ՀՀԿ-ի կազմաքանդումը մտնում է գործնական փուլ

Sep 28, 2018 Comments Off on ՀՀԿ-ի կազմաքանդումը մտնում է գործնական փուլ

Գեղարքունիքի մարզի Ներքին Գետաշեն, Դդմաշեն և Մաքենիս համայնքներում 2018 թվականի հոկտեմբերի 21-ին կայանալու են համայնքի ղեկավարի հերթական ընտրություններ:  «Արմենպրես»-ի փոխանցմամբ՝ Գեղարքունիքի մարզի թիվ 20 և 21 տարածքային ընտրական հանձնաժողովից տեղեկացրել են, որ այս համայնքների ղեկավարի պաշտոնում կրկին իրենց թեկնածություններն են առաջադրել գործող գյուղապետեր Ավետիս Ավետիսյանը, Հարություն Մանուկյանը և Կարո Գևորգյանը:

Ի տարբերություն նախորդ ընտրաշրջանի՝ այս անգամ նրանք արդեն չեն ներկայացնում ՀՀԿ-ն, ոչ էլ որևէ այլ կուսակցություն, և իրենց թեկնածություններն առաջադրել են ինքնաառաջադրման կարգով: Դդմաշենում համայնքի գործող ղեկավարի հետ կմրցակցի անկուսակցական, «Սևան ազգային պարկ»-ի տեսուչ Սերգեյ Սերգոյանը: Մաքենիսում համայնքի գործող ղեկավարի հետ կմրցակցեն անկուսակցականներ Ռազմիկ Ավետիսյանը և Գոռ Նաջարյանը, Ներքին Գետաշենում՝ անկուսակցական, «Մարտունիշին» ԲԲԸ տնօրեն Սպարտակ Գորանցյանը և Ներքին Գետաշենի համայնքապետարանի աշխատակազմի քարտուղար, ՀՀԿ անդամ Ռուբեն Զուլոյանը:

Փաստորեն, սրանք կոնկրետ դեպքեր են, երբ նախկին ՀՀԿ-ական գյուղապետերը հրաժարվել են իրենց կուսակացական տոմսերից և այժմ էլ փորձում են նոր իշխանության հետ աշխատելու ճանապարհներ գտնել: Տեսականորեն բացառված չէ, որ այս մարդկանցից որոշները անձնական հեղինակության հաշվին իրենց համայնքներում կկարողանան ստանալ ձայների մեծամասնություն և կշարունակեն պաշտոնավարել: Այս դեպքում կստացվի, որ նոր Հայաստանի իշխանությունները ստիպված են լինելու համագործակցել այն նույն մարդկանց հետ, ում վրա հենվում էր նաև նախորդ վարչակարգը: Հետաքրքիրն այստեղ կուսակցությունից հրաժարվելու իրողությունն է: ՀՀԿ-ական գյուղապետերը նախկին իշխանության տեղական մարմնացումներն են եղել. նրանց միջոցով տարիներ շարունակ իշխանությունը իրականացրել է վերարտադրության և ընտրությունների կեղծման արատավոր գործողությունները: Ասվածից չի կարելի հետևություն անել, թե ՀՀԿ-ական բոլոր գյուղապետերն անխտիր հանցագոծներ, կաշառակերներ ու ընտրակեղծարարներ են: Անշուշտ նրանց մեջ կան նաև պարկեշտ, հայրենասեր ու օրինապահ մարդիկ, ովքեր իրավամբ արժանի են շարունակելու իրենց գործը: Բայց հատկանշականն այստեղ ՀՀԿ-ից հրաժարվելու հանգամանքն է:

Ստացվում է, որ այդ նույն մարդիկ, ովքեր նախկին իշխանությանը ծառայում էին որպես ՀՀԿ-ական գյուղապետեր, այժմ կծառայեն նոր իշխանությանը նախ որպես անկուսակցական, իսկ հետագայում գուցե համալրեն այս պահի իշխող ուժի՝ Քաղաքացիական պայմանագիր կուսակցության շարքերը: Այդ դեպքում ո՞րն է  հեղափոխության իմաստը, ի՞նչ տարբերություն կա հեղափոխական և հետհեղափոխական Հայաստանի իրողությունների միջև: Նախկինում ստեղծված էր արատավոր մի համակարգ, երբ համայնքապետ, դպրոցի տնօրեն և անգամ ուսուցիչ աշխատելու համար ՀՀԿ-ական դառնալը պարտադիր էր: Ֆորմալ առումով, իհարկե, նման պարտադրանք չկար, բայց կար վիճակագրություն, որը տալիս էր բոլոր հարցերի պատասխանը: Հայաստանում համայնքների ղեկավարների շուրջ 90 տոկոսը ՀՀԿ-ականներ էին: Հիմա ևս ֆորմալ առումով չկա որևէ պարտադրանք ՀՀԿ-ից հեռանալու, բայց նորից կա իրողություն, որ  համայնքապետերը, ուսումնական հաստատությունների ղեկավարները լքում են ՀՀԿ-ն: Եթե ժամանակին ՀՀԿ-ական լինելը օգնող հանգամանք էր, ապա այժմ խանգարում է. ուզենք թե չուզենք՝ սա քաղաքական պարտադրանքի յուրօրինակ դրսևորում է: Մյուս կողմից նաև ՀՀԿ-ի կազմաքանդման գործնական փուլը, որն այժմ ակտիվորեն ընթանում է, պետք է յուրօրինակ դաս լինի ներկա իշխանության համար, որպեսզի չգնան բոլոր համակարգերը կուսակցականացնելու նախկիններից ավանդված ճանապարհով: Սա ի սկզբանե դատապարտելի, անփառունակ և ոչ մի տեղ չտանող ճանապարհ է:

 

Հայկ Դավթյան

 

Գլխավոր Թողարկում, Լուրեր, Վերլուծություն
Մեկնաբանությունները փակ են: