Անսպասելի ապտակ Խաչատուրովից

Sep 26, 2018 1 Comment

ՀԱՊԿ գլխավոր քարտուղար Յուրի Խաչատուրովը օրերս հանդես է եկել հայ–ադրբեջանական սահմանին իրավիճակի մասին հետևյալ մեկնաբանությամբ։ «Լուրջ մտահոգություն ենք հայտնում վերջին ժամանակներս հաճախակիացած հայ-ադրբեջանական պետական սահմանի, ինչպես նաև սահմանամերձ գոտիներում տեղակայված բնակավայրերի ու քաղաքացիական օբյեկտների գնդակոծման դեպքերի առնչությամբ, որոնք մարդկային զոհերի են հանգեցրել։ Համոզված ենք, որ ռազմատենչ հռետորաբանությունը տանում է իրավիճակի նոր լարման և տապալում է ԵԱՀԿ Մինսկի խմբի ջանքերը։ Ի գիտություն ընդունելով ՀԱՊԿ–ում ՀՀ մշտական և լիազոր ներկայացուցչի տեղեկությունը, որը ներկայացվել է սեպտեմբերի 21–ին կայացած Մշտական խորհրդի նիստին, կոչ ենք անում դադարեցնել գնդակոծությունը և ՀԱՊԿ պատասխանատվության գոտում լարվածության ավելացումը՝ ՀԱՊԿ անդամ պետության՝ Հայաստանի անվտանգության սպառնալիքների աճը թույլ չտալու նպատակով»։

Ինչպես ասում են՝ անսպասելի ընթացք ու քայլ Յուրի Խաչատուրովի կողմից: Ըստ ամենայնի Հայաստանում կառավարության փոփոխությունից հետո Մարտի 1-ի գործով քրեական գործից հետո, երբ գրավի դիմաց կալանքի ձևի փոփոխությամբ Խաչատուրովը լքեց Հայաստանը, հիմա Մոսկվայում որոշել է ցույց տալ հայաստանամետ քաղաքականություն:

Վերջին մի քանի տարիներին Հայաստանից պարբերաբար հնչել են քննադատություններ առ այն, որ ՀԱՊԿ-ն՝ Հայաստանի դաշնակից պետություններով համարժեք չի արձագանքում Հայաստան-Ադրբեջան սահմանին շարունակական սրացումների, սահմանին՝ Ադրբեջանի կողմից ակնհայտ սրացումեր հրահրելու ֆոնին:

Խաչատուրովն, ակնհայտորեն, ձգտում է «վերադարձնել» բարի համբավը՝ ցույց տալու Հայաստանի ներկայացուցչի՝ ՀԱՊԿ գլխավոր քարտուղարի կողմի կոշտ հայտարարությունը:

Ի դեպ, Բաքուն էլ անմիջապես «համարժեքորեն» արձագանքել է Խաչատուրովի հայտարարությանը:

ՀԱՊԿ գլխավոր քարտուղարի հայտարարությունը հայ-ադրբեջանական հակամարտության վերաբերյալ դուրս է կազմակերպության մանդատի շրջանակներից, ասվում է Ադրբեջանի ԱԳՆ հաղորդագրության մեջ: «ՀԱՊԿ գլխավոր քարտուղարը, չարաշահելով իր ծառայողական պարտականությունները, հանդես է եկել Հայաստանի և Ադրբեջանի միջև հակամարտության մասին հայտարարությամբ, ինչը դուրս է գալիս Կազմակերպության շրջանակից: Հայաստանի քաղաքացի հանդիսացող գլխավոր քարտուղարի հայտարարությունը սուբյեկտիվ և կանխակալ է, և բացառությամբ Հայաստանի, հակասում է հակամարտության վերաբերյալ կազմակերպության անդամ-երկրների դիրքորոշմանը»,- ասվում է հաղորդագրության մեջ: Ադրբեջանի ԱԳՆ-ն տարակուսում է, որ ՀԱՊԿ քարտուղարը չի հիշատակում այն մասին, որ հայկական կողմից է հարված հասցվում ադրբեջանական դիրքերին և խորհուրդ է տալիս նրան նախ ծանոթանալ Հայաստանի վարչապետի «անհեթեթ և հակասական հայտարարություններին, որոնք նպաստում են բանակցային գործընթացի խախտմանը»:

Եթե հաշվի առնենք հանգամանքը, որ վերջերս Ադրբեջանը՝ ՀԱՊԿ-ին անդամակցելու հնարավորությունների շուրջ մի քանի հայտարարություններ արեց, ընդ որում, հավելելով, որ Ադրբեջանը կարող է անդամակցել ՀԱՊԿ-ին՝ Ղարաբաղի հարցում ցանկալիին հասնելու համար, ապա կարելի է փաստել, որ Խաչատուրովի վերջին հայտարարությունը ինչ-որ չափով «սառը ցնցուղ» էր Ալիևի համար:

Թամար Բագրատունի

Գլխավոր Թողարկում, Վերլուծություն

Մեկ անդրադարձ “Անսպասելի ապտակ Խաչատուրովից” հրապարակմանը