Փաշինյանի սկզբունքն է՝ ամբողջը կենտրոնացնել իր ձեռքում. Արամ Սարգսյան
«Մարդիկ քվեարկեցին այնպես, որ միայն թե հինը չվերադառնա Նաև աշխատեց այն գործոնը, որ եթե մենք հիմա ձայն չտանք Հայկին, Ռոբերտ Քոչարյանն է հետ գալու:Ժողովուրդը ուշադրություն չդարձրեց, թե ինչ ծրագիր է առաջարկում Հայկ Մարությանը, այլ հետևեցին Նիկոլ Փաշինյանի կոչին: Ոչ թե գաղափարախոսություն ընտրեցին, ոչ թե ծրագիր ընտրեցին, թե այդ մարդը կարող է, թե չէ, այլ դեմ քվեարկեցին հնին, անցյալին: Այս ամբողջ բեռը պետք է կարողանանք հաղթահարել և չենք կարող թույլ տալ, որ նոր մենաշնորհ ձեւավորվի: 81 % ձայն ստացած քաղաքական ուժը կարող է գլուխը այնպես կորցնել, որ մենք էլ զարմանանք, թե այս ինչ կատարվեց այս մարդկանց հետ»,- լրագրողների հետ հանդիպման ժամանակ ասաց «Դեմոկրատական» կուսակցության ղեկավար Արամ Սարգսյանը:
«Վտանգավոր է, որ հիմա Հայաստանում չկա ընդդմիադիր դաշտ:Եթե այդքան բացարձակ մեծամասնություն է հավաքվում մի կուսակցություն, ապա ընդդիմություն հասկացությունը վերանում է: Մենք դա տեսել ենք 90-ականների սկզբին Լեւոն Տեր-Պետրոսյանի դեպքում: Թե հետո ինչպես ընկավ նրա վարկանիշը 6 ամիս անց: Վարչապետը պետք է ավելի շրջահայաց լինի: Նիկոլ Փաշինյանը պետք է հասկանա, որ առանց ընդդիմության իշխանությունը կարող է վերածվել դիկտատուրայի»,- ասում է նա:
« Հայկ Մարությանին անձնապես չեմ ճանաչում և գնահատականներ տալ չեմ կարող դեռ:Եթե վստահում է վարչապետը իրեն, ուրեմն մի բան գիտի: Այսօր ընդհանրապես Նիկոլ Փաշինյանի սկզբունքն է, որ ամբողջը կենտրոնացնի իր ձեռքում: Իր համար գլխավորն այն է, որ ինքը ուղղորդի, ինքը ղեկավարի: Ամբողջ պատասխանատվությունը վերցրել է իր վրա: Թե ինչպես կստացվի, ժամանակը ցույց կտա»,- նշեց Արամ Սարգսյանը: