Մի լուսանկարի պատմություն

Sep 26, 2018 Comments Off on Մի լուսանկարի պատմություն

 

Վարչապետ Նիկոլ Փաշինյանը  ֆեյսբուքի իր էջում երկու օր առաջ լուսանկար էր հրապարակել Փարիզից, Գարեգին Երկրորդ Կաթողիկոսի հետ, մակագրելով լուսանկարը որպես պատմական: Վարչապետը բացատրել էր, որ դա Հայաստանի վարչապետի եւ Ամենայն Հայոց Կաթողիկոսի առաջին սելֆին է:
Այս սելֆին եւ գրառումն ինքնին հետաքրքրական է վեղափառի շուրջ վերջին ամիսներին կատարվող իրադարձությունների ֆոնին: Թավշյա հեղափոխությունից հետո  ինչպես հայտնի է մի խումբ անձինք, որոնք սերտ առնչությունը վարչապետի եւ իր թիմի հետ ապացուցվել է բազմաթիվ դրվագներով, <<Նոր Հայաստան, նոր հայրապետ>> կարգախոսով պահանջում են վեհափառի հրաժարականը: Իշխանության աջակցությունն այդ գործընթացին ակնհայտ է դառնում ոչ միայն կազմակերպիչների ունեցած կապով, այլ պատկան մարմինների, մասնավորապես, ոստիկանության անգործությամբ: Այս ընթացքում, անշուշտ, հնչեցին քննադատություններ, որ այն, ինչ  տեղի է ունենում կաթողիկոսի շուրջ, սպառնում է ժողովրդի համար դառնալ ճակատագրական։ Քանզի խնդիրը  Գարեգին Բ–ի հակասական և, անկեղծ ասած, քիչ համակրելի կերպարը չէ, խնդիրն անձերը չեն,  այլ «Հայ առաքելական եկեղեցի»՝ որպես ինստիտուտի   նկատմամբ վերաբերմունքը։

Հայ առաքելական եկեղեցին վաղուց դարձել է հայ ժողովրդի  գոյության անկյունաքարերից մեկը: Եթե այդ քարերից մեկը հեռացնես, ամեն ինչ կփլուզվի`  ավերակելով հազարամյա պատմությունը: Եւ ահա, այս լուսանկարով

 

Փաշինյանն նախ ցույց է տալիս, որ պետությունը ամենեւին էլ պասիվ դերում չէ եւ ցուցաբերում է բավական աշխույժ աջակցություն եկեղեցուն ի հեճուկս քննադատությունների: Մյուս կողմից՝ սա չի նշանակում, թե Նիկոլ Փաշինյանը երաշխավորում է վեհափառի դեմ բողոքի ակցիաների կանխումը: Միգուցե այս լուսանկարով նա ընդամենը անձնական խնդիր է լուծում՝ ցույց տալով, որ ինքը կապ չունի եկեղեցու դեմ արշավի հետ, որը պարարտ հիմք է տալիս տարատեսակ աղանդավորական շարժումների գլուխ բարձրացնելուն:
Միգուցե առաջիկայում վեհափառի դեմ ակցիաները շարունակեն միայն, թե այլեւս դրանց չվերագրվի պետական հովանավորչություն, սակայն պարզից էլ պարզ է, որ պետությունը պարտավոր է  պետական պահպանության տակ վերցնելու այնպիսի ինստիտուտներ որոնք ազգապահպանության գործում  անկյունաքարային դեր ունեն:

Անի Սահակյան

Գլխավոր Թողարկում, Վերլուծություն
Մեկնաբանությունները փակ են: