Փաշինյանին կոշտ խոսակցություններ են սպասում

Oct 11, 2018 Չի մեկնաբանվել

«Հայաստանին և Ադրբեջանին ուղղված որևէ թաքնված ուղերձ չկա ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփի հայտարարություններում»,- այս մասին երեկ լրագրողների հետ կարճ զրույցում ասաց ՀՀ-ում ԱՄՆ դեսպան Ռիչարդ Միլզը՝ անդրադառնալով հարցին, թե ի՞նչ նկատի ուներ ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանին վերջերս հղած շնորհավորական նամակում նշելով ԼՂ հակամարտության կարգավորման գործընթացում ստեղծվելիք հնարավորության մասին, նմանատիպ ուղերձ հղելով նաև Ադրբեջանի նախագահին ավելի վաղ:

Երեկ ՀՀ-ում ԱՄՆ դեսպան Ռիչարդ Միլսը հայտարարեց Հայաստանին ուղղվող ԱՄՆ աջակցության ծավալների ավելացման մասին: Վերջերս Միացյալ Նահանգները քաղաքական անցման հետ կապված հայաստանյան նախաձեռնություններին աջակցելու նպատակով 14 միլիոն ԱՄՆ դոլարի հավելյալ արտաքին աջակցության միջոցներ է տրամադրել Հայաստանին, իսկ առաջիկա տարվա ընթացքում Միացյալ Նահանգները մտադիր է տրամադրել ավելի քան 26 միլիոն ԱՄՆ դոլար` 2018 ֆինանսաբյուջետային տարվա արտաքին աջակցության միջոցներից, որը 20 միլիոն դոլարով ավել է հայտով Հայաստանի համար սկզբնապես պահանջված ֆինանսավորումից: Այս միջոցները կօժանդակեն քաղաքական գործընթացների հետ կապված գերակա ծրագրերին, քաղաքացիական հասարակությանը և անկախ ԶԼՄ-ներին: Այդ միջոցները նաև կուղղվեն Վարչակազմի կողմից որպես արտաքին քաղաքականության գերակայություն սահմանված գործարար և առևտրային հնարավորությունների ընդլայնմանը՝ ամերիկյան և հայկական ընկերությունների համար, այդ թվում նաև աջակցելով էներգետիկ բարեփոխումներին, ինչպես նաև Հայաստանի արագ տեմպերով աճող տեղեկատվական տեխնոլոգիաների ոլորտին: Հայաստանին ցուցաբերվող ԱՄՆ աջակցությունը ներառում է երկկողմ համագործակցության տարբեր ուղղությունները, այդ թվում՝ կառավարում, թափանցիկություն և հաշվետվողականություն, քաղաքական ներառում, օրենսդրական հզորացում և տեղական ինքնակառավարման բարեփոխումներ: Հայաստանի քաղաքական անցմանն աջակցելու համար այս ծրագրերը կօգնեն վերակառուցել բազմակուսակցական քաղաքական համակարգերը և կնպաստեն ազատ ու արդարացի ընտրություններին: Աջակցությունը նաև ուղղվում է քաղաքացիական հասարակության հզորացմանն ու անկախ ԶԼՄ-ների հասանելիության բարելավմանը: Տնտեսական աճի ասպարեզում ծրագրերի շրջանակում փորձ կարվի կայուն ու ընդգրկուն տնտեսական աճ ապահովել՝ աջակցելով տնտեսության աճի բարձր ներուժ ունեցող ճյուղերին, նպաստելով աշխատուժի կատարելագործմանը և խթանելով նորարարությունը: Աջակցություն կլինի նաև էներգետիկ շուկայի ազատականացման բարեփոխումների և միջսահմանային առևտրի ու ինտեգրման հարցերում:

Կան տեղեկություններ այն մասին, որ առաջիկա օրերին Հայաստան կայցելի ԱՄՆ–ի նախագահի ազգային անվտանգության հարցերով խորհրդական Ջոն Բոլտոնը, որն ինչպես հայտնի է, ունի կոշտ և ագրեսիվ արտաքին քաղաքականության կողմնակցի հեղինակություն։ Նշվում է, որ այցը կկայանա հենց խորհրդականի նախաձեռնությամբ։

Փաստորեն, Վաշինգտոնի ամենաազդեցիկ մարդկանցից մեկը, ըստ ծրագրվածի՝ կայցելի Ռուսաստան, Հայաստան, Ադրբեջան և Վրաստան: Հայաստանի համար սա բացառիկ հնարավորություն է ՀՀ-ԱՄՆ օրակարգը վերաիմաստավորելու համար: Ի տարբերություն Հայաստանի, Ադրբեջանն ու Վրաստանը առավել խոր համագործակցություն ունեն ԱՄՆ-ի հետ, Վաշինգտոնն էլ այլ շահեր՝ այդ երկրների հետ:

Ի՞նչ մեսիջներ կուղղի պաշտոնական Երևանը ԱՄՆ-ում հարցեր լուծել Բոլտոնի միջոցով, ցույց կտա ժամանակը: Առհասարակ, Փաշինյանը, ցանկանո՞ւմ է Վաշինգտոնի հետ հարաբերություններին նոր որակ հաղորդել, թե՞ առայժմ ամեն ինչ թողնված է ինքնահոսի:

Հայտնի չէ, թե արդյոք Փաշինյանի աշխատակազմն, Հայաստանի արտգործնախարարությունը ունե՞ն արդեն մշակած օրակարգ, առաջնահերթություններ: Եթե Հայաստան է գալիս ԱՄՆ–ի նախագահի ազգային անվտանգության հարցերով խորհրդական, սա պաշտոնական Երևանի համար բարձրաստիճան պաշտոնյայի այց է, որից պետք է հնարավորինս օգտվել»

Հաջորդ հարցը՝ ի՞նչ փաթեթով է գալու ամերիկացի պաշտոնյան, ի՞նչ հարցեր են ուղղվելու Փաշինյանի կառավարությանը, ինչ խնդիրներ կան, որոնք կարող են բարձրաձայնել:

Իհարկե, կարելի է ենթադրել, որ Թրամփի խորհրդականի այցը չորս երկրներ, նախ և առաջ, ուղղակիորեն կարող է կապված լինել Իրանի հետ։ Իսկ Բոլտոնն ագրեսիվ դիրքորոշում ունի Իրանի հարցում։ Նշանակում է, պետք է պատրաստ լինել կոշտ խոսակցության:

Հաջորդը՝ Սիրիա հայկական հումանիտար առաքելություն ուղարկելու հարցը: Ինչպես հայտնի է, Հայաստանը մտադիր է Սիրիա ուղարկել սակրավորներից, բժիշկներից և այլ մասնագետներից կազմված համակազմ, որն օգնություն կցուցաբերի տեղի բնակչությանը։ Մարդասիրական առաքելությունը կիրականացվի ռուս մասնագետների հետ միասին։

Հայաստանի կողմից սիրիական առաքելությանը մասնակցելը, բավական զգայուն թեմա է Վաշիգտոնի համար, նշանակում է, այստեղ էլ Փաշինյանի կառավարության հետ կարող է կոշտ խոսակցություն լինել:

Թամար Բագրատունի

Գլխավոր Թողարկում, Վերլուծություն
Անդրադարձներ չկան to “Փաշինյանին կոշտ խոսակցություններ են սպասում”

Մեկնաբանել