Նիկոլ Փաշինյանի նոր քայլը. դուխովներին խելքովներով փոխարինելու ժամանակը

Sep 24, 2018 Comments Off on Նիկոլ Փաշինյանի նոր քայլը. դուխովներին խելքովներով փոխարինելու ժամանակը

Վարչապետ Նիկոլ Փաշինյանը աշխատանքային այցով մեկնել է Արարատի մարզ, որտեղ մարզի գյուղատնտեսական խնդիրներին նվիրված խորհրդակցություն է տեղի ունեցել: Վարչապետը հանդիպմանը ներկա մարզպետին ու մարզպետարանի ղեկավար անձնակազմին մի քանի պարզ հարց է ուղղել: Մասնավորապես վարչապետը հետաքրքրվել է, թե մարզում կաթիլային համակարգով ոռոգվող և հակակարկտային պաշտպանիչ շերտ ունեցող քանի հեկտար տարածք կա: Բայց ո՛չ մարզպետը, ո՛չ էլ մարզպետարանի պաշտոնյաները չեն կարողացել այս՝ առաջին հայացքից պարզ հարցերին սպառիչ պատասխան տալ: Պարզվել է՝ նրանք չեն տիրապետում տվյալներին: Փաշինյանը փոքր-ինչ զարմացել է ու հարց ուղղել Արարատի մարզպետին. «Հավաքվել ենք գյուղատնտեսական ամենախոշոր մարզում ու պրիմիտիվ տվյալների չե՞նք տիրապետում: Պետք է սկսել այստեղից: Այսինքն՝ մենք չգիտենք՝ ինչ է կատարվում, բայց ուզում ենք ինչ-որ բան անել: Էդպես չի կարող լինել»,- ասել է Նիկոլ Փաշինյանը և հավելել, որ հակակարկտային կայաններն ու կաթիլային ոռոգումը այն խնդիրներն են, որոնց մասին ամեն օր խոսվում է կառավարությունում:
Սա շատ կոնկրետ և փաստական օրինական է, թե ինչ իրավիճակ է ստեղծվում, երբ պետական կառավարման համակարգի պատասխանատու պաշտոններում հայտնվում են մարդիկ, ովքեր չեն տիրապետում ոլորտին: Այն իրավիճակը, որին անձամբ ականատես է եղել Նիկոլ Փաշինյանը, չնչին տարբերություններով ու եզակի բացառություններուվ առկա է պետական կառավարման ողջ համակարգում: Ոչ պրոֆեսիոնալ մոտեցումն ու ինստիտուցիոնալ ծրագրերի բացակայությունը Նիկոլ Փաշինյանի կառավարության ամենալուրջ բացթողումն է: Հեղափոխությունից հետո նախկին իշխանության ղեկավար անձնակազմն ամբողջությամբ հեռացավ: Նրանք հիմնականում հեղափոխական ուժերի կողմից պիտակավորվեցին կոռուպցիոներներ ու թալանչիներ: Փոխարենը կառավարությունում հայտնվեցին հեղափոխականները. մարդիկ, ովքեր հեղափոխության օրերին քայլել էին Փաշինյանի հետ, փակել էին հրապարակներն ու փողոցները, իրենց բոլոր ելույթներն ու ՖԲ ստատուսները սկսում և ավարտում են Դուխով արտահայտությամբ, բայց ոլորտային գիտելիքներ ու կառավարման փորձ բացարձակապես չունեն:

Ժամանակը ցույց տվեց, որ անցած 4-5 ամիսներին նոր կառավարության կադրերը հիմնականում չեն կարողանում խորանալ ոլորտային խնդիրների մեջ, չեն կարողանում զարգացման նոր տեսլական ու ծրագրեր մշակել: Դեռ լավ է, որ նոր կառավարությունը, ի դեմս վարչապետի, խելամտություն ունեցավ շարունակել նախկին կառավարությունից մնացած քիչ թե շատ հաջողված մի քանի ծրագրեր, այլապես կառավարման համակարգն ամբողջությամբ կրախի առաջ կկանգներ: Աշտաշատի կենտրոնում տեղի ունեցած հանրահավաքի ժամանակ Փաշինյանը հայտարարել է, որ այժմ Հայաստանի առաջնային խնդիրը տնտեսական հեղափոխություն իրականացնելն է: Վստահաբար Փաշինյանը ճիշտ է, հեղափոխությունը կհաջողի, եթե կոռոպցիայի ու մենաշնորհների դեմ պայքարին զուգահեռ, ունենանք նաև տնտեսության զարգացում: Իսկ որպեսզի այդ զարգացումը մենք ունենանք, ժամանակն է, որ Նիկոլ Փաշինյանը կատարի հերթական նոր քայլը. դուխովների փոխարեն՝ կառավարություն տանի խելքովներին: Հեղափոխությունն անում են դուխով, իսկ երկիրը, այնուամենայնիվ, զարգացնում են խելքով:

 

 Հայկ  Դավթյան

Գլխավոր Թողարկում, Լուրեր, Վերլուծություն
Մեկնաբանությունները փակ են: