Մենք փակելու ենք ՀՖՖ-ի և ֆուտբոլային ակումբների թշնամական էջը.Վանեցյան

Sep 22, 2018 Comments Off on Մենք փակելու ենք ՀՖՖ-ի և ֆուտբոլային ակումբների թշնամական էջը.Վանեցյան

Հայաստանի ֆուտբոլի ակադեմիայում ՀՖՖ նախագահի միակ թեկնածու, ԱԱԾ պետ Արթուր Վանեցյանը հայտարարեց,որ  վերջին 2 ամսվա ընթացքում իր թիմի հետ նախանշել է Հայաստանում ֆուտբոլի զարգացման ուղիները ընդգծելով, որ ֆուտբոլին պետք է մոտենալ՝ որպես սոցիալական նախագծի:

«Ֆուտբոլն իր բոլոր մակարդակներում պետք է վերջապես դուրս գա Երևանից ու գնա մարզեր։ Դա պետք է լինի ամենօրյա աշխատանք, այս ամենը պետք է սկսվի ֆունդամենտից՝ սիրողական և մասսայական ֆուտբոլից։ Մեր տեսլականն է՝ ֆուտբոլ խաղալու համար անվճար վայրեր ստեղծել Հայաստանի բոլոր վայրերում, բոլոր ցանկացողների համար։ Սա բարդ և ֆինանսական ծախսերի հետ կապված խնդիր է, բայց քայլ առ քայլ շարժվելու ենք դեպի այդ նպատակը:Այդ դեպքում ֆուտբոլ խաղացողների քանակը կբերի ֆուտբոլի որակի բարձրացմանը:Գործադիր կոմիտեն պետք է ներառի ինչպես ֆուտբոլային հանրության, այնպես էլ Հայաստանի հասարակության լայն շերտերը։ Մենք փակելու ենք ՀՖՖ-ի և ֆուտբոլային ակումբների թշնամական էջը, ակումբներից պահանջելու ենք միայն մեկ բան՝ հետևել արդար ֆուտբոլի կանոններին և չխախտել ՀՀ օրենսդրությունը։ Այդ դեպքում ՀՖՖ-ն իր բոլոր ինստիտուցիոնալ հնարավորություններով լինելու է ակումբների կողքին»,- ասաց Վանեցյանը։

«Դժվար է լինելու փոխել այն կարծրատիպը, որ ձևավորվել է տարիներ շարունակ և ՀՖՖ աշխատանքը գնահատվել է բացառապես մեր ազգային հավաքականի և ակումբների ցուցադրած արդյունքներով։ Իհարկե, դա կարևոր է, բայց պետք է հասկանանք, որ Ազգային հավաքականը ֆուտբոլային այսբերգի գագաթն է, իսկ հիմքը մասսայական ֆուտբոլն է։ Այս առումով հանդիպումներ եմ ունեցել մասնագետների հետ թե՛ Հայաստանում, թե՛ Եվրոպայում, որտեղ, ի դեպ, գաղտնալսվել եմ։ Զարգացման ճանապարհը մեկն է՝ ոչ թե ամեն անգամ միլիոններ ծախսել գլխավոր թիմի համար, այլ ստեղծել մի համակարգ, որը կօգնի աճել թե՛ սեփական մարզիչներին, թե՛ ֆուտբոլիստներին»,-ասաց նա և  ընգդծեց՝ Ազգային հավաքականն էլ միշտ լինելու է ուշադրության կենտրոնում, բայց առաջնահերթությունը համակարգ ստեղծելն է։ Նա նշեց, որ լուրջ ուշադրություն են դարձնելու կանանց ֆուտբոլի զարգացմանը, սպորտային բժշկությանը։

«Վստահեցնում եմ՝ աշխատելու ենք թափանցիկ, ՀՖՖ-ն բաց է լինելու բոլոր առաջարկների համար»,- եզրափակեց նա։

 

Գլխավոր Թողարկում
Մեկնաբանությունները փակ են: