Զանգ Եվրոպայից. իսկ ինչպե՞ս են իրենց զգում  տեղացի գործարարները

Sep 29, 2018 Comments Off on Զանգ Եվրոպայից. իսկ ինչպե՞ս են իրենց զգում  տեղացի գործարարները

Հայաստանում ԵՄ պատվիրակության ղեկավար, դեսպան Պյոտր Սվիտալսկին հայտարարել է, որ Հայաստանում տեղի ունեցած ներքաղաքական փոփոխություններն առաջընթացի հզոր խթան են դիտարկվում:

«Տեսնում ենք, որ նոր կառավարության համար շատ կարևորվում են բազմաթիվ առաջնահերթություններ: Դա ինքին դառնում է  շատ հզոր մի լծակ՝ առևտրի և ներդրման մեջ ավելի լավ հարաբերություններ զարգացնելու համար: Ես, մասնավորապես, խոսում եմ  կոռուպցիայի վերացմանն առնչվող խնդիրների մասին»,-նշել է Սվիտալսկին ու ավելացրել, որ կոռուպցիան օտարերկրյա ներդրումների ամենամեծ խոչընդոտն է:

Նրա կարծիքով՝ դրա հաղթահարումը ակնհայտորեն կօգնի Հայաստանին գտնել նոր բիզնես գործընկերներ : Կոռուպցիայի հաղթահարումը երաշխիքներ կտա ԵՄ գործընկերներին, որպեսզի նրանք  ավելի շահագրգռված լինեն Հայաստանում բիզնես-կապերի նախաձեռնման համար: Դեսպանն առանձնացրել է նաև ՀՀ կառավարության երկրորդ կարևոր առաջնահերթությունը՝ դատաիրավական համակարգի անկախությունը: «Դա նույնպես հզոր գործընկեր է առևտրային գործունեության զարգացման տեսակետից: Դա հնարավորություն է տալիս զգալ անվտանգություն, ապահովություն… Ռազմավարական մակարդակի վրա, այն առաջնահերթությունները, որը հայտարարել է  ներկայիս ՀՀ կառավարությունը, իրոք բավարարում են առևտրի և ներդրումների զարգացման շահերին»,-նշել է Սվիտալսկին:

Երկու օր առաջ վարչապետի խորհրդական Մեսրոպ Առաքելայնը ՖԲ-ում գրառում էր կատարել, որ ներդրումային միջավայրի բարելավմանն առաջին արձագանքում են տեղական ներդրողները, որը նաև ազդակ է օտարերկրյա ներդրողների համար: «Տեղական ներդրողների կողմից վերջին երեք ամիսների ընթացքում կառավարություն է ներկայացվել ներդրումային ծրագրերի գծով 13,9 մլրդ փաստացի ծրագիր, որոնց գծով ստացել են արտոնություններ: Սրանք ներառում են միայն սարքավորումների և հումքի գծով ներդրումների ծավալները, որոնք փաստացի կատարվում են և ոչ թե դեռ քննարկումների և խոստումների մակարդակում են:
Արդյունքում, ներդրումային ծրագրերի ծավալը նախորդ տարվա նույն ժամանակահատվածի համար ավելացել է ավելի քան 2 անգամ »,- նշել էր Փաշինյանի խորհրդականը: Փաստորեն 13,9 մլրդ դրամը, որը համարժեք է մոտ 30 մլն դոլարի ներդրումը հեղափոխության եզակի փաստական արդյունքներից է:

Գործատուների միության նախագահ Գագիկ Մակարյանը կարծիք էր ահյտնել, թե այդ ներդրումների համար հարկային արտոնություններ են տրվել և դրանց շնորհիվ կարող է ստեղծվել 500-700 աշխատատեղ, որը Հայաստանում առկա վատթար իրավիճակի վրա գրեթե ազդեցություն չի ունենա: Հայաստանին անհրաժեշտ են անհամեմատ ավելի լուրջ ներդրումներ և ավելի շատ աշխատատեղեր: Ակնհայտ է, որ  օտարերկրյա ներդնողները Հայաստանում գործ դնելուց առաջ անպայման փորձելու են հետաքրքվել՝ ինչպե՞ս են զգում իրենց տեղացի գործարարները: Այս հարցի պատասխանը անհամեմատ ավելի կարևոր է, քան վարչապետի հավաստիացումները, թե մեր երկրում այլևս մենաշնորհ, չկա կոռուպցիա, չկան բիզնեսին և ներդրումներին խոչընդոտող հանգամանքներ:

 

Հայկ Դավթյան

Գլխավոր Թողարկում, Լուրեր, Վերլուծություն
Մեկնաբանությունները փակ են: