ՌԴ-ից ՀՀ ներկրվող գազի սակագնի նվազեցման հարց երկու կողմերը դեռ չեն քննարկում. ՀՀ վարչապետի գլխավոր խորհրդական

Sep 25, 2018 Comments Off on ՌԴ-ից ՀՀ ներկրվող գազի սակագնի նվազեցման հարց երկու կողմերը դեռ չեն քննարկում. ՀՀ վարչապետի գլխավոր խորհրդական

  Sputnik Արմենիա միջազգային մուլտիմեդիոն կենտրոնում տեղի ունեցած Երևան-Մոսկվա-Աստանա-Մինսկ տեսամիացման ընթացքում ՀՀ վարչապետի գլխավոր խորհրդական Արսեն Գասպարյանն ասաց որ Ռուսաստանից Հայաստան ներկրվող գազի սակագնի նվազեցման մասին խոսելը դեռ շուտ է, սակայն հարցը ներառված է երկկողմ հարաբերությունների օրակարգում:

«Գազի ու էներգետիկայի խնդիրը հայ-ռուսական օրակարգի հիմնական հարցերից մեկն է։ Գազի հետ կապված հարցերը մշտապես մեր երկկողմ քննարկման տիրույթում են։ Այսօր դեռ շուտ էխոսել գների նվազեցման մասին։ Եթե լինեն փոփոխություններ, մեր հասարակությունն, իհարկե, կիմանա այդ մասին»,- ասաց նա:
Լրագրողները Գասպարյանից հետաքրքրվեցին` արդյոք Հայաստանի Հանրապետությունը քայլեր կձեռնարկի՞, որպեսզի «Զվարթնոց» օդանավակայանն նվազեցնի օտարերկրյա փոխադրողների համար սահմանված սակագները:

«Զվարթնոց» օդանավակայանը մասնավոր է, բայց մենք քննարկում ենք գնային քաղաքականության հարցը Քաղավիացիայի պետական կոմիտեի հետ ու փորձում լուծել այն:Հուսով եմ, կարճ ժամանակում կկարողանանք այդ խնդիրը լուծել, որովհետև նաև հետաքրքրված ենք Հայաստանում զբոսաշրջության զարգացմամբ, որի շահերը համընկնում են գների իջեցման հետ»,- նշեց ՀՀ վարչապետի գլխավոր խորհրդականը:

Բելառուս լրագրողներին հետաքրքրեց նաև այն հարցը, թե արդյոք Հայաստանը պատրա՞ստ է իրենց աջակցել Մեղրիի տարածքով Իրանի հետ համագործակցության հարցում:

«Եթե մեր բելառուս գործընկերները ցանկանում են առևտրաշրջանառություն սկսել Իրանի հետ, մենք պատրաստ ենք եռակողմ քննարկել այդ հարցերը: Իրանը մեր հարևանն է, որի հետ ընկերական հարաբերություններ ունենք, և այդ հարցում խնդիր չենք տեսնում»,- ասաց Գասպարյանը:

Վարչապետի գլխավոր խորհրդականը նշեց, որ Հայաստանը նաև Ղազախստանի հետ տարբեր ուղղություններով համագործակցության մեծ հեռանկար ունի, որն էլ պետք է օգտագործել:

Գլխավոր Թողարկում
Մեկնաբանությունները փակ են: