Ծառուկյանն ուզում է պայմանավորվել Փաշինյանի հետ՝ մինչև ընտրությունները

Sep 24, 2018 Comments Off on Ծառուկյանն ուզում է պայմանավորվել Փաշինյանի հետ՝ մինչև ընտրությունները

 

ԲՀԿ ղեկավար Գագիկ Ծառուկյանը հայտարարել է, որ «Բարգավաճ Հայաստան» կուսակցության հետ Ռոբերտ Քոչարյանը ոչ մի կապ չունի։ «Բայց դուք տեսե՞լ եք համագործակցություն, ուզում եմ հասկանալ, դուք ուզում եք խառնել ժողովրդին, թյուրիմացության մեջ դնեք։ Ասում են՝ այ, որ ընտրեք Նաիրա Զոհրաբյանին, Ծառուկյանը 5 րոպե հետո… Ռոբերտ Քոչարյանն ի՞նչ կապ ունի, իրա տունը իրա համար հանգիստ նստած էր, բզբզացիք, բերեցիք, խառնեցիք, հիմա էլ միացնում եք մեզ, ոչ մի կապ չունի, ոչ էլ մի կապ էլ չի ունենալու։ Ես ասել եմ՝ ժողովուրդ, ձեզնից ա կախված, դուք եք որոշողը, ուզում եք՝ ընդունեք, ուզում եք՝ մի ընդունեք, եթե դուք չընդունեք, նա ո՞նց կարա քաղաքականություն մտնի։ Ռոբերտ Քոչարյանը ԲՀԿ–ի հետ որևէ կապ չունի, նա առանձին հայտ ա ներկայացրել, չի կարելի մարդուն անտեղի տեղը նույն հարցը տալ»,– ասել է Գագիկ Ծառուկյանը՝ Երևանի ավագանու քարոզարշավի ամփոփիչ հանրահավաքի ժամանակ: Նման հայտարարություն Ծառուկյանն արել է ի պատասխան հարցի, թե ԲՀԿ ցուցակում կան քոչարյանական կադրեր: Խոսքը մասնավորապես Ռոբերտ Քոչարյանի եղբոր դստեր՝ Իրինա Քոչարյանի մասին է:

Ծառուկյանը նաև հատուկ շեշտել է, որ ԲՀԿ ամփոփիչ հանրահավքի «Մենք բոլորս սպիտակ ենք» ֆլեշմոբն ուղղված էր Երևանի քաղաքապետի՝ «Իմ քայլը» դաշինքի թեկնածու Հայկ Մարությանի և ոչ թե վարչապետ Նիկոլ Փաշինյանի դեմ. «Խի՞ Նիկոլ Փաշինյանին ու ոչ Հայկ Մարությանին։ Ով ուզում ա լինի, ազգը չի կարելի կիսել, ազգը չի կարելի թշնամացնել, մենք պիտի միասնական լինենք»,– ասել է  Գագիկ Ծառուկյանը։

Պատասխանելով հարցին, թե արդյոք «Ծառուկյան» խմբակցությունը կողմ կքվեարկի արտահերթ խորհրդարանական ընտրությունների անցկացմանը՝ Ծառուկյանը նշել է, որ այդ հարցը  պետք է քննարկվի խորհրդարանում. «Պետք է քննարկենք ընդհանուր, տեսնենք՝ ինչ է դա տալիս»,- նշել է Ծառուկյանը և հավելել, որ իրենք համագործակցում են Փաշինյանի հետ։

Ծառուկյանը տողատակով կարծես հասկացրել է՝ ինքը որևէ քայլի գնալուց առաջ քննարկելու հարցեր ունի: Քոչարյանի հետ իր համագործակցության  թեման այս փուլում փակելով՝ նա թերևս հասկացրել է Փաշինյանին, որ ինքը կոնկրետ պայմանավորվածություն է ուզում ունենալ մինչև գործող խորհդարանի լուծարումը: Հակառակ պարագայում կստացվի, որ կոնկրետ Ծառուկյանին Ազգային ժողովի լուծարումը ոչինչ չի տա: Մինչդեռ, եթե այդ պայմանավորվածությունը ձեռք բերվի, ԲՀԿ-ն ունի բավարար ռեսուրս Ազգային ժողովը լուծարման տանելու փոխարեն աջակցել ՀՀԿ-ին՝ խորհրդարանում ընտրել նոր վարչապետ, այն բանից հետո, երբ Փաշինյանը, արտահերթ խորհրդարնական ընտրությունների գնալու նպատակով, հրաժարական կներկայացնի: Հիշեցնենք, որ համաձայն սահմանադրության՝ Ազգային ժողովի արտահերթ ընտրություններ կարող են տեղի ունենալ այն ժամանակ, երբ վարչապետը հրաժարական ներկայացնի և Ազգային ժողովը երկու անգամ անընդմեջ չկարողանա նոր վարչապետ ընտրել:

Հայկ Դավթյան

Գլխավոր Թողարկում, Լուրեր, Վերլուծություն
Մեկնաբանությունները փակ են: