Մնում է ամեն ինչ չփչացնել

Sep 26, 2018 Comments Off on Մնում է ամեն ինչ չփչացնել

Հայաստանում տեղի ունեցած ներքաղաքական փոփոխությունները ԵՄ-ում դիտարկում են որպես հզոր առաջընթաց՝ առևտրային հարաբերությունների, ներդրումների զարգացման համար, Հայաստանում ԵՄ պատվիրակության ղեկավար, դեսպան Պյոտր Սվիտալսկին այս մասին ասել է ԵՄ-ՀՀ գործընկերության կոմիտեի առևտրի հարցերով առաջին նիստին Հայաստանում:

«Հայաստանում տեղի ունեցած ներքաղաքական փոփոխությունները ևս մեր կողմից դիտարկվում են որպես հզոր խթան, առաջընթաց: Տեսնում ենք, որ նոր կառավարության համար շատ կարևորվում են բազմաթիվ առաջնահերթություններ: Դա ինքին դառնում է շատ հզոր մի լծակ՝ առևտրի և ներդրման մեջ ավելի լավ հարաբերություններ զարգացնելու համար: Ես, մասնավորապես, խոսում եմ կոռուպցիայի վերացման խնդիրների մասին»,-ասել է Սվիտալսկին ու հավելել՝ կոռուպցիան ամենուրեք է ամենամեծ խոչընդոտը օտարերկրյա ներդրումների համար:

Իսկ ՄԱԿ-ի Գլխավոր քարտուղար Անտոնիո Գուտերեշ ՄԱԿ-ի ֆեյսբուքյան էջի ուղիղ եթերում հարցազրույցում, խոսելով աշխարհում ավտորիտարիզմի աճի մասին և պատասխանելով հարցին, թե ինչ խորհուրդ կտա սովորական քաղաքացիներին, ասել է․ «Իսկապես, մենք տեսնում ենք, որ բռնատիրությունն աճում է։ Եվ կարևոր է վերափոխվել քաղաքացիական հասարակության։ Կարևոր է, որ լինեն մարդիկ և մասնավորապես՝ երիտասարդներ, որ կարող են միավորվել և ցույց տալ, թե ժողովրդավարությունը, ազատությունը, մարդու իրավունքները որքան կարևոր են մեր հասարակությունների համար։ Վերջերս մենք Հայաստանում խաղաղ անցման հրաշալի օրինակ ունեցանք, որ առաջ էին տանում երիտասարդները։ Այնտեղ խաղաղ կառավարման անցում եղավ, որ առաջնորդվում էր երիտասարդական շարժման կողմից։ Սրանք հրաշալի օրինակներ են՝ ցույց տալու, որ կան պատճառներ, որպեսզի հուսանք, որ երիտասարդ սերունդը կկարողանա ավելին անել, քան իմ սերունդը»:

Երևանի ավագանու արտահերթ ընտրությունները, ինչպես երևում է, մեծ ոգևորություն են առաջացրել միջազգային ատյաններում, Փաշինյանի կառավարության վրա մեծ պատասխանատվություն կա՝ ամեն ինչ չփչացնելու հարցում:

Միջազգային մամուլն ակտիվորեն քննարկում է Երևանում կայացած ընտրությունները: Reuters գործակալությունը, անդրադառնալով Երանի ավագանու արտահերթ ընտրությունների արդյունքներին, գրել է, որ Երևանի քաղաքապետ է ընտրվել Հայաստանում հայտնի դերասանը, որ մարմնավորել է ամենատարբեր դերեր՝ տանջահար հորից մինչև խանութպան, դառնում է քաղաքապետ: Գործակալությունը նշում է, որ Երևանի ավագանու ընտրություններն անցկացվել են այն բանից հետո, երբ հրաժարական է տվել Տարոն Մարգարյանը՝ ընդգծելով, որ վերջինս նախկին իշխող կուսակցության անդամ է, ով հրաժարական է ներկայացրել իր կուսակցության՝ իշխանությունից հեռանալուց երկու ամիս հետո: «Նախկին ընդդիմադիր Նիկոլ Փաշինյանը վարչապետ ընտրվեց այն բանից հետո, երբ մի քանի շաբաթ տևած բողոքի զանգվածային ցույցերից հետո Հանրապետական կուսակցությունը հեռացավ իշխանությունից: Դրա հետևեցին Տարոն Մարգարյանի հրաժարականի պահանջով մի քանի բողոքի ցույցերը: Հանրապետական կուսակցությունը չի մասնակցել սեպտեմբերի 23-ին կայացած ընտրություններին»,- եզրափակում է գործակալությունը:

Երևանի ավագանու ընտրություններին անդրադարձել է France24 հեռուստաալիքը՝ նշելով, որ Հայաստանի նոր բարեփոխիչ վարչապետ Նիկոլ Փաշինյանի քաղաքական ուժը Երևանի ավագանու ընտրություններում տպավորիչ հաղթանակ է տարել, որն ընդունվել է որպես նրան տրված վստահության քվե այն բանից հետո, երբ բողոքի ցույցերի արդյունքում նա եկավ իշխանության: «Քաղաքային ավագանու ընտրությունները Նիկոլ Փաշինյանի ռեֆորմիստական շարժման համար առաջին փորձությունն էր այն բանից հետո, երբ բողոքի զանգվածային ցույցերի արդյունքում Սերժ Սարգսյանը հեռացավ, իսկ 43-ամյա Նիկոլ Փաշինյանը եկավ իշխանության»: Հեռուստաալիքը նաև նշում է, որ Հայաստանի խորհրդարանում մեծամասնություն են կազմում երկրի նախկին ղեկավար Սերժ Սարգսյանի կողմնակիցները՝ նշելով, որ Փաշինյանն ունի ժողովրդի աջակցության կարիքը՝ խորհրդարանական արտահերթ ընտրություններ անցկացնելու համար:

Eurasianet.org կայքը, անդրադառնալով Երևանի ավագանու արտահերթ ընտրությունների արդյունքներին, գրում է, որ ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի շուրջ համախմբված դաշինքը հաղթանակ է տարել Երևանի ավագանու ընտրություններում: «Սա առաջին ընտրություններն էին այն բանից հետո, երբ Փաշինյանը գարնանը եկավ իշխանության և խոստացավ բարեփոխել ընտրական համակարգը: Արդյունքները, ինչպես երևում է, արդար են և վստահության զգալի քվե Փաշինյանի իշխանությանը»,- գրում է կայքը: Լրագրողը նկատում է, որ քվեարկությունը տեղի է ունեցել ընտրակաշառքը քրեականացնող նոր օրենքի պայմաններում:

BBC-ն գրում է, որ մայիսյան իշխանափոխությունից հետո սա Նիկոլ Փաշինյանի գլխավոր փորձն էր խորհրդարանական ընտրություններից առաջ: Ավագանու ընտրություններում փառահեղ հաղթանակը կարող է Փաշինյանին հնարավորություն տալ ցրել խորհրդարանը, բացի այդ, դա կթեթևացնի արտահերթ ընտրություններ անցկացնելու գործը, կարծում են BBC-ի զրուցակիցները:

Xinhua գործակալությունը գրում է, որ իշխող ուժը ապշեցուցիչ մեծամասնություն է հավաքել ընտրություններում, և դարձյալ ուշադրություն է հրավիրում ընտրված քաղաքապետի կարիերայի վրա: Գործակալությունը նկատում է, որ սա նախկին լրագրող և ընդդիմադիր Նիկոլ Փաշինյանի առաջին ընտրական փորձությունն էր: Երկու տասնամյակի ընթացքում առաջին անգամ բոլոր տեղական և օտարերկրյա դիտորդները ընտրություններն անվանում են արդար և ազատ՝ լիարժեք համապատասխան ժողովրդավարական չափանիշներին, գրում է Georgia Today պարբերականը:

Մետաքսյա Շալունց

Գլխավոր Թողարկում, Վերլուծություն
Մեկնաբանությունները փակ են: