Մայրապետյանին կօգտագործե՞ն ընդդեմ Քոչարյանի

Oct 11, 2018 Comments Off on Մայրապետյանին կօգտագործե՞ն ընդդեմ Քոչարյանի

Գործարար Սամվել Մայրապետյանը երկու ամսով կալանավորվել է: Դատարանը բավարարել է Մայրապետյանին կալանավորելու միջնորդությունը:

Մայրապետյանի պաշտպաններից Կարեն Կիրակոսյանը հայտարարել է, թե տեղյակ չէ, որ մեկուսարան են տանելու Մայրապետյանին: Հատուկ քննչական ծառայությունը տեղեկություններ չի հայտնում, թե կոնկրետ ինչ գործով է կալանավորվել Սամվել Մայրապետյանը: ՀՔԾ-ն հաստատել է միայն, որ Մայրապետյանը մեղադրվում է քրեական օրենսգրքի 38-311-րդ հոդվածով, այսինքն՝ կաշառքի օժանդակության համար:

Միաժամանակ մամուլում տեղեկություններ են շրջանառվում, որ Մայրապետյանի դեմ հարուցված գործի համար հիմք է եղել մեկ այլ գործարարի՝ Սիլվա Համբարձումյանի ցուցմունքը, բայց թե կոնկրետ ինչ բովանդակությամբ ցուցմունք է տվել Համբարձումյանը, հայտնի չէ: Դարձյալ մամուլում հրապարակված տեղեկությունների համաձայն՝ գործարար Սիլվա Համբարձումյանը  հարցաքննվել է «Մարտի 1-ի» գործի շրջանակներում: Քննու­թյան առարկան Մայրապետյանի և Սիլվա Համբարձումյանի միջև կա­տարված գումարային փոխանցումն է: Փոխանցողը եղել է Մայրապետյանը: Սիլվա Համաբարձումյանը, սակայն, հակառակն է պնդում՝ նշելով, որ այն ժամանակ ինքը գումար է փոխանցել Մայրապետյանին, սակայն հիմա արդեն չի հիշում, թե ինչ նպատակով:

Մինչ դատարանի կողմից երկամսյա կալանքի որոշման կայացումը, Սամվել Մայրապետյանի ու Սիլվա Համբարձումյանի միջև առերեսում է տեղի ունեցել։ Այս մասին հայտնել է Սիլվա Համբարձումյանը։ «Սամվելի պատճառով ես էլ եմ հարցաքննվել։ Հարցաքննությունը եղել է Մարտի 1–ի գործի շրջանակում։ Սկզբում իրեն են ստուգել, հետո ինձ են կանչել հարցաքննում։ Մարտի 1–ի օրերին ես փոխանցում եմ արել Սամվել Մայրապետյանին, այդքան բան, ես ապացույցներ եմ ներկայացրել, որ որեւէ կապ չունեմ Մարտի 1–ի գործի հետ։ Թե ինչի համար եմ փոխանցել, չեմ հիշում, 10 տարի է անցել արդեն»,– ԶԼՄ-ներին ասել է նա:

Թե ինչ է իրականում տեղի ունեցել, և ինչ կապ ունեն գործարարների գումարային փոխհարաբերությունները Մարտի 1-ի գործի հետ, այս պահին դժվար է միանշանակ ասել: Բոլոր հարցերի պատասխանը պետք է տա դատավարությունը: Այս պահին, սակայն, փաստ է՝ Սիլվա Համբարձումյանը Մայրապետյանի դեմ ցուցմունք է տվել: Փաստերը, որ իրավապահների հետաքրքրությունը շարժած դրամական փոխանցումներն արվել են 2008 թվականի Մարտի 1-ի  դեպքերի ժամանակ, և կալանավորման գործով մանրամասներ համառորեն չեն հրապարակվում, հուշում են, որ Մայրապետյանի գործը կարող է դիտարկվել Մարտի 1-ի գործի համատեքստում:

Ինչ վերաբերում է Սիլվա Համբարձումյանին, ապա թերևս արժե հասկանալ, թե այդ ինչը դրդեց նրան 10 տարի անց հանկարծ վեր կենալ ու գործ տալ բիզնես գործընկերոջ դեմ: Կամ այդ ո՞վ է հավատում, որ տիկին Համբարձումյանը կարող էր մոռանալ, թե ինչի համար է գումար փոխանցել Մայրապետյանին: Նախաքննական մարմինը պահանջել է ներկայացնել գումարի փոխանցման վերաբերյալ փաստաթղթերը։ Սիլվա Համբարձումյանը պնդել է, որ այս գործի շրջանակում ինքն ունի վկայի կարգավիճակ, և հերքել, թե Մայրապետյանին ձերբակալել են իր ցուցմունքի հիման վրա։ Համբարձումյանի անկեղծությանը հավատալ իհարկե դժվար է, որովհետև նա չի թաքցրել, որ ինքը հարցաքննության է կանչվել Մարտի 1-ի քրեական գործի շրջանակում և տվել է ստորագրություն, որ մանրամասներ չի հայտնի. «Բայց իմ անունը ինձ համար կարևոր է, ու ես պիտի մաքուր դուրս գամ էս ամենից։ Մի քանի օրից կտամ ասուլիս, մանրամասն կներկայացնեմ»,– հայտարարել է Սիլվա Համբարձումյանը։

Հարցին, թե գումարային փոխանցումները ի՞նչ կապ ունեն դա Մարտի 1-ի դեպքերի հետ, Համբարձումյանը պատասխանել է. «Ինչ-որ վճարումներ են արվել կրակողներին, այդ խնդիրն է։ Ես այդ հարցում մաքուր եմ, պարզապես, ես այդ օրերին ունեցել եմ կանխիկացում ու փոխանցում, որը արել եմ Մայրապետյանին»։ Սա շատ ուղիղ ակնարկ է, որ կաշառքի միջնորդությունը կամ փոխանցված գումարը Մարտի 1-ի գործի հետ շատ ուղիղ կապ ունի, ավելին՝ տիկին Համբարձումյանը հստակ ասում է, որ կրակողները գումար են ստացել: Թե ինչու պիտի Մայրապետյանը նման գործով գումարներ բաժաներ և ինչու ոչ իր

Սամվել Մայրապետյանը համարվում է երկրորդ Նախագահ Ռոբերտ Քոչարյանի մտերիմ օլիգարխը: Լուրեր կան անգամ, թե Քոչարյանին պատկանող որոշ բիզնեսներ գրանցված են Մայրապետյանի անունով: Այս տեսանկյունից Մայրապետյանը դառնում է առանցքային կերպար նաև Քոչարյանի դեմ սկսված դատավարության համատեքստում:

 

Հայկ Դավթյան

Գլխավոր Թողարկում, Լուրեր, Վերլուծություն
Մեկնաբանությունները փակ են: