Հայկ Մարությանի համար ավելի հեշտ կլինի, քան Տարոն Մարգարյանի, Գագիկ Բեգլարյանի ու Կարեն Կարապետյանի

Oct 14, 2018 Չի մեկնաբանվել

Երևանի ավագանու հոկտեմբերի 10-ի առաջին նիստի ընթացքում «Իմ քայլը» դաշինքի ընտրական ցուցակի առաջին համար Հայկ Մարությանը ստանձնեց Երևանի քաղաքապետի պաշտոնը:

Այնուհետեւ Երևանի նորընտիր քաղաքապետը, որն ակնհայտորեն հուզված էր պահի հանդիսավորությունից, շնորհավորել է ներկաներին Երևանի ավագանու առաջին նիստի կապակցությամբ: «Սա շատ հուզիչ պահ է, երջանիկ եմ, որ ավագանու անդամները ներկայացնում են Երևանի բնակիչներին»,- ասել է նա՝ հիշեցնելով, որ տեղ է ունեցել ավագանու ազատ, արդար և թափանցիկ ընտրություն: «Մենք բոլորս միասին ունենք պատմական հնարավորություն ի կատար ածել այն բոլոր երազանքները, որ տարիներ շարունակ ունեինք, ի կատար ածել այն երազանքները, որ ունեն մեր երևանցիները: Եվ ես վստահ եմ, որ ավագանու այս կազմով մենք կանենք այնպես, որ մեր երևանցիներն ամեն օր, ամեն ժամ ու ամեն վայրկյան ժպտան: Ես կարևորում եմ այս պահը: Երևանի ավագանու կազմը ես ըստ խմբակցությունների չեմ տարբերակում, որովհետև մենք բոլորս պետք է աշխատենք միասին, պետք է ամեն վայրկյան մտածենք մեր քաղաքի, մեր երևանցիների մասին»,- ասել է նա:

Դիմելով Երևանի ավագանու անդամներին՝ Հայկ Մարությանը հորդորել է միշտ ուշադիր լինել Երևանի բնակիչների բոլոր խնդիրներին: «Բնակիչների ահազանգերին անհապաղ արձագանքել ու բոլոր հարցերը դնել ավագանու նիստի քննարկմանն ու դրանց անհապաղ լուծումներ տալ»,- հորդորել է նա: Ըստ ամենայնի նորընտիր քաղաքապետը լավ չի պատկերացնում Երևանի խնդիրների ծանրությունը և լավատեսորեն կարծում է, թե դրանց հնարավոր է օպերատիվ լուծում տալ՝ հենց նիստերի դահլիճում: Բայց դե, ինչպես ասում են, կհմտանա, այդպես չի մնա: Մարությանն ասել է, որ վարչական շրջանների բոլոր ղեկավարներին պատրաստվում է փոխել: Արդեն հրաժարականներ են ներկայացրել Արաբկիր և Նոր Նորք վարչական շրջանների ղեկավարները, հավանաբար առաջիկայում նրանց քայլին կհետևեն նաև մյուսները:

Երևանի քաղաքապետն իրավասու է նշանակել նաև տեղակալներին, խորհրդականների և օգնականների, Երևանի գլխավոր ճարտարապետին: Ի դեպ, ճարտարապետը դեռ ավագանու ընտրություններից առաջ հրաժարական էր տվել: Ինչ վերաբերում է քաղաքապետարանի և 12 վարչական շրջանների աշխատակազմերին, նրանք համայնքային ծառայողներ են և ըստ այդ համարվում են օրենքով պաշտպանված աշխատողներ: Բայց սա՝ միայն ֆորմալ առումով: Ավագանին իրավասու է կառուցվածքային փոփոխություններ կատարել աշխատակազմում և նախկին կադրերից հրաժարվել՝ հայտարարելով նոր մրցույթներ: Հայկ Մարությանը հավատացրել է, որ կադրային ջարդ չի լինելու, բոլոր այն պրոֆեսիոնալները, որոնք պատրաստ են աշխատել նոր Հայաստանի կանոններով, կարող են շարունակել աշխատել։

«Լինելու է անհատական մոտեցում, և իմ որոշումը կայացնելու եմ այն փաստերի վրա, թե արդյոք այդ մարդիկ պատրաստ են աշխատել նոր Հայաստանում»,– ասել է Հայկ Մարությանը։ Նա չի պատասխանել հարցին, թե արդյոք աշխատանքից կազատվի Երևանի ամենաերկարակյաց փոխքաղաքապետ Կամո Արեյանը: Նոր ավագանին ընտրել է հանձնաժողովի անդամների, որոշել է քաղաքապետի երդմնկալության օրը: Բայց ընդհանուր առմամբ, իբրև քաղաքական մարմին, Երևանի նոր ավագանին շատ միատարր է: Երևանի ավագանու ինստիտուտը գործում է 2009 թվականից: Այս ընթացքում երևանցիները չորս ավագանի են ընտրել` երեք հերթական ընտրություններով, իսկ վերջինը՝ արտահերթով: Որևէ անգամ Երևանի ավագանին այսքան իշխանամետ կառուցվածք չի ունեցել: Ավագանու կազմում միշտ էլ ընդդիմությունն ավելի մեծ ներկայացվածություն է ունեցել, քան ունի այսօր: Այս տեսանկյունից քաղաքապետ Հայկ Մարությանն ավելի հեշտ է աշխատելու, որովհետև ի տարբերություն նախորդ քաղաքապետեր Տարոն Մարգարյանի, Կարեն Կարապետյանի ու Գագիկ Բեգլարյանի /նրանցից առաջ ընտրովի քաղաքապետեր Երևանը չի ունեցել/ նրան ընդդիմացող ավագանու անդամների թիվը շատ քիչ է՝ 80 տոկոսը յուրայիններ են:

 

Հայկ  Դավթյան

 

Գլխավոր Թողարկում, Լուրեր, Վերլուծություն
Անդրադարձներ չկան to “Հայկ Մարությանի համար ավելի հեշտ կլինի, քան Տարոն Մարգարյանի, Գագիկ Բեգլարյանի ու Կարեն Կարապետյանի”

Մեկնաբանել