Ով է ում նետելու աղբամանը

Oct 11, 2018 Comments Off on Ով է ում նետելու աղբամանը

Հոկտեմբերի 10-ին կալանքից ազատ է արձակվել 2016 թվականի հուլիսին Սասնա ծռեր խմբի կազմում ՊՊԾ գունդը գրաված Պավլիկ Մանուկյանը, որին եւ պատկանում է քաղաքականության եւ աղբարկղերի առնչության մասին հեղինակային իրավունքը: Մի քանի տարի առաջ, երբ Փաշինյանը դեռ վարչապետ չէր ու քաղաքական որոշ ուժերի կողմից չէր տեղավորվում պատմության կամ առհասարակ աղբարկղերի մեջ, Պավլիկ Մանուկյանը առաջարկում էր Նիկոլ Փաշինյանին <<նետել աղբարկղը>>:

Դեռեւս անցած տարի դատարանում տարածվել էին այդ օրերին ՊՊԾ գնդում հեռախոսազրույցները, Պավլիկ Մանուկյանը կոչ էր արել Նիկոլ Փաշինյանին «նետել աղբարկղը»: Իսկ գնդի գրավման օրերին Փաշինյանն փորձում էր ընդամենը կանխել իրադարձությունների այնպիսի զարգացումը, որը կբերեր հուժկու բախման: Դրանից բացի նա արձանագրում էր, որ հանրության հաղթանակի գրավականը զենքը չէ: Ուշագրավ է,որ Պավլիկ Մանուկյանը ազատ է արձակվում հիմա,երբ Նիկոլ Փաշինյանը կանգնած է հեղափոխությունը կապիտալիզացնելու վճռական մարտի առաջ: Չմոռանանք, սակայն, որ Մանուկյանը վերջին ամիսներին դատական գործընթացում արեց մի շարք աղմկոտ հայտարարություններ ընդդեմ իր ընկերների նաեւ: Առաջին հայտարարությունը երեք ոստիկանների սպանության վերաբերյալ էր, Մանուկյանը տվեց իրական սպանողի անունը, ապա նաեւ, ՊՊԾ գնդի բանկոմատի կողոպտման փաստը հաստատեց, Գարեգին Չուգասզյանի դերակատարության մասին պայթեցրեց.<<Ինչպե՞ս եղավ, որ նա, երբ մենք ՊՊԾ գնդում էինք, Վարուժան Ավետիսյանը նրան զանգեց, նա պատասխանեց, որ հաջողության դեպքում ես կամ, իսկ անհաջողության դեպքում իմ անունը մոռացեք։ Ինչպե՞ս եղավ, որ նա թաքնվեց և ապրիլի 24-ին հայտնվեց, կամ ինչպե՞ս եղավ, որ նա հայտնվեց Մատենադարանի մոտ, էդ հայտնությունն իրոք հարություն էր Գարեգինի՞, թե՞ իրոք նա հարյավ ի մեռելոց, չնայած՝ հոգևոր ու պետական բարձրաստիճան այրերը գնացին և տեղում օրհնեցին էդ հարությունը», Պավլիկ Մանուկյանը, ասում էր, որ Գարեգին Չուքասզյանը 2016 թվականի հուլիսի 17-ից հետո ուղղակի «պահածոյացվել» էր, ու մեկ էլ այդ «վարունգը ապրիլի 24-ին պայթեց», ուստի համարում է, որ «այս բուտիլիզմին վերջ պետք է տալ»։

Պավլիկ Մանուկյանը չմիացավ Սասնա ծռեր կուսակցության ստեղծման գործընթացին եւ հայտարարեց, որ չի աջակցում այդ կառույցի ստեղծմանը: Բանտից դուրս գալուց հետո նա հայտարարել է, որ կհանդիպի վարչապետ Փաշինյանի հետ, հետաքրքիր է՝ ինչ ցուցումներ կստանա նա Փաշինյանից : Արդյոք նա ուղղություն կվերցնի դեպի Սասնա Ծռերի կողմը եւ ինչպես ազատազրկման մեջ էր խոստացել դուրս գալուն պես նոր բացահայտումներ կանի: Հատկապես որ Նիկոլ Փաշինյանը բոլորից լավ է հասկանում, որ Սասնա ծռեր քաղաքական ուժը ռումբ է, որը նա սեփական ձեռքով իր տակն է դրել: Չնայած Ծռերը հայտարարում է զինված պայքարի էջը փակ, բայց չկա ոչ մի երաշխիք, որ ինչ որ պահի այդ էջը չի բացվի: Արդյոք Պավլիկ Մանուկյանի ազատման գինը Ծռերին չեզոքացնելն է լինելու: Իսկ որ նրանց հետ կապված բազում մութ հարցեր կան, դա բոլորին է ակնհայտ: Օրինակ ինչո՞ւ Ծռերը մտան հենց ՊՊԾ գունդ, եւ արդյոք նախատեսված էր մնալ այնտեղ, թե՞ պետք է ինչ որ շարունակություն լիներ: Ինչո՞ւ Ծռերն ամեն օր փոխում էին իրենց պահանջները, իսկ ինչ որ պահից առաջ քաշեցին ապագաղութացման թեզը եւ այլն: Հետեւաբար առաջիկայում պարզ կդառնա, թե ով ում է նետում աղբարկղը ու ինչպես Ծռերը վարչապետին, Պավլիկ Մանուկյանը Ծռերին, թե վարչապետը վեջիններին:

Անի Սահակյան

 

Գլխավոր Թողարկում, Վերլուծություն
Մեկնաբանությունները փակ են: