«Կյանքի Խոսքը» դիմել է ԱԱԾ՝ «Բլոգնյուզին» պատասխանատվության կանչելու համար

Sep 24, 2018 Comments Off on «Կյանքի Խոսքը» դիմել է ԱԱԾ՝ «Բլոգնյուզին» պատասխանատվության կանչելու համար

Հայաստանի «Կյանքի խոսք» ավետարանական եկեղեցին օրերս դիմել է ՀՀ ազգային անվտանգության ծառայությանը՝ խնդրելով քրգործ հարուցել կրոնական թշնամանք հրահրելու հիմքով՝ հաշվի առնելով «Դուխով Հայաստան» ֆեյսբուքյան կեղծ էջի և «Բլոգնյուզ» լրատվական կայքի հրապարակումները։

Այս մասին Forrights.am-ի հետ զրույցում ասաց եկեղեցու մամուլի խոսնակ, կրոնագետ Արմեն Լուսյանը: Ըստ նրա՝ խնդիրն այն է, որ օգոստոս ամսին «Ֆեյսբուք» սոցիալական ցանցում բացվել է «Դուխով Հայաստան» կեղծ էջը, որում պարբերաբար տարածվում են «սուտ տեղեկություններ, իրականացվում է հակապետական քարոզչություն և բորբոքվում է կրոնական թշնամանք»՝ հատկապես Հայաստանի «Կյանքի Խոսք» ավետարանական եկեղեցու, վերջինիս հովվի և եկեղեցու անդամների նկատմամբ։

««Բլոգնյուզ» լրատվական կայքն ու դրա գլխավոր խմբագիր Կոնստանտին Տեր-Նակալյանն էլ, ակնառու դիտավորությամբ «Դուխով Հայաստան» կեղծ էջը վերագրելով «Կյանքի Խոսք» եկեղեցուն, ներկայացրել են, թե իբր եկեղեցին իրականացնում է հակահայկական քարոզչություն»,-մանրամասնեց Արմեն Լուսյանը՝ շարունակելոց. «Այդ ֆեյսբուքյան էջում ՀՀ ազգային հերոս Մոնթեն ներկայացվում է որպես դավաճան, ադրբեջանցիները՝ եղբայր, վարչապետ Նիկոլ Փաշինյանը՝ հող հանձնող, իսկ այս ամենի հեղինակ՝ «Կյանքի Խոսք» եկեղեցին։ Ավելին՝ սեպտեմբերի 20-ին տվյալ կեղծ էջի օգտատերերը, տեղադրելով «Կյանքի Խոսք» ավետարանական եկեղեցու հովվի նկարը և նշելով նրա անուն ազգանունը, կատարել են սուտ, զրպարտող և կրոնական ատելություն հրահրող հրապարակում»։

Իսկ սեպտեմբերի 15-ին «Բլոգնյուզ» լրատվական կայքը, հղում կատարելով վերոնշյալ էջին, հրապարակել է «Մոնթեն՝ դավաճան, ադրբեջանցիները՝ եղբայր․ «Կյանքի խոսքը», շահարկելով Նիկոլ Փաշինյանի անունը, բացահայտ հակահայկական քարոզ է անում» վերտառությամբ հոդվածը: Դրանում, ըստ Արմեն Լուսյանի, պնդումներ են արվել, որ «Դուխով Հայաստան» էջը «Կյանքի Խոսք» եկեղեցունն է, ինչի մասին իբրև թե վկայում է այն փաստը, որ այդ էջի «Տեղեկություններ» բաժնում նշված է «Կյանքի Խոսք» եկեղեցու 010 238330 հեռախոսահամարը։

«Սա այն դեպքում, երբ այդ հեռախոսահամարն ավելի քան 2 տարի է չի պատկանում «Կյանքի Խոսք» եկեղեցուն և այդ համարով զանգահարելիս էլ օպերատորի ինքնապատասխանիչը հայտնում է, որ «համարը միացված չէ կայանին»,-նշեց Լուսյանը։

Ըստ Արմեն Լուսյանի՝ «Բլոգնյուզ» կայքի խմբագիր Կոնստանտին Տեր-Նակալյանի կողմից «ակնհայտ սուտ տեղեկության տարածումը և կրոնական ատելության քարոզչությունը» եկեղեցու հանդեպ չի դադարեցվել անգամ «Կյանքի Խոսք» եկեղեցու պաշտոնական հերքումից հետո, ուստի իրենց այլ ճանապարհ չի մնացել, քան դիմել իրավապահներին՝ խնդրելով պարզել իրականությունը, կեղծ էջի ու «Բլոգնյուզի» միջև հնարավոր կապը և պաասխանատվության կանչել մեղավորներին:

Մանրամասն՝ սկզբնաղբյուր կայքում

 

Գլխավոր Թողարկում
Մեկնաբանությունները փակ են: