Ե՞րբ շտուռմ կհայտարարվի ԱԺ-ի վրա

Sep 26, 2018 Comments Off on Ե՞րբ շտուռմ կհայտարարվի ԱԺ-ի վրա

Նիկոլ Փաշինյանը մի կողմից հոգեբանական պատնեշներ է գցում հանրության մեջ՝ բաժանելով նրանց սեւերի ու սպիտակների, հեղափոխականների ու հակահեղափոխականների, մյուս կողմից անում է գործողություններ ու հայտարարություններ, համաձայն որոնց իշխանության ու ժողովրդի միջեւ պատեր ու պարիսպներ չպետք է լինել: Անցած շաբաթ կառավարության շենքի առջեւ Արմավիրի մարզի մի քանի գյուղերի բնակիչները փորձում էին գրոհել կառավարության շենքը, հնարավորության դեպքում կկորտրեին ապակիներն ու ներս կմտնեին իրենց խնդիրը բարձրաձայնելու համար, եւ, ահա, անդրադառնալով բողոքավոր մարդկանց գործողություններին, վարչապետ Փաշինյանը հայտարարեց, թե իրենց տունն է, ինչ կուզեն կանեն, ոչ մի արտառոց բան տեղի չի ունեցել:

Դրանից բառացիորեն օրեր անց՝ անկախության տոնի առթիվ իր նստավայրում տեղի ունեցած միջոցառման ժամանակ վարչապետ Նիկոլ Փաշինյանը ելույթն ավարտեց ուշագրավ հայտարարությամբ։ «Սիրելի ներկաներ, այսօրվա խոսքս ուզում եմ ավարտել մի խորհրդանշական իրադարձության ազդարարմամբ: Այսօր՝ ՀՀ անկախության 27-րդ տարեդարձի առիթով՝ Բաղրամյան 26-ի դռները կբացվեն, ի նշան այն բանի, որ Հայաստանի իշխանությունը այլևս երբեք մեկուսացած ու կտրված չի լինի ժողովրդից: Հայաստանի քաղաքացիները այսուհետև ազատորեն կարող են մուտք գործել վարչապետի, հետագայում՝ նախագահի նստավայրի տարածք և այն օգտագործել որպես զբոսավայր, որպես ժամանցի վայր: Մենք հույս ունենք, որ այս դռները այլևս երբեք չեն փակվի՝ խորհրդանշելով, որ Հայաստանի Հանրապետությունում իշխանությունն այլևս անշրջելիորեն պատկանում է ժողովրդին»,- հայտարարեց վարչապետն ու այդ վայրկյանների ընթացքում բացվեցին Բաղրամյան 26-ի դարպասները:

Այս հայտարարությունը, անշուշտ, բխում է ժողովրդաիշխանության տրամաբանությունից։ Քաղաքակիրթ դեմոկրատական երկրներում նախագահի կամ վարչապետի նստավայրերը, խորհրդարանի շենքը հանրությունից չեն սահմանազատվում անհաղթահարելի պարիսպներով, չեն օտարվում ժողովրդից, սակայն, այդուհանդերձ մեծ հարց է առաջանում՝ ինչու այդ դռները չբացվեցին դեռեւս չորս ամիս առաջ՝ հեղափոխությունից անմիջապես հետո՝ ազդարարելով իբրեւ հեղափոխության տրամաբանական շարունակություն: Փոխարենը ինչպես նշեցինք՝ Երեւանի ավագանու ընտրություններին Փաշինյանն ու իր թիմը կարծր հոգեբանական պատնեշներ գցեցին հանրության որոշ շերտերի եւ իշխանության միջեւ, ինչն ավելի սարսափելի է, քան ցանկացած բետոնապատնեշ:

Այս իրողությունները թույլ են տալիս կասկածելու, որ դարպասները բացելու փաշինյանական հատուկ պլանի նշանակետում Ազգային ժողովի դարպասներն են: Ըստ ամենայնի առաջիկայում իշխանության որոշ սազանդարներ կդրվատեն նախագահականի դարպասների բացման ներկայացումը՝ կոչ անելով անցնել խորհրդարանին: Բանն այն է, որ արտահեթ ընտրություններին ընդառաջ դա օդ ու ջրի պես հարկավոր է վարչապետին, նա արդեն հասցրել է օրենսդիրներին սպառնալ, որ ժողովուրդն է ստիպելու արտահերթ ընտրությունները, քանի որ դա է իր ցանկությունը: Իսկ հիշենք, թե հեղափոխության օրերին ինչ գրոհ էր ձեռնարկվել խորհրդարաի շենքի վրա ու մի քանի պատնեշներ կառուցվել պատգամավորների անառիկությունը պահպանելու համար: Իսկ բաց դռների դեպքում նրանք կլինեն ուղղակի ժողովրդի ճնշման ներքո:

Անի Սահակյան

Գլխավոր Թողարկում, Վերլուծություն
Մեկնաբանությունները փակ են: