«Արագ ու ճիշտ զարգացման մեր միակ շանսը Ազգային Ժողովի նոր ընտրություններն են». Կարեն Անդրեասյան

Sep 25, 2018 Comments Off on «Արագ ու ճիշտ զարգացման մեր միակ շանսը Ազգային Ժողովի նոր ընտրություններն են». Կարեն Անդրեասյան

Մարդու իրավունքների նախկին պաշտպան Կարեն Անդրեասյանը ֆեյսբուքյան իր էջում գրել է.

«Արագ ու ճիշտ զարգացման մեր միակ շանսը Ազգային Ժողովի նոր ընտրություններն են:

Ընդ որում՝ որքան շուտ, այնքան լավ, քանի որ.

1. Ընտրությունները դարձյալ կանցնեն բացառիկ ազատ ու արդար, քանի որ ներկայումս գործադիր իշխանությունը չունի ընտրությունները կեղծելու ոչ կարիքը, ոչ էլ ցանկությունը:

2. Դատական համակարգը անտեր է, բայց ոչ անկախ: Ծայրաստիճան կոռումպացված տասնյակ դատավորներ դեռ պաշտոնավարում են, իսկ խորհրդարանի անառողջ վիճակը թույլ չի տալիս ԲԴԽ-ի և այլ իրավական մեխանիզմների միջոցով մաքրել այլանդակված ու ախոռացած դատարանները:

3. Անորոշությունից ծանր վիճակում հայտնված ու պարալիզացված տնտեսությունը շանս կստանա աշխուժանալու: Գործադիր իշխանության տարվող աշխատանքը միայն այդ պարագայում կբերի մարդկանց համար շոշափելի եկամուտներ:

4. Իրավաքաղաքական ներկայիս աբսուրդ վիճակը կվերանա: Երբ կառավարությունը ղեկավարում է մի ուժ, իսկ խորհրդարանում մեծածասնություն են հակոտնյա ուժերը, պետական կառավարումը դառնում է ահավոր անարդյունավետ:

5. Ներկայիս իշխանությունը կարիք ունի նոր ու առողջ ընդդիմության: Խորհրդարանական արտահերթ ընտրությունների հրատապությունը նաև այդ նպատակի համար է:

6. Ի վերջո ժողովուրդը վերջնականապես կազատվի սրտնխառնոց առաջացնող նախկին բազմաթիվ դեմքերից և հնարավորություն կունենա շատ հստակ պահանջներ դնել իր ներկայիս կառավարիչների առաջ:

Ահա միայն վեց ակնհայտ պատճառ, թե ինչու է ժողովրդի համար վնասակար ներկայիս Ազգային ժողովի գործունեության ամեն մի լրացուցիչ օրը: Այս պատճառներն ու հիմքերը կարելի է դեռ շատ երկար շարունակել…»:

Գլխավոր Թողարկում
Մեկնաբանությունները փակ են: