Փաշինյանի թիվ մեկ խնդիրը

Oct 17, 2018 Չի մեկնաբանվել

«Արտահերթ ընտրությունները պետք է կայանան դեկտեմբերի 9-10-ը՝ այն բանից հետո, երբ ես հոկտեմբերի 16-ին կներկայացնեմ իմ հրաժարականը»: Այս մասին ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը հայտնել է France 24 հեռուստաընկերությանը տված հարցազրույցում: Փաշինյանը Ազգային ժողովում՝ լրագրողների հետ զրույցի ժամանակ, ևս հայտարարել էր, որ Ազգային ժողովի լուծարման համար այլ տարբերակ, քան վարչապետի հրաժարականն է՝ չկա: Սահմանադրության համաձայն՝ վարչապետի հրաժարականից հետո 2 անգամ 7-օրյա ժամկետներում նոր վարչապետ չընտրելու պարագայում խորհրդարանը ցրվում է, նշանակվում են արտահերթ խորհրդարանական ընտրություններ:

Հոկտեմբերի 2-ին ԱԺ-ի կողմից «ԱԺ Կանոնակարգ օրենքում» փոփոխություն կատարելու մասին որոշումից հետո ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը խորհրդարան ուղևորվելուց առաջ հայտարարեց, որ արտահերթ խորհրդարանական ընտրությունների անցկացումն անհրաժեշտ է, և դրանք պետք է տեղի ունենան դեկտեմբեր ամսվա առաջին կեսին: Արդեն հայտարարվել է նաև, որ արտահերթ ընտրություններն անցկացվելու են դեկտեմբերի 9-ին: Քաղաքական ուժերի ներկա հարաբերակցությունը ընտրությունների բավականին կանխատեսելի ելք է ենթադրում: Փաշինյանի գլխավորած Քաղաքացիական պայմանագիր կուսակցությունը միանշանակ կունենա ծանրակշիռ մեծամասնություն: Հաշվի առնելով, որ սահմանադրությամբ խորհրդարանի մանդատների առնվազն 30 տոկոսը պետք է տրվի ընդդիմությանը, կարելի է հաստատապես համոզված լինել, որ մանդատների 70 տոկոսը կվերցնի իշխանությունը՝ ի դեմս ՔՊ-ի: Այս իմաստով հիմնական մրցակցությունն ընթանալու է ընդդիմությանը վերապահված 30 տոկոս տեղերի համար:

Ստեղծված իրավիճակում նվազագույն շեմը հաղթահարելու քաղաքական ռեսուրս ունեցող ուժերն առանձնապես շատ չեն: Հաշվի առնելով, որ Նիկոլ Փաշինյանը ԲՀԿ առաջնորդ Գագիկ Ծառուկյանի հետ փաստաթուղթ ստորագրեց վարչապետի նոր թեկնածու չառաջադրելու վերաբերյալ, ենթադրելի է, որ Ծառուկյանի գլխավորած ուժը կարող է որոշակի աջակցություն ակնկալել հեղափոխության առաջնորդից: Այդ աջակցությունը կարող է լինել թեկուզ մեկ-երկու քաջալերող հայտարարության տեսքով: Համենայն դեպս, եթե Ծառուկյանին հաջողվի ԱԺ արտահերթ ընտրություններում վերարտադրել Երևանի ավագանու ընտրություններում ստացած տոկոսները, ապա ընդդիմությանը վերապահված մանդատների որոշ մասը կհասնի Ծառուկյանին: Մնացած ընդդիմադիր մանդատները կվերցնի Լույս դաշինքը՝ ի դեմս Էդմոն Մարուքյանի Լուսավոր Հայաստան և Արամ Սարգսյանի Հանրապետություն կուսակցությունների: Ընդ որում, այս ուժերի գերխնդիրը նվազագույն շեմը հաղթահարելն է, մնացած տոկոսները նրանք կարող են ստանալ օրենքի ուժով: Համենայն դեպս, սեպետեմբերի 23-ին տեղի ունեցած Երևանի ավագանու ընտրությունները ցույց տվեցին, որ մյուս ուժերը անցողիկ տոկոսներ հավաքելու շանսեր չունեն: ՀՀԿ-ն, որ ավագանու ընտրությանը չէր առաջադրվել, կարող է չհաղթահարել անցողիկ շեմի պատնեշը:

Այսինքն՝ եթե ապագա խորհրդարանում ներկայացված լինի ընդամենը երեք քաղաքական ուժ, ապա սա Հայաստանի քաղաքական համակարգի համար ակնհայտ հետընթաց է, որովհետև երբեք հայկական խորհրդարանում չորս ուժից  պակաս ներկայացվածություն չի եղել: Ներկա խորհրդարանում, հիշեցենք, չորս ուժ կա՝ ՀՀԿ, ԲՀԿ, ՀՅԴ և Ելք: Նախորդ խորհրդարաններում ներկայացված են եղել 5 քաղաքական ուժեր: Անկախ նրանից, որ իշխանությունը, ի դեմս ՔՊ-ի, կունենա բարձր լեգիտիմություն, ընդդիմությունը կլինի թույլ, քան երբևէ եղել է: Այս առումով նոր Հայաստանում Փաշինյանի թիվ մեկ քաղաքական խնդիրը ուժեղ ընդդիմության ձևավորումն է լինելու:

 

Կարինե  Սարիբեկյան

 

 

Գլխավոր Թողարկում, Լուրեր, Վերլուծություն
Անդրադարձներ չկան to “Փաշինյանի թիվ մեկ խնդիրը”

Մեկնաբանել