Քրգործ՝ ԲՀԿ նախընտրական շտաբում ոստիկանության աշխատակիցների նկատմամբ բռնություն գործադրելու դեպքով

Sep 24, 2018 Comments Off on Քրգործ՝ ԲՀԿ նախընտրական շտաբում ոստիկանության աշխատակիցների նկատմամբ բռնություն գործադրելու դեպքով

Քննչական կոմիտեն տեղեկացնում է, որ կոմիտեի Երևան քաղաքի քննչական վարչության Աջափնյակ և Դավթաշեն վարչական շրջանների քննչական բաժնում քննություն է տարվում՝ պարզելու «Բարգավաճ Հայաստան» կուսակցության նախընտրական շտաբում տեղի ունեցած դեպքի հանգամանքները:

«Մասնավորապես՝ 2018թ. սեպտեմբերի 22-ին ՀՀ ոստիկանության Երևան քաղաքի վարչության Մաշտոցի բաժնի հետաքննության բաժանմունքի ավագ տեսուչը զեկուցագիր է ներկայացրել առ այն, որ նույն օրը՝ ժամը 18:00-ի սահմաններում, դեպքի վայրի զննություն է կատարել «Բարգավաճ Հայաստան» կուսակցության՝ Բաշինջաղյան փողոցի 188/5 հասցեում տեղակայված նախընտրական շտաբում, որին մասնակցել են նաև նույն բաժնի քրեական հետախուզության բաժանմունքի օպերլիազորները՝ ծառայություն իրականացնելով շտաբի մուտքի դռան մոտ՝ քննչական գործողությանը մասնակից չհանդիսացող քաղաքացիների մուտքը հիշյալ տարածք արգելելու նպատակով:

Ըստ զեկուցագրի, ժամը 19:10-ին, երբ Ոստիկանության աշխատակիցները զննության արձանագրությունը ծանոթացման համար ներկայացրել են մասնակիցներին, նշված շտաբի աշխատանքները համակարգող Գ.Գ-ն կոչ է արել շտաբի դռների մոտ հավաքված քաղաքացիներին ներխուժել շտաբ, ջարդուփշուր անել ամեն ինչ և վերցնել դեպքի վայրի զննությամբ վերցված տեսախցիկների տեսագրման սարքը:

Բացի այդ, Գ.Գ.-ն, քաշքշուկ հրահրելով, վնասել է մուտքի դռան փեղկը՝ այդկերպ հնարավորություն ընձեռելով դրսում գտնվող 30-40 մարդու ներս մտնել՝ անտեսելով ոստիկանության աշխատակիցների՝ շինությունից դուրս գալու և իրականացվող գործողություններին չխոչընդոտելու օրինական պահանջները: Այնուհետև միջադեպին ներկա գտնվող անձինք, հրելով և քաշքշելով, բռնություն են գործադրել ոստիկանության աշխատակիցների նկատմամբ, ինչը զուգորդվել է հայհոյանքներով և բղավոցներով»:

Դեպքի առթիվ, ըստ կոմիտեի, հարուցվել է քրեական գործ՝ Քրեական օրենսգրքի 316-րդ հոդվածի 1-ին (Իշխանության ներկայացուցչի կամ նրա մերձավոր ազգականի նկատմամբ կյանքի կամ առողջության համար ոչ վտանգավոր բռնություն գործադրելը կամ բռնություն գործադրելու սպառնալիքը՝ կապված նրա կողմից իր ծառայողական պարտականությունները կատարելու հետ) մասով»:

«Կատարվել է դեպքի վայրի զննություն: Նախաքննությունը շարունակվում է, միջոցներ են ձեռնարկվում՝ դեպքի բոլոր հանգամանքները պարզելու ուղղությամբ», – ասված է հաղորդագրությունում:

Գլխավոր Թողարկում
Մեկնաբանությունները փակ են: