Ինչպե՞ս է լինում, որ Բելառուսում գազը 5 անգամ ավելի էժան է, քան Հայաստանում. հետաքրքիր աղյուսակ

Oct 12, 2018 Չի մեկնաբանվել

«Իրազեկ քաղաքացիների միավորումը»  մոտ երկու տարի առաջ հրապարակել էր ԵՄ Արևելյան գործընկերության անդամ հետխորհրդային 6 հանրապետություններում գործող գազի սակագների համեմատական աղյուսակը:

Ըստ այդմ, ստացվում է, որ Հայաստանի բնակիչները ռուսական գազի դիմաց վճարում են մոտավորապես նույնքան, որքան նույն ռուսական գազի դիմաց վճարում են Ուկրաինայում՝ ի հեճուկս ռուս-ուկրաինական սրված հարաբերությունների և այն հանգամանքի, որ Ուկրաինան, ի տարբերություն Հայաստանի, գազի ներմուծման այլընտրանք չունի:

Հայաստանից ավելի թանկ է բնական գազը Մոլդովայում, ինչը պայմանավորված է այն հանգամանքով, որ Մոլդովա ռուսական գազը հասնում է բավականին երկար տրանզիտի միջոցով: Իսկ ահա Ռուսաստանի դաշնակից Բելառուսի բնակիչները, ձմռան ամիսներին, բնական գազի դիմաց վճարում են հայաստանցիներից 6-7 անգամ քիչ:

region-capture

*-Գոյություն ունի Հայ-Իրանական  «գազ էլեկտրականության դիմաց» բարտերային պայմանագիրը, ըստ որի Իրանից եկող գազը վերածվում է էլեկտրաէներգիայի Երևանի ՋԵԿ-ում և մեծ մասը վերադառնում է Իրան: Հետևապես իրանական գազը որևէ ներդրում չունի ՀՀ-ում բնական գազի գնագոյացման մեջ:

**-Վրաստանի գազային պահանջները հիմնականում բավարարում է Ադրբեջանը, սակայն լինելով գազի տարանցիկ երկիր Վրաստանը որպես վճար ստանում է Հայաստան մատակարարվող ռուսական գազի 12%-ը:

***-Ադրբեջանը գազ արտահանող երկիր է, սակայն ներքին դեֆիցիտը բավարարելու համար ստիպված է ներկրել ռուսական գազ: Այն կազմում է տարեկան մոտ 2 մլրդ. խորանարդ մետր:

****-Բելառուսում գազի նշված սակագինը գործում է ձռան ամիսներին: Բացի այդ, սոցիալական որոշ խմբերի համար գործում են լրացուցիչ սուբսիդիաներ:

Ժամանակին հրապարկված այց ցուցակն այսօր նույնքան արդիական է, որքան այն ժամանակ երբ հրապարկվել էր, քանի որ ներկայում, ինչպես հայտնի է  Հայաստանի վարչապետի հանձնարարությամբ  ստեղծված էլեկտրաէներգիայի և գազի սակագնի ստուգումն իրականացնող աշխատանքային խումբը ուսումնասիրում է սակագնի նվազեցման հնարավրությունը: Աշխատանքային խումբը եկել է այն եզրակացության, որ  գազի ներկայիս սակագինը կարելի է նվազեցնել առնվազն 10 տոկոսով: Աշխատանքային խմբի անդամ, էներգետիկայի ոլորտի փորձագետ Էդուարդ Արզումանյանը` ներկայացնելով 2 ամսում գազի գնի ուսումնասիրության նախնական արդյունքները և դրա նվազեցման  հնարավորությունները հայտարարել է, որ համապատասխան  եզրակացությունը ներկայացվել է ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանին

«Առկա են ռիսկեր ներդրումային ծրագրերի արդյունավետության և դրանց արդյունքների մասով: Այդ ծրագրերը կատարվել են անարդյունավետ, տեղի է ունեցել ծախսերի արհեստական ավելացում, ինչն ուղղակիորեն ազդել է գազի սակագնի վրա: Այսինքն` սակագնում ներառվող ծախսերի մեթոդաբանությունը ներդրումների վերաբերյալ չի ապահովել գնագոյացումը, ընդհակառակը` անտեսվել են սպառողների շահերը»,- նշել է Է.Արզումանյանը՝ հավելելով, որ  չի եղել նաև պատշաճ պետական վերահսկողություն:

Աշխատանքային խմբի նախնական եզրակացության համաձայն` ներկայումս Հայաստանի համակարգում բնական գազի ընդհանուր կորուստները «Գազպրոմ Արմենիա» ՓԲԸ-ի կողմիցչափազանց մեծ են ներկայացված` տարեկան միջինը մոտ 140-150 միլիոն խորանարդ մետր, ինչն իրականում անհնարին է:

Վարչապետի հանձնարարությամբ ստեղծված` էլեկտրաէներգիայի և գազի սակագնի ստուգումն իրականացնող աշխատանքային խմբի անդամը հավելեց նաև, որ անհրաժեշտ է գազի կորուստների հաշվարկի վերանայում՝ այն մոտեցնելով միջազգային, այդ թվում` ռուսական փորձին:Վերը ներկայացված աղուսյակը որոշակի պատկերացում տալիս է ոչ միայն ռուսական, այլ ետխորհրադային երկների  փորձի մասին: Մնում է սպասել փորձի տեղայնացման արդյունքներին և հիմնավոր բացատրել, թե ինչպես է լինում, որ ԵԱՏՄ անդամ Բելառուսում գազը 5 անգամ ավելի էժան է, քան նույն միությանն անդամակցող Հայաստանում:

Հայկ Դավթյան

Հ. Գ. Հոդվածն արդեն հրապարկված էր, երբ Հանրային ծառայությունները կարգավորող հանձնաժողովը պաշտոնական հաղորդագրություն տարածեց, որտեղ մասնավորապես նշվում է. « «Գազպրոմ Արմենիա» ՓԲԸ-ի կողմից անարդյունավետ ներդրումներ, ծախսեր իրականացնելու, խաղատուն, հանգստյան տուն կառուցելու և դրանք բնական գազի սակագներում ներառելու մասին: Իրականում՝ ինչպես ներդրումային, այնպես էլ շահագործման և պահպանման ծախսերը ՀՀ հանրային ծառայությունները կարգավորող հանձնաժողովի կողմից մանրամասն ուսումնասիրվում և վերլուծվում են, ինչի արդյունքում, համաձայն գործող մեթոդիկաների, սակագներում ներառվում են միայն ընկերության լիցենզավորված գործունեությանն առնչվող և հիմնավորված ծախսերը։ Նշված ամբողջ գործընթացը, մինչև սակագների սահմանումը, անցնում է բաց և թափանցիկ ընթացակարգով և ներկայացվում է հանրության քննարկմանը:

Էլեկտրական էներգիայի սակագները 10 դրամ/կՎտժ-ով իջեցնելու մասին հայտարարությունը նույնպես անհիմն է, քանի որ էլեկտրաէներգետիկական համակարգի ընկերությունների սակագներում ներառվում են միայն լիցենզավորված գործունեությանն առնչվող և հիմնավորված ծախսերը՝ վերը նշված սկզբունքներին և մեթոդիկաներին համաձայն: Անհրաժեշտ ենք համարում նշել նաև, որ էլեկտրական էներգիայի սահմանված սակագները և դրանց հաշվարկման մեթոդիկաները, դեռ 2016 թվականին, անցել են միջազգային աուդիտ, համաշխարհային վարկանիշային ցուցակի լավագույն քառյակում տեղ զբաղեցրած «Դելոյթ ընդ Տուշ» միջազգային խորհդատվական ընկերության կողմից: «Դելոյթ ընդ Տուշ»-ը եզրակացրել է, որ սակագների գործող մեթոդիկաները համապատասխանում են միջազգային լավագույն չափորոշիչներին, և սահմանաված սակագները ճիշտ են հաշվարկված:

Ուստի, բնական գազի և էլեկտրաէներգիայի սակագների շուրջ հայտարարություններ անելուց առաջ անհրաժեշտ է նախ խնդիրը խորությամբ ուսումնասիրել և ծագած հարցերը քննարկել ՀՀ հանրային ծառայությունները կարգավորող հանձնաժողովի հետ, ինչի արդյունքում հայտարարություններ անողները չեն ձևավորի սխալ հանրային կարծիք ու զերծ կմնաին հիմնազուրկ եզրահանգումներից»։

Կարինե Մանուկյան

Գլխավոր Թողարկում, Լուրեր, Վերլուծություն
Անդրադարձներ չկան to “Ինչպե՞ս է լինում, որ Բելառուսում գազը 5 անգամ ավելի էժան է, քան Հայաստանում. հետաքրքիր աղյուսակ”

Մեկնաբանել