Ինչ կպայմանավորվեն այսօր Պուտինն ու Ալիևը

Sep 26, 2018 Comments Off on Ինչ կպայմանավորվեն այսօր Պուտինն ու Ալիևը

Ռուս-ադրբեջանական միջտարածաշրջանային ֆորումի շրջանակներում այսօր Բաքու է մեկնում Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինը։ Ռուսաստանի Պետդումայի ԱՊՀ հարցերով հանձնաժողովի ղեկավար Լեոնիդ Կալաշնիկովն այս մասին հայտարարել էր դեռ անցած շաբաթ՝ Բաքվում տեղի ունեցած մամուլի ասուլիսի ժամանակ։

Կալաշնիկովը նաև ասել էր, որ Բաքվում լինելու են լուրջ պայմանավորվածություններ, նախատեսվում է նաև մի շարք փաստաթղթերի ստորագրում։

Ռուսաստանի Դաշնային խորհրդի ղեկավարի տեղակալ Իլյաս Ումախանովը հայտարարել է, որ Պուտինի այցը Բաքու կարևոր այց է լինելու։

Ադրբեջանի Միլի մեջլիսի պատգամավոր Ասիմ Մոլազադեն իր հերթին հայտարարել է, թե այցի շրջանակում, ամենայն հավանականությամբ, կքննարկվեն ռազմատեխնիկական համագործակցության հարցեր՝ ռուսական զենքի շուրջ նոր համաձայնագրի հարցը, ռազմատեխնիկական համագործակցության նոր ուղղություններ։

Ադրբեջանցի պատգամավորը նաև հույս է հայտնել, որ Ռուսաստանը կօգտագործի իր ազդեցությունը ղարաբաղյան խնդրի կարգավորման համար։

Բաքու այցից հետո երկու երկրների ղեկավարներն այցելելու են Դուշանբե, որտեղ սեպտեմբերի 28-ին տեղի է ունենալու ԱՊՀ երկրների գագաթնաժողովը։

Նշենք, որ վերջին անգամ Ռուսաստանի և Ադրբեջանի նախագահները հանդիպել են սեպտեմբերի 1-ին՝ Սոչիում։ Ալիևը Սոչի էր այցելել մեծ պատվիրակությամբ և ստորագրվել էին մի շարք փաստաթղթեր։ Սոչիում համատեղ ասուլիսին Ալիևը խոսել էր ռուս-ադրբեջանական ռազմատեխնիկական արդյունավետ համագործակցության մասին՝ նշելով, թե վերջին տարիներին Ադրբեջանը շուրջ 5 միլիարդ դոլարի սպառազինություն է գնել Ռուսաստանից։

Պուտինի այցի օրերին Ադրբեջանում անցնելու է նաև ռազմական ցուցահանդես, որտեղ ներկայացված է լինելու նաև ռուսական ռազմական տեխնիկան։

Ինչ կարևոր պայմանավորվածություններ ձեռք կբերվեն՝ հայտնի կլինի, թերևս, վաղը, բայց այսօր արդեն կարելի է արձանագրել, որ ռուս-ադրբեջանական հարաբերությունները մտնում են ջերմության նոր փուլ: Սոչիում արդեն իսկ ականատես դարձանք Ռուսաստանի և Ադրբեջանի միջև մի շարք փաստաթղթերի ստորագրման:

Ավելին՝ լայնորեն քննարկվում է ՀԱՊԿ-ին Ադրբեջանի հնարավոր անդամակցության հարցը, պաշտոնական Մոսկվան առայժմ չի արտահայտվել, թե կցանկանա՞ր Ադրբեջանին կրկին տեսնել այս կառույցում, իսկ Ադրբեջանի իշխանություններն էլ այդ հնարավորությունն ուղղակիորեն կապում են ղարաբաղյան գործընթացում իրենց պատկերացրած լուծման դիմաց:

Մետաքսյա Շալունց

Գլխավոր Թողարկում, Վերլուծություն
Մեկնաբանությունները փակ են: