Հանրայինի եթերում թեկնածուներից մեկը լավ դաս տվեց ներկաներին ու նախկիններին

Sep 24, 2018 Comments Off on Հանրայինի եթերում թեկնածուներից մեկը լավ դաս տվեց ներկաներին ու նախկիններին

Հանրային հեռուստաընկերության հեռուստաբանավեճը Երևանի քաղաքապետի 8 թեկնածուների մասնակցությամբ, անցավ հանդարտ մթնոլորտում: Ասել, թե թեկնածուները կարողացան լիարժեք ներկայացնել իրենց ծրագրերը, իրավացի չի լինի: Հանրայինի հրավերը չէին ընդունել ԲՀԿ թեկնածու Նաիրա Զոհրաբյանը, Երկիր Ծիրանի կուսակցության թեկանծու Զարուհի Փոստանջյանը, ռեֆորմիստների թեկնածու Արտակ Ավետիսյանը և Ժողովրդական ուղի կուսակցության թեկնածու Մանուել Գասպարյանը /նա չէր մասնակցել մոր մահվան պատճառով/: 12 թեկնածուներից մնացած 8-ի ներկայությունը սուր բանավեճ չապահովեց, սակայն ընդհանուր համեմատական պատկերացում թեկնածուների վերաբերյալ, թերևս կարելի էր կազմել, և դա հեռուստադեբատի հիմնական նպատակն էր:
Պետք է նկատել, որ Երևանցիներ դաշինքի թեկնածու Արարատ Զուրաբյանն ու Լույս դաշինքի թեկնածու Արտակ Զեյնալյանը կարողացան ավելի արդյունավետ և հմուտ ներկայացնել իրենց իբրև Երևանի քաղաքապետի թեկնածուներ: Զգացվում էր, որ ի տարբերություն մյուսների՝ այս երկու թեկնածուն գործնականում պատկերացնում են քաղաքապետի և քաղաքային իշխանության գործն ու ֆունկցիաները: Ինչպես ասում են ՝փորձն իրենը ասում էր: Թեկնածուներից Անահիտ Թարխանյանն ու ՀՅԴ ներկայացուցիչ Միքայել Մանուկյանը աչքի ընկան ընդդիմադիր հռետորաբանությամբ. երկուսն էլ քննադատեցին իշխանությանը՝ ի դեմս Նիկոլ Փաշինյանի, որը տոտալ քարոզչություն էր իրականացրել թեկնածուներից մեկի՝ Իմ քայլը դաշինքի թեկնածու Հայկ Մարությանի օգտին: Անահիտ Թարխանյանը դա դիտարկեց վարչական ռեսուրսի չարաշահում՝ ընդգծելով, որ Փաշինյանը բոլորի վարչապետն է, այս պահին ունի բարձր վարկանիշ, հետևաբար իրավունք չուներ իր վարկանիշը օգտագործել ի շահ թեկնածու Հայկ Մարությանի:

ՀՅԴ ներկայացուցիչը ևս այդ տեսանկյունից անհավասար մրցակցություն դիտարկեց անցած քարոզարշավը: Իշխանության ներկայացուցիչ Հայկ Մարությանը անհարմար վիճակում էր՝ նրան ուղղվեցին ամենաշատ հարցերը, և ըստ էության հաղորդումը լրացուցիչ անգամ ապացուցեց, որ Մարությանի միակ առավելությունը հեղափոխական ուժի թեկնածու լինելն ու վարչապետ Փաշինյանի աջակցությունը վայելելն է: Իսկ Ժառանգության ներկայացուցիչ Րաֆֆի Հովհաննիսյանն ու ՕԵԿ թեկնածու Մհեր Շահգելդյանը, չնայած քաղաքական փորձին, որպես Երևանի քաղաքապետի թեկնածու, ամենևին չէին նայվում: Դե իսկ Հայկազուններ կուսակցության թեկնածու Գևորգ Հովսեփյանի միակ խնդիրը անձի ճանաչելիության հարցն էր, որը որոշ չափով լուծվեց:
Արարատ Զուրաբյանը հատկանշական մի հայտարարություն արեց 1999 թվականին իր՝ Կենտրոնի թաղապետ ընտրվելու վերաբերյալ: Զուրաբյանի պատմելով՝ 1998 թվականի իշխանափոխությունից հետո, երբ Լևոն Տեր-Պետրոսյանը արդեն հրաժարական էր տվել նախագահի պաշոտնից, իսկ ՀՀՇ-ն էլ հեռացել՝ իշխանությունը զիջելով Ռոբերտ Քոչարյանին ու Միասնություն դաշինքին /այս դաշինքում միավորված էին Հայաստանի հանրապետական և Կարեն Դեմիրճյանի գլխավորած Հայաստանի ժողովրդական կուսակցությունները/, ինքը, լինելով ընդդիմադիր ՀՀՇ-ի անդամ, ընտրվել է Կենտրոնի թաղապետ: Զուրաբյանի խոսքով՝ իր նկատմամբ գործադրվել են ճնշումներ, վարչական լծակներ են գործի դրվել, սակայն ամեն դեպքում իրեն հաջողվել է հաղթել և ստանալ Կենտրոնի բնակիչների մեծամասնության քվեն: Սա Հանրային հեռուստաընկերության եթերում նախկին և ներկա իշխանություններին տրված հրաշալի դաս էր: Փաստորեն Քոչարյանի իշխանության առաջին շրջանում Հայաստանում այնքան ազատ է եղել ընտրական համակարգը, որ ընդդիմության թեկնածուն դարձել է Երևանի ամենավարկանիշային համայնքի՝ Կենտրոնի թաղապետը, մի բան, որ երբեք տեղի չէր ունենա ՀՀԿ-ի ու Սերժ Սարգսյանի, թերևս նաև Նիկոլ Փաշինյանի օրոք:

Հայկ Դավթյան

Գլխավոր Թողարկում, Լուրեր, Վերլուծություն
Մեկնաբանությունները փակ են: