«Նրանք երեքն էլ պարտք ունեն ՀՀ ժողովրդին». Հրանուշ Խառատյան

Sep 21, 2018 Comments Off on «Նրանք երեքն էլ պարտք ունեն ՀՀ ժողովրդին». Հրանուշ Խառատյան

Ազգագրագետ Հրանուշ Խառատյանի ֆեյսբուքյան իր էջում գրել է․

«Հայաստանի Հանրապետության նախկին երեք նախագահներն էլ պարտք ունեն Հայաստանի ժողովրդին:

Հատկանշական է, որ ՀՀ երեք նախկին նախագահներն էլ հրաժարվել են մասնակցել այսօրվա՝ ՀՀ անկախության պաշտոնական տոնահանդեսին: Դա նրանցից յուրաքանչյուրի անձնական որոշումն է, և, ըստ իս, ճիշտ որոշում է: Նրանց երեքին էլ «միավորում է» 2008ի մարտի մեկը՝ տարբեր բովանադակությամբ և տարբեր ձևերով, բայց միավորում է: Երեքն էլ մարտի մեկի մասով խոր թաղած ասելիք ունեն, կամ, որ թերևս ավելի ճիշտ է՝ չբարձրաձայնելիք, լռելիք ունեն: Երեկ հրապարակվել է մարտի մեկի վերաբերյալ ՄԻԵԴ առաջին դատավճիռը: Այն կոնկրետ մարդու՝ Սաղաթելյանի գործով վճիռ է, բայց, ըստ էության, վճիռ է Հայաստանի Հանրապետության դատա-իրավական ողջ համակարգի և Հայաստանի բնակչության ոտնահարված, ճնշված իրավունքների մասին, ինչը հասունանում էր առնվազն 1996 թվականից: Հասունանում էր դրվագ առ դրվագ, կոնկրետ մարդկանց «գործերով» և ողջ հասարակության մասով՝ ընդհանրական: Հասունանում էր նաև աղքատացման-հարստացման, Հայաստանի անապատացման, բնակչության նվաստացման և հուսահատության, արտագաղթի ձևերով: Սա հետևողականորեն ժխտելը նույնպես միավորում է երեք նախագահներին: Նրանցից յուրաքանչյուրը մեղադրում է մյուս երկուսին, եթե նույնիսկ չի բարձրաձայնում, և նրանք, չարախնդալով տարբեր համակցություններով, հանդես են գալիս «երկուսը մեկի դեմ» բանաձևով՝ «երկու» չդառնալով: Կարծես դա մաքրում է իր «եսը»: Չի մաքրում: Միայն մխիթարում է կոնկրետ «եսի» կողմնակիցներին: Շատ լավ կլինի, եթե նրանցից յուրաքանչյուրն իր մեջ ուժ գտնի բարձրաձայնելու «լռելիքը»: Սա կօգնի Հայաստանի Հանրապետության կայացմանը: Նրանք երեքն էլ պարտք ունեն ՀՀ ժողովրդին: Կարո՞ղ են: Ո՞վ առաջինը կբացի լռության դուռը»:

Գլխավոր Թողարկում
Մեկնաբանությունները փակ են: