Քաջալերված դավաճանություն

Oct 11, 2018 Comments Off on Քաջալերված դավաճանություն

ՀՀԿ փոխնախագահ Էդուարդ Շարմազանովը հայտարարել է, որ ինքն այլևս չգիտի, թե ովքեր են եղել հանրապետականներ, ովքեր՝ ոչ: «Հանրապետականի իշխանության ժամանակ մեզ ձոն ասելու հերթ չէր հասնում, հիմա ՀՀԿ-ի բոլոր սխալները մնացին 2-3 հոգու վզին, որոնք այդ իշխանության ոչ բարիքներից են օգտվել, ու դա շատ լավ է, ոչ կոռուպցիայի մեջ են եղել, ոչ թալանի մեջ են եղել, ոչ ձեռքներս է արյունոտ, ոչ էլ տենդերների ու կոռուպցիոն սխեմաների մեջ ենք եղել»,- նշել է Շարմազանովը:

Դառը, շատ դառը ճշմարտություն կա նրա խոսքերի մեջ: ՀՀԿ-ից տեղի ունեցող առնետավազքը թերևս բոլոր իշխանություններին սպառնացող վտանգ է: Ժամանակին այս ճակատագրին արժանացավ նաև ՀՀՇ-ն, երբ մի գիշերվա մեջ ՀՀՇ-ականները դարձան երկրապահ ու հանրապետական, նույն բանն այսօր տեղի է ունենում ՀՀԿ-ի հետ: Ամենավատն այն է, որ վարչապետ Նիկոլ Փաշինյանը՝ որպես քաղաքական լիդեր, հորդորում է քաջալերել այն ՀՀԿ պատգամավորներին, ովքեր, դեմ գնալով կուսակցության քաղաքական դիրքորոշմանը, կողմ են արտահայտվում ԱԺ արտահերթ ընտրությունները դեկտեմբերին անցկացնելու տարբերակին: Փաշինյանի՝ Ֆեյսբուքում արած կոչին, թե նման պատգամավորներին պետք է քաջալերել, հաջորդեց շուրջ երկու տասնյակ՝ նախկին իշխանության պատգամավորների հայտարարությունը, որ իրենք կողմ են դեկտեմբերի արտահերթին: Դրանից հետո իհարկե եղավ նաև ՀՀԿ-ի պաշտոնական հայտարարությունը, որից պարզ էր դառնում, որ նախկին իշխանությունը պատրաստվում է ընդունել կապիտուլացիան:

ՀՀԿ-ն իհարկե արժանի է նրան, ինչ այսօր ունի: Երբ կուսակցությունը տարիներ շարունակ լցվում էր պատեհապաշտներով, երբ քաղաքականություն էին բերում թիկունքից հարվածողներին, երբ գաղափարական մարդկանց փոխարեն՝ Ազգային ժողով էին տանում մորթապաշտներին, և վերջապես, երբ քաղաքականությամբ զբաղվում էին ոչ քաղաքական գործիչները, պետք էր հասկանալ, որ գալու է նաև այս օրը: Եթե Էդուարդ Շարմազանովը, Արմեն Աշոտյանը և Վահրամ Բաղդասարյանը այս ամենի մասին մտածեին այն ժամանակ, գուցե այսօր ստիպված չլինեին իրենց վրա կրել ՀՀԿ բոլոր մեղքերի ծանրությունը: Այսքանով հանդերձ՝ արձանագրենք, որ իբրև ՀՀԿ-ի գաղափարական թև՝ այս մարդկանց պահվածքն արժանապատիվ ու հարգանքի արժանի է՝ ի տարբերություն նրանց, ովքեր տարիներ շարունակ ՀՀԿ-ի շնորհիվ կրակից շագանակներ են հանել, իրենց համար լավ ու ապահով կյանք ապահովել ու հիմա հանկարծ միանգամից դարձի են գալիս՝ պաշտպանելով Փաշինյանին: Այս առնետավազքը ոչ միայն նողկալի է, այլև վտանգավոր, եթե Փաշինյանի ասած հանրային քաջալերանքը հանկարծ վերածվի նաև քաղաքական կապիտալի:

Փաշինյանը տեսականորեն կարող է, ավելին՝ պարտավոր է արտահերթ ընտրություններից հետո հրաժարավել ՀՀԿ-ին դավաճանածների ծառայությունից: Բայց նաև մեծ է վտանգը, որ քծնանքի ու շողոքորթության բարձր դոզային նոր իշխանությունները չեն դիմանա, ինչպես ժամանակին չդիմացան նախկինները՝ Սերժ Սարգսյանն ու նրա մերձավորները: Սարգսյանն այսօր չկա, ՀՀԿ-ի մեղքերը խարազանված են մի քանի հոգու ճակատին, իսկ մարդկային այդ կպչուն տեսակը լպրծուն կեղտի պես շարունակում է մնալ ջրի երեսին: Այս հեղափոխությունը լիարժեք չի լինի, եթե դրա մեջ չամրագրվի արժեքային կոմպոնենտը: Դավաճանությո՞ւնն է այն մարդկային կատեգորիան, որն ուզում է խրախուսել հեղափոխության առաջնորդը: Եթե անգամ կա նման գայթակղություն, պետք է հիշել, որ նրանք, ովքեր ծախում են նախկին տերերին, կդավաճանեն նաև նորերին: 27 տարվա քաղաքական փորձառությունը, սկսած ՀՀՇ-ից ու Լևոն Տեր-Պետրոսյանից, մինչև ՀՀԿ ու Սերժ Սարգսյան, բավական է՝ հասկանալու համար, որ իսկապես քաղաքականությամբ պետք է զբաղվեն քաղաքական գործիչները:

Կարինե  Սարիբեկյան

Հ.Գ. Դերասան Հովհաննես Ազոյանը հայտարարել է, որ ուզում է անդամակցել Քաղաքացիական պայմանգիր կուսակցությանը և լինել ապագա խորհրդարանում. «Ցանկանում եմ իմ տեսակով ու ներկայությամբ գունավորել Ազգային ժողովը»,- ասել է նա: Սերժ Սարգսյանը խորհրդարան տարավ երգչուհի Շուշան Պետրոսյանին, Փաշինյանը ԱԺ կտանի Ազոյանին: Ի՞նչ տարբերություն սակայն, եթե չհաշվենք գեղարվեստի ու ճաշակի կտրուկ անկումը:

 

Գլխավոր Թողարկում, Լուրեր, Վերլուծություն
Մեկնաբանությունները փակ են: