Երեւանի ու Բաքվի նյույորքյան «զենքը»

Sep 26, 2018 Comments Off on Երեւանի ու Բաքվի նյույորքյան «զենքը»

Հայաստանի վարչապետ Նիկոլ Փաշինյանի գլխավորած պատվիրակությունը մեկնել է Նյու Յորք՝ մասնակցելու Միավորված Ազգերի Կազմակերպության Գլխավոր ասամբլեայի 73-րդ նստաշրջանի աշխատանքներին։ Ինչպես հայտնեց ՀՀ ԱԳՆ-ի մամուլի ծառայությունը՝ սեպտեմբերի 24-ից 28-ը կայանալիք աշխատանքային այցի շրջանակներում նախատեսվում են Զոհրաբ Մնացականյանի երկկողմ հանդիպումները մի շարք երկրների իր գործընկերների և այլ պաշտոնյաների հետ:
ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահների միջնորդությամբ սեպտեմբերի 26-ին Նյու Յորքում տեղի է ունենալու Հայաստանի ԱԳ նախարար Զոհրաբ Մնացականյանի և Ադրբեջանի ԱԳ նախարար Էլմար Մամեդյարովի հանդիպումը:
Նյու Յորքում ՄԱԿ-ի հարթակը կարող է դառնալ ղարաբաղյան բանակցությունների շարունակականությունն ապահովելու որոշակի հիմք: Հիշեցնենք, որ ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփի օրերս հղած շնորհավորանքը Անկախության տոնի կապակցությամբ, որտեղ ուղղակի կոչ էր արվել Նիկոլ Փաշինյանին ինտենսիվացնել ղարաբաղյան բանակցությունները ու հստակ ակնարկ էր արվել ընձեռված նոր հնարավորությունների մասին:
Այս մասով ուշագրավ է նաև Հայաստանի Հանրապետության անկախության 27-ամյակի կապակցությամբ շնորհավորական ուղերձ է հղել ԱՄՆ պետքարտուղար Մայք Փոմփեոյի ուղերձը: Անդրադառնալով «Հայաստանում այս տարի տեղի ունեցած նշանակալի փոփոխություններին»՝ Մայք Փոմփեոն նշում է, որ խաղաղ ժողովրդական շարժումը, որը կառավարություն ձևավորեց, Հայաստանի պատմության նոր ու ոգևորող էջ է բացել: «Ես անհամբերությամբ եմ սպասում Հայաստանի ժողովրդի և կառավարության հետ աշխատանքին, քանի որ դուք ջանում եք կառուցել ամուր ժողովրդավարական ինստիտուտներ, վերացնել կոռուպցիան և հասնել տնտեսական աճի» ,- հայտարարել է ԱՄՆ պետքարտուղարը:
Փոմփեոն իր ուղերձում հավաստիացնում է նաև, որ Միացյալ Նահանգները շարունակում է հավատարին մնալ Լեռնային Ղարաբաղի հակամարտության խաղաղ կարգավորմանը և կոչ է անում կողմերին հնարավորինս արագ վերսկսել ինտենսիվ բանակցությունները: «Մենք ակնկալում ենք առաջիկա տարվա ընթացքում ամրապնդել մեր կապերը», – ասված է Մայք Փոմփեոյի ուղերձում, որը հրապարակված է ԱՄՆ Պետդեպարտամենտի պաշտոնական կայքէջում:
ՄԱԿ-ի հարթակը թե՛ Փաշինյանը, թե՛ Մնացականյանը, և թե՛ Ադրբեջանի նախագահն ու արտգործնախարարը կօգտագործել ԼՂ խնդրում հայտարարությունների համար: Թե ինչ մթնոլորտ կձևավորվի դրանից հետո՝ ցույց կտա ժամանակը:
Նյու Յորքի «թոհուբոհից» առաջ պաշտոնական Բաքուն հարկ է համարել հիշեցնել իր դիրքորոշումը: Լեռնային Ղարաբաղը ոչ մի կարգավիճակ չի ստանա Ադրբեջանի ինքնիշխանությունից դուրս, հայտարարել է Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևը։
«Հայաստանի ղեկավարությունը պետք է լուրջ փոփոխություններ կատարի ղարաբաղյան հակամարտության կարգավորման հարցի վերաբերյալ իր քաղաքականության մեջ: Ադրբեջանը չի փոխի իր սկզբունքային դիրքորոշումը, քանի որ Լեռնային Ղարաբաղը ադրբեջանական պատմական հող է, և այն ոչ մի կարգավիճակ չի ստանա Ադրբեջանի ինքնիշխանությունից դուրս»,- ասել է Իլհամ Ալիևը՝ Ադրբեջանի խորհրդարանի հիմնադրման 100-ամյակի առիթով կազմակերպված նիստի ժամանակ: Ալիևն ընդգծել է, որ հակամարտության կարգավորման միակ ուղին Ադրբեջանի տարածքային ամբողջականության ապահովումն է։
Թամար Բագրատունի

Գլխավոր Թողարկում, Վերլուծություն
Մեկնաբանությունները փակ են: