«Կարամելի Հարութը» ինքնասպան է եղել նախկին ոստիկանապետ Ալիկ Սարգսյանի նվիրած մարտական ատրճանակով. ՏԵՍԱՆՅՈՒԹ

Oct 08, 2018 Comments Off on «Կարամելի Հարութը» ինքնասպան է եղել նախկին ոստիկանապետ Ալիկ Սարգսյանի նվիրած մարտական ատրճանակով. ՏԵՍԱՆՅՈՒԹ

SHAMSHYAN.com-ի տեղեկություններով՝ հոկտեմբերի 7-ին Կոտայքի մարզի Զովունի գյուղի քարի արտադրամասի վարչական շենքի 2-րդ հարկում «Պ.ԲԵՐԵՏՏԱ» տիպի, 6.35 մմ տ/չ տիպի մարտական ատրճանակով ինքնասպանություն գործած Երևան քաղաքի Թումանյան փողոցի բնակիչ՝ «Կարամելի Հարութ» մականվամբ 59-ամյա Հարություն Ղարագյոզյանին նշված զենքը որպես պարգևատրում՝ հանձնվել է ՀՀ ոստիկանապետի կողմից։ Ինչպես հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, զենքը տրվել է 2009 թվականին ՀՀ ոստիկանության այն ժամանակվա պետ Ալիկ Սարգսյանի կողմից։ Ֆոտոլրագրողի տեղեկություններով՝ ատրճանակը, որով սպանվել է Ազգային ժողովի նախկին պատգամավոր, «Յուվեցի Կարո» մականվամբ Կարո Կարապետյանը, Հ. Ղարագյոզյանին որպես պարգևատրված զենք, տրվել է ՀՀ նախկին վարչապետ, երջանկահիշատակ Անդրանիկ Մարգարյանի կողմից։ Ավելի վաղ հայտնել էինք, որ SHAMSHYAN.com-ի տեղեկություններով՝ հոկտեմբերի 7-ին Կոտայքի մարզի Զովունի գյուղի վարչական տարածքում գտնվող քարի արտադրամասերից մեկի վարչական շենքի 2-րդ հարկի հյուրասենյակում հայտնաբերվել էր Ազգային ժողովի նախկին պատգամավոր՝ «Կարամելի Հարութ» մականվամբ Երևան քաղաքի բնակիչ Հարություն Ղարագյոզյանի դին:

Ինչպես դեպքի վայրից հայտնել էր ֆոտոլրագրողը, նշված վայր էին ժամանել ոստիկանության Երևան քաղաքի վարչության օպերատիվ խումբը՝ վարչության պետ Գարիկ Ղուկասյանի և Հայաստանի քննչական կոմիտեի Երևան քաղաքի քննչական վարչության պետ Ջոն Ֆարխոյանը, նույն վարչության Աջափնյակ և Դավիթաշեն վարչական շրջանների մեծ թվով քննիչներ՝ բաժնի պետ Սահակ Գրիգորյանի գլխավորությամբ: Տեղում էին նաև ոստիկանության Կոտայքի մարզային վարչության պետ Արամ Հովհաննիսյանը, ոստիկանության Եղվարդի բաժնի պետ Դավիթ Գևորգյանը, ոստիկանության Դավիթաշենի բաժանմունքի պետ Վահրամ Ենոքյանը: Նշված վայրում աշխատել էին նաև մեծ թվով քննիչներ: Ոստիկաններն ու քննիչները բազմոցի վրա հայտնաբերել էին Հ. Ղարագյոզյանի դին՝ ձեռքին էլ ոսկեգույն ատրճանակ: Ըստ նախնական տեղեկությունների՝ նա ինքնասպան էր եղել: Սպասում էին, որպեսզի դեպքի վայր ժամանեին Հայաստանի քննչական կոմիտեի Կոտայքի մարզային քննչական վարչության քննիչները՝ վարչոթւյան պետ Մհեր Վադանյանի գլխավորությամբ: Ինչպես ավելի վաղ հայտնել էր ֆոտոլրագրողը, Հ. Ղարագյոզյանը կասկածվում էր Ազգային ժողովի նախկին պատգամավոր «Յուվեցի Կարոյի» սպանության և մեկ հոգու էլ հրազենային վնասվածք պատճառելու մեջ:

Ծանուցում. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով:

Գլխավոր Թողարկում, Դեպքեր և իրադարձություններ
Մեկնաբանությունները փակ են: