ ֆեյսբուքյան իր էջում հայտարարել էր. «Թափ ենք հավաքում տնտեսական թռիչքի համար-2: Հեղափոխությունից ի վեր, այսինքն՝ մայիսից մինչ օրս բանկային համակարգի ակտիվներն աճել են 10.5 տոկոսով, վարկերը աճել են 7.0 տոկոսով, ֆիզիկական անձանց վարկերն աճել են 10.4 տոկոսով, իրավաբանական անձանց վարկերն աճել են 4.3 տոկոսով: Ավանդները աճել են 9.2 տոկոսով»:

Բանկային համակարգի վերաբերյալ թվեր ներկայացնելու առաջ Հայաստանի վարչապետն ու կառավարության՝ ոլորտի պատասխանատուները պետք է նախ տվյալներ ներկայացնեն, թե ինչ վիճակում է Հայաստանի տնտեսությունը, մասնավորապես անցած 5 ամիսներին՝ ինչ շարժ է եղել, զարգացո՞ւմ, թե՞ անկում ենք գրանցել:

Հայաստանի նախկին վարչապետ Հրանտ Բագրատյանն օրինակ, ֆեյսբուքյան իր էջում անդրադառնալով Փաշինյանի վերանշյալ գրառմանը՝ նշել էր. «Այստեղ սխալ է ամեն ինչ։ Նախ, նման բաներ ասում էր հաճախ նաև Ս.Սարգսյանը։ Մի քանի անգամ հակադարձեցինք՝ էլ չկրկնեց։ Երկրորդ։ Պարտավոր էր նշել. մայիս-սեպտեմբերը համեմատել է նախորդ տարվա մայիս-սեպտեմբերին, նախորդ դեկտեմբեր-ապրիլին թե լոկ ապրիլի հետ։ Չէ՞ որ Սեզոնային գործոն կա։ Դա սխալ համեմատություն է։ Եթե նախորդ տարվա հետ ենք համեմատում, ապա՝ Երրորդ։ Սկսենք ավանդներից։ Հաշվարկի 3 ձև կա՝ դրամով, դոլարով և/կամ եվրոյով։ Դրամով։ Ճիշտ մեթոդաբանությունն է՝ ընթացիկ ժամանակաշրջանում նախորդ շրջանի համեմատ՝ ավանդներ x տվյալ արժույթով ավանդի տոկոս x տնտեսական աճի տոկոս։ Այսպիսով՝ որպեսզի ՀՀ-ում ավանդները հարաբերականորեն չպակասեին նրանք պետք է աճած լինեին 9.5+7.7=17.2%։ Այստեղ չնչին անճշտություն կա՝ 7.7-ը ութամսյա տնտեսական աճն է (9-ամսյա տնտեսական աճը հրապարակված չէ)։ Նույնը հաշվում ենք դոլարով և/կամ եվրոյով։ Երրորդ, ակտիվները աճել են 7%-ով։ Պիտի լիներ՝ 17.2% + բանկային սպրեդի % (վարկի տոկոսի և ավանդի տոկոսի տարբերություն)։ Այսինքն՝ մոտ 20%։ Չորրորդ, վարչապետի իրավասության մեջ ԿԲ-ն չի մտնում։ Ուրեմն թող ինքն էլ այդ թվերը հայտարարի։ ԿԲ-ից էլ թիվ պետք չէ վերցնել՝ դրանք միշտ ստում են։ Հինգերորդ։ Վարչապետին պետք է մտահոգի տնտեսության վիճակը։ 2-րդ եռամսյակում 1-ինի համեմատ ներդրումները պակասել են 11 անգամ։ Առաջինն էլ մի բան չէր։ Հիմա, ներդրումների իսպառ բացակայության պայմաններում աճում է պահանջարկը վարկի նկատմամբ։ Իսկ այստեղ ոչ մի լավ բան չկա»։

Կառավարությունը հայտարարում է, որ պայքարում է կոռուպցիայի դեմ, այն դեպքում, երբ հարկային եկամուտները նվազել են: Ընթացիկ տարում հարկային եկամուտներն ավելանալու փոխարեն պակասում են: Մասնավորապես օրերս «Ժողովուրդին» պարզաբանել էին և ըստ պաշտոնական փաստաթղթերի` ապրիլին հարկային եկամուտները կազմել են ավելի քան 151 մլրդ 797 մլն դրամ, իսկ ահա օգոստոսին` 137 մլրդ 361 մլն դրամ, հետևաբար, եթե կառավարությունը պայքարում է կոռուպցիայի և ստվերի դեմ, ապա որն է այս պատկերի պատճառը…

Առհասարակ, տնտեսական թռիչք ապահովելու համար ի՞նչ է արվել վերջին հինգ ամիսներին, բացի խոսքից: Կամ՝ հնարավո՞ր էր ինչ-որ բան անել՝ առանց տնտեսական ծրագրի: Հինգ ամիս կրկնել, որ կոռուպցիա չկա, չի նշանակում, որ այն վերացվել է, որովհետև եթե վերացված լիներ, պետք է ճաղերի հետևում հայտնված լինեին տասնյակ, եթե ոչ հարյուրավոր կոռուպցիոներներ:

Եվ ի վերջո, ո՞վ է պատասխանատու անցած 5 ամիսների անգործության համար, մի՞թե Փաշինյանի կառավարությանն աշխատելու համար խանգարում էր խորհրդարանը:

Թամար Բագրատունի

Գլխավոր Թողարկում, Վերլուծություն
Մեկնաբանությունները փակ են: