Գազի գինը կիջնի՞. նոր հանձնաժողով

Sep 27, 2018 Comments Off on Գազի գինը կիջնի՞. նոր հանձնաժողով

Վարչապետ Նիկոլ Փաշինյանն աշխատանքային խումբ է ստեղծել՝ գազի գնի ձևավորման վրա ազդեցություն ունեցող բաղադրիչների ուսումնասիրության համար:

Ըստ այդմ՝ Հայաստանում բնական գազի գնի ձեւավորման վրա ազդեցություն ունեցող բաղադրիչների և գործոնների ամբողջական ուսումնասիրություն իրականացնելու նպատակով ստեղծված աշխատանքային խումբը պետք է ուսումնասիրի գազի գնի փոփոխության հնարավորությունը:

Հանձնաժողովի նախագահը փոխվարչապետ Մհեր Գրիգորյանն է: 8 հոգանոց հանձնաժողովում ընդգրկված են ՀՀ էներգետիկ ենթակառուցվածքների եւ բնական պաշարների նախարար Արթուր Գրիգորյանը և նրա տեղակալը,  «Գազպրոմ Արմենիա» ՓԲԸ գլխավոր տնօրեն Հրանտ Թադևոսյանը և նրա տեղակալը, վարչապետի գլխավոր խորհրդական Ա.Գասպարյանը,  ինչպես նաև Հանրային ծառայությունները կարգավորող հանձնաժողովի փոխնախագահ Մ. Սողոմոնյանը:

Ինչպես հայտնի է Փաշինյան-Պուտին վերջին հանդիպման ընթացքում ՌԴ նախագահը հայտարարեց, որ Ռուսաստանը Հայաստանին գազ է մատակարաում ամենաէժան գնով: Ռուսաստանի հետ պայմանավորվածություն կա նաև, որ  Հայաստանին մատակարվող գազի գինը չի բարձրանա նաև 2019 թվականին: Հայաստանը Ռուսաստանից գազ է ստանում 150 դոլարով հազար խորանարդ մետրի դիմաց։ Այդ գինը գործելու էր մինչև 2018 թվականի ավարտը, սակայն բանակցությունների արդյունքում այն կպահպանվի նաև հետագայում:

Նոյեմբերին մեկնարկելու են հայ-ռուսական բանակցությունները՝ գազի ձեռքբերման նոր պայմանագրի շուրջ, և դրանց ընթացքում Հայաստանը փորձելու է իջեցնել սակագինը: Պաշտոնավարման 100 օրվան նվիրված ասուլիսում նման հայտարարություն էր արել  Էներգետիկ ենթակառուցվածքների և բնական պաշարների նախարար Արթուր Գրիգորյանը: «Մենք անելու ենք ամեն ինչ՝ որպեսզի ունենանք գազի ավելի ցածր գին, քան այսօր ունենք: Մենք դա չենք համարում վերջնական, քարացած ինչ-որ որոշում, և Հայաստանի կառավարությունն ամեն ինչ անելու է, որպեսզի գազի ավելի էժան տարբերակ ունենանք»,- նշել էր նախարար Գրիգորյանը և հավելել, որ շարունակվում են նաև բանակցությունները իրանական կողմի հետ:

Այս հանձնաժողովը կարող է ուսումնասիրություններ կատարել և առաջարկներ նախապատրաստել  նոյեմբերյան բանակցություններին ընդառաջ:

Բացի այդ՝  մի բան է գազի գինը պետական սահմանին,  բոլորովին այլ բան՝ սպառման ներքին շուկայում: Սպառողներին մատակարարվող գազի գինը գրեթե կրկնակի բարձր է սահամանին գանձվող միջպետական գնից: Այսպես՝ սահմանին գազը ձեռք է բերվում 1000 խորանարադ մետրը 150 դոլարով, իսկ ՀՀ ներսում վաճառքն իրականացվում է միջինացված շուրջ 255 դոլարով: Նշված գնի մեջ մոտ 47 դոլարը ավելացված արժեքի հարկն է կազմում: Այսինքն՝ շուրջ 58 դոլար հաշվարկված է 1000 խորանարդ մետր գազի տեղափոխման և մատակարարման համար:

Փորձագիտական որոշ գնահատականների համաձայն՝ «Գազպրոմ Արմենիան»  գազի սակագնի կառուցվածքում վերը նշված 58 դոլարը մինչև 25 տոկոսով նվազեցնելու հնարավորություն ունի։ Դեռևս հունիսին «Գազպրոմ Արմենիա» ՓԲԸ-ն որոշում էր կայացրել սոցիալապես անապահով ընտանիքների համար գազի գինը 20 դրամով իջեցնել: Ըստ այդմ՝ սոցիալապես անապահով  սպառողները տարեկան մինչև 600 խորանարդ մետր բնական գազի համար յուրաքանչյուր խորանարդ մետրի դիմաց  կվճարեն  80 դրամ՝նախկին 100 դրամի փոխարեն: Այս սակագինը ուժի մեջ է մտել  2018 թ. օգոստոսի 1-ից և գործելու է մինչև 2019 թ. օգոստոսի 1-ը: Եթե կառավարությանը հաջողվի  ձմռանն ընդառաջ գազի սակագնի իջեցում իրականացնել, որը, ըստ որոշ դիտարկումների, կարող է կազմել 15 դրամ 1 խորանարդ մետրի դիմաց,  ապա դա կլինի քաղաքական լուրջ ժեստ՝ արտահերթ խորհրդարանական ընտրություններից առաջ:

Հայկ Դավթյան

Գլխավոր Թողարկում, Լուրեր, Վերլուծություն
Մեկնաբանությունները փակ են: