Ճաքեր հակահեղափոխական դաշտում.Քոչարյանի գործոնը թուլանում է

Oct 11, 2018 Comments Off on Ճաքեր հակահեղափոխական դաշտում.Քոչարյանի գործոնը թուլանում է

ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը և ԲՀԿ առաջնորդ Գագիկ Ծառուկյանը քիչ առաջ հուշագիր են ստորագրել՝ 2018թ. դեկտեմբերին ՀՀ-ում արտահերթ խորհրդարանական ընտրություններ անցկացնելու վերաբերյալ։ Մենք զրուցեցինք քաղաքագետ Արմեն Բաղդասարյանի հետ:

-Պարոն Բաղդասարյան, ընդամենը մեկ շաբաթ առաջ խորհրդարանական ուժերը ԱԺ-ում հակահեղափոխական գործընթացներ էին նախաձեռնում՝ ԱԺ կանոնակարգ օրենքում հայտնի փոփխությամբ: Ինչ փոխվեց այս օրերի ընթացքում, որ թե Ծառուկյան դաշինքում իրավիճակ փոխվեց, թե ՀՀԿ-ում, Ծառուկյան-Փաշինյան հանդիպումից առաջ դեկտեմբերին ընտրություններ անցկացնելու հարցին իրենց աջակցության մասին հայտնեցին ՀՀԿ-ական պատգամավորներ:

-Առանձնապես ոչինչ չփոխվեց: Ես դեռ մեկ շաբաթ առաջ էի ասում, որ պետք չէ նայել քաղաքական ուժերի գործողություններին, այլ պետք է նայել նրանց խնդիրներին, ԲՀԿ-ն միանշանակ ձեռնտու են արտահերթ խորհրդարանական ընտրությունները, Երեւանի ավագանու ընտրությունները ցույց տվեցին, որ նրանք երկրորդ ուժն են, արտահերթ ընտրությունների ժամանակ նույնպես պահպանելու են երկրորդ ուժի կարգավիճակը, հետեւաբար ԲՀԿ-ին պետք էր մոտ ժամկետում արտահերթ ընտրությունները: Իսկ կոշտ հայտարարություններն ու այդ դիրքերից հանդես գալը ընդամենը պետք էր իշխանությունների հետ բանակցություններ վարելը եւ ավելի շահեկան դիրքերից հանդես գալը:

-Հաջողվեց նման դիրքեր նվաճել, թե դեռ պարզ չէ:

-Դեռ չեմ կարող ասել, որովհետեւ բանակցությունների մանրամասներին ծանոթ չեմ: Իսկ ՀՀԿ-ականների հայտարարությունների հետ կապված կարող ենք ասել, որ տեսան համաժողովրդական աջակցության վերջին գործընթացները եւ ըստ ամենայնի ոմանք հասկանալով փորձեցին ավելի հարմարավետ դիրքավորվել եւ չմտնել այդ պայքարի մեջ: Ընդհանրապես այդ հակահեղափոխական միջոցառումը փորձ էր իշխանությունից ինչ-որ բաներ կորզելու, ինչը չստացվեց:

-Իսկ Դաշնակcության պահվածքը ինչպես կմեկնաբանեք, կարծես թե հուշագիր չի ստորագրվել այս կուսակցության հետ ու վարչապետի փոխարեն էլ փոխվարչապետն է հանդiպել նրանց հետ:

-Ես կանխատեսել էի, որ ամենաբարդը, այո, լինելու է ՀՅԴ-ի վիճակը, եւ այս պահվածքն էլ չի խոսում այն մասին, որ ՀՅԴ-ն ավելի սկզբունքային է, այլ որովհետեւ ՀՅԴ-ն կորցնելու շատ բան ունի: Ամենայն հավանականությամբ ՀՅԴ-ն չի հաղթահարի անցողիկ շեմը, ինչպես որ եղավ ավագանու ընտրությունների ժամանակ: Հետեւաբար, եթե հուշագիր չստորագրվի էլ, ապա իրենց կողմից լուրջ դիմադրություն չի լինի:

-Իսկ ՀՅԴ-ի պահվածքը պայմանավորված չէ արդյոք Ռոբերտ Քոչարյանի հետ համագործակցությամբ, թե Քոչարյանը չի կարող առաջիկա ընտրություններին գործոն դառնալ:

-Քոչարյանի գործոնը գնալով թուլանում է, որովհետեւ այն հզոր էր այնքանով, որքանով կարող էր մոբիլիզացնել հակահեղափոխական ուժերին, բայց այսօրվա իրադարձությունները ցույց տվեցին, որ հակահեղափոխական դաշտը ճաքեր տվեց:

-Դուք վտանգներ չեք տեսնում, որ ընտրությունները սեղմ ժամկետում են անցկացվելու, միակուսակցական ավտոիտար համակարգի սկիզբ չի դրվի՞:

-Եթե Հայաստանում ստանդարտ ժամանակներ լիներ, գուցե լիներ նման մտահոգություն, բայց իրավիճակն այնպիսին է, որ ակնհայտ է քաղաքական ճգնաժամը, որից պետք է հնարավորինս շուտ դուրս գալ: Ձեր ասածը մտահոգելու առիթ կտար, եթե ընտրությունները կեղծվեին, բայց ես կարծում եմ, որ չեն կեղծվի:

Անի Սահակյան

Գլխավոր Թողարկում, Վերլուծություն
Մեկնաբանությունները փակ են: