Ովքե՞ր կլինեն Երևանի նոր ավագանու կազմում. նախնական ցանկ

Sep 24, 2018 Comments Off on Ովքե՞ր կլինեն Երևանի նոր ավագանու կազմում. նախնական ցանկ

Երևանի ավագանու արտահերթ ընտրություններում ձայների զգալի առավելություն ունեցող «Իմ քայլը» դաշինքը՝ ըստ նախնական հաշվարկների ավագանու 56 անդամ կունենա: Ցանկը գլխավորող Հայկ Մարությանը քաղաքապետ կընտրվի առանց քվեարկության, քանի որ հաղթահարել է ընդհանուր քվեների 50 տոկոսից ավելին:

Երևանի ավագանու «Իմ քայլը» խմբակցությունում կարող են ներկայացված լինել (եթե չհրաժարվեն մանդատից) հաղորդավարուհի Լուսինե Բադալյանը, լրագրող Գայանե Աբրահամյանը, փաստաբան Նիկոլայ Բաղդասարյանը, երգիչ Արթուր Իսպիրյանը, բնապահպան-բլոգեր Իզաբելա Աբգարյանը, Հովհ. Թումանյանի տուն-թանգարանի տնօրեն Նարինե Թուխիկյանը և այլք:

Ըստ նախնական հաշվարկների՝ Երևանի ավագանու մեջ ներառված մյուս երկու ուժերը՝ ԲՀԿ-ն ու «Լույս» դաշինքը, համապատասխանաբար 5 և 4 անդամ կունենան: ԲՀԿ-ի առաջին հնգյակում են ցուցակը գլխավորող Նաիրա Զոհրաբյանը, հաղորդավարներ Պետրոս Ղազարյանն ու Արման Աբովյանը, Միքայել Մանրիկյանը և Արմեն Ներսիսյանը: Բայց հաշվի առնելով փաստը, որ Նաիրա Զոհրաբյանը ԱԺ «Ծառուկյան» խմբակցության պատգամավոր է, չի բացառվում, որ վերջինս հրաժարվի իր մանդատից ու նրան փոխարինելու գա ցուցակի հաջորդ համարը՝ ծանրորդուհի Նազիկ Ավդալյանը:

«Լույս» դաշինքի ցուցակի առաջին չորս համարներն են Արտակ Զեյնալյանը, Դավիթ Խաժակյանը, Անի Խաչատրյանն ու Անի Սամսոնյանը: «Լույսի» դեպքում էլ մանդատից կարող է հրաժարվել Արտակ Զեյնալյանն ու շարունակել պաշտոնավարել Արդարադատության նախարարի պաշոտնում: Այս պարագայում վերջինիս կարող է փոխարինել Թեհմինա Վարդանյանը:

Վերոնշյալ սցենարի իրականցումը թերևս կվկայի մեկ բանի մասին. Երևանի ավագանու արտահերթ ընտրություններն ինքնանպատակ էին, ու խնդիրը ոչ թե քաղաքի արդյունավետ կառավարում իրականացնելն էր, այլ քաղաքապետի աթոռին հասնելը: Կարծում ենք, ո՛չ Արտակ Զեյնալյանը, ո՛չ Նաիրա Զոհրաբյանն ու, առհասարակ ոչ ոք, չպետք է հրաժարվի իր մանդատից՝ ապացուցելու, որ սրտացավ է մայրաքաղաքի ու նրա առջև ծառացած խնդիրին օր առաջ լուծում տալու հարցում:

vesti.am

Գլխավոր Թողարկում
Մեկնաբանությունները փակ են: