Մոսկվայի ու Վաշինգտոնի ոգևորությունն ու Փաշինյան-Ալիև մի քանի րոպեանոց հանդիպումից

Oct 14, 2018 Չի մեկնաբանվել

Լեռնային Ղարաբաղի հակամարտության կարգավորման գործում առաջընթաց է նկատվում, երեկ այս մասին Բաքվում տեղի ունեցած մամուլի ասուլիսում հայտարարել է ԱՄՆ պետքարտուղարության՝ Եվրոպայի և Եվրասիայի հարցերով օգնական Ջորջ Քենթը:

«Ադրբեջանում բոլորը շահագրգռված են հակամարտության խաղաղ կարգավորմամբ: Այդ երկիր այցի ընթացքում մենք ընդգծել ենք, որ վերջին շրջանում հակամարտության լուծման գործում ձեռք է բերվել առաջընթաց, այդ թվում Նյու Յորքում Հայաստանի և Ադրբեջանի արտգործնախարարների հանդիպումը, ինչպես նաև Դուշանբեում Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևի և Հայաստանի վարչապետ Նիկոլ Փաշինյանի հանդիպումը»,- ասել է նա:

Ջորջ Կենթը նշել է, որ որպես ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահ երկիր՝ ԱՄՆ-ը լուրջ է վերաբերում հակամարտության գործում իր պարտավորություններին: «Այս ամիս՝ երկու շաբաթից, ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահները կայցելել տարածաշրջան: Ցանկանում եմ նշել, որ զորքերի շփման գծում լարվածության մակարդակը նվազել է: Կոչ ենք անում կողմերին շարունակել նույն ոգով»,- ասել է նա:

Իսկ ահա ԱՊՀ գործադիր քարտուղար Սերգեյ Լեբեդևն էլ հայտարարել է, որ Դուշանբեում Հայաստանի և Ադրբեջանի ղեկավարների կարճատև հանդիպումը նվազեցրել է լարվածությունը Լեռնային Ղարաբաղում։ «Ես ինքս եմ ականատես եղել, թե որքան շատ էին այդ պատվիրակությունների ղեկավարները՝ Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևը և Հայաստանի վարչապետ Նիկոլ Փաշինյանը, մոտենում իրար և քննարկում Լեռնային Ղարաբաղի կարգավորման շուրջ հարցեր,- ասել է նա՝ հավելելով. «Այժմ լարվածությունը հակամարտության գոտում մի փոքր նվազել է»։ Նա նաև նշել է, որ երկու կողմերի համապատասխան կառույցներին համապատասխան ցուցումներ են տրվել լարվածությունը թուլացնելու ուղղությամբ։ «Մենք հույս ունենք, որ երկու պետությունների ղեկավարների այս առաջին շփումը կշարունակվի և դրական արդյունքներ կտա այդ հակամարտության կարգավորման գործում»,- ասել է նա։

Այպիսով, ի՞նչ առաջընթաց է նկատվում Լեռնային Ղարաբաղի հակամարտության կարգավորման գործում: Արդյոք Դուշանբեում Փաշինյան-Ալիև մի քանի րոպեանոց հանդիպումը առաջընթացի հիմք է: Գուցե անձնական շփման տեսանկյունից, դա կարելի է առաջընթաց համարել, բայց «առաջընթաց» բառը ենթադրում է բանակցային գործընթացում որոշակի տեղաշարժի մասին, որը գոյություն չունի:

Նախ՝ Փաշինյանն ու Ալիևը դեռ չեն բանակցել, առայժմ բանակցել է Հայաստանի և Ադրբեջանի արտգործնախարարները, ու բավական երկար, սրան իհարկե, արդեն արժե ուշադրություն դարձնել:

«Առաջընթացը» կարելի է համարել այն, երբ Փաշինյան-Ալիև բանակցություններում ինչ-որ պայմանավորվածությունների արդյունքում պարզվի, որ կողմերը՝ երկուսն էլ, ինչ-որ զիջման են գնացել: Կա՞ն նման նախադրյալներ՝ չկան: Ավելին, կողմերը մնում են իրենց դիրքորոշմանը:

Հայաստանը Լեռնային Ղարաբաղի հակամարտության կարգավորման բանակցային գործընթացի փոփոխության հարց չի դրել և չի դնում: France 24 հեռուստաընկերությանը տված հարցազրույցում այս մասին ասել է ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը: «Բանակցային գործընթացը պետք է շարունակվի ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահության ձևաչափում»,- ասել է ՀՀ վարչապետը:

Փաշինյանն անդրադարձել է նաև ԱՊՀ երկրների ղեկավարների գագաթնաժողովի շրջանակներում Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևի հետ հանդիպման և ձեռք բերված պայմանավորվածությունների մասին: Նիկոլ Փաշինյանն ընդգծել է, որ Իլհամ Ալիևի հետ խոսել են ոչ թե հակամարտության կարգավորման տարբերակների, այլ խաղաղ կարգավորմանը հասնելու համար անհրաժեշտ մթնոլորտի ձևավորման մասին: «Անհնար է խոսել հակամարտության կարգավորման մասին, եթե չկա խաղաղ կարգավորման համար անհրաժեշտ մթնոլորտ: Մենք պայմանավորվել ենք մի քանի կետերի շուրջ, որպեսզի նվազեցնենք լարվածությունը ղարաբաղա-ադրբեջանական շփման գծում և հայ-ադրբեջանական սահմանին»,- ասել է Փաշինյանը:

Նիկոլ Փաշինյանը նաև ընդգծել է, որ այն հանգամանքը, որ Ադրբեջանը հրաժարվում է խոսել Լեռնային Ղարաբաղի հետ, բացահայտում է այդ երկրի իրական նպատակը, իսկ նպատակն այն է, որ Ադրբեջանը ցանկանում է Լեռնային Ղարաբաղի տարածքն առանց այնտեղ ապրող մարդկանց: «Նրանց նպատակը տարածքը մաքրելն է այնտեղ ապրող մարդկանցից»,- ընդգծել է ՀՀ վարչապետը: Իսկ այսօր Ֆրանկոֆոնիայի 17-րդ գագաթնաժողովի բացման ժամանակ իր ելույթում Փաշինյանը նշել է. «Լեռնային Ղարաբաղը պետք է որոշիչ ձայն ունենա խաղաղ բանակցային գործընթացում»:

ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահները կայցելեն տարածաշրջան հոկտեմբերի վերջին, երեկ հայտնեց ԱՄՆ պետքարտուղարի՝ Եվրոպայի և Եվրասիայի հարցերով օգնականի խորհրդական Ջորջ Քենթը։ Միջնորդների այցից հետո կարելի կլինի որոշակի պատկերացում պարզել Փաշինյան-Ալիև առաջիկա հանդիպման վերաբերյալ: Հաշվի առնելով հանգամանքը, որ հաջորդ շաբաթ Փաշինյանը հրաժարական է տալու, և դեկտեմբերին ընտրություններ կանցկացվեն, կարելի է ենթադրել, որ Փաշինյան-Ալիև հանդիպումն արդեն կարող է կազմակերպվել միայն հաջորդ տարի:

Թամար Բագրատունի

Գլխավոր Թողարկում, Վերլուծություն
Անդրադարձներ չկան to “Մոսկվայի ու Վաշինգտոնի ոգևորությունն ու Փաշինյան-Ալիև մի քանի րոպեանոց հանդիպումից”

Մեկնաբանել