Թրամփի անսպասելի «մեսիջը» Փաշինյանին

Sep 24, 2018 1 Comment

Երեկ Նիկոլ Փաշինյանը շնորհավորական ուղերձներ է ստացել տարբեր պետությունների ղեկավարներից: Այդ շնորհավորանքների շարքում ուշագրավ է Ամերիկայի Միացյալ Նահանգների նախագահ Դոնալդ Թրամփի կողմից շնորհավորանքը, որտեղ հետաքրքական շեշտադրումներ կան:

Ամերիկյան ժողովրդի անունից շնորհավորելով Փաշինյանին և Հայաստանի ժողովրդին՝ ազգային անկախության 27-րդ տարեդարձի առթիվ, Թրամփն ասել է. «Այս տարի Հայաստանը տոնելու շատ բան ունի: Խաղաղ, ժողովրդական շարժումը մի նոր դարաշրջան բացեց Հայաստանում, և մենք պատրաստ ենք աշխատել Ձեզ հետ՝ օգնելու իրագործել կոռուպցիան արմատախիլ անելու, անկախ դատական համակարգի, քաղաքական և տնտեսական մրցակցության վրա հիմնված ներկայացուցչական ու հաշվետու կառավարում և իրավունքի գերակայություն հաստատելու ձեր ժողովրդի կամքը: Շնորհակալություն ենք հայտնում տարբեր հարթակներում ձեր հաստատուն գործընկերության, մասնավորապես՝ ՆԱՏՕ-ի գործողություններում ձեր մասնակցության և սիրիացի փախստականներին մեծահոգաբար ընդունելու համար»:

Այստեղ, Փաշինյանի թավշյա հեղափոխությանը, ակնհայտորեն, աջակցելու ուղերձ է, որը նաև պարտավորեցնող է այն առումով, որ Փաշինյանի կառավարությունից  Վաշինգտոնը կոնկրետ արդյունքներ պետք է ակնկալի ու տեսնի՝ կոռուպցիայի վերացման, անկախ դատական համակարգի, քաղաքական և տնտեսական մրցակցության ստեղծմամբ՝ առաջընթացի հասնելու նպատակով:

Այնուհետև մեկ այլ խիստ ուշագրավ դիտարկում է անում Միացյալ Նահանգների նախագահը: «Առաջիկա ամիսներին հնարավորություններ են բացվում Լեռնային Ղարաբաղի հակամարտության կարգավորման համար, որը կարող է նաև նոր հնարավորություններ բացել հայ-ամերիկյան գործակցության համար: Որպես ԵԱՀԿ Մինսկի խմբի անդամ պետություն՝ Միացյալ Նահանգները պատրաստ է աշխատել Ձեզ հետ հակամարտությանը տևական խաղաղ լուծում գտնելու շուրջ: Այս տարին նաև նշանավորվում է Հայաստանի առաջին հանրապետության և հայ-ամերիկյան բարեկամության հարյուրամյակով: Լիահույս եմ, որ 100 տարի առաջ մեկնարկած մեր գործակցությունն այսուհետ առավել կամրապնդվի: Այս առանձնահատուկ հարյուրամյա հոբելյանի առթիվ լավագույն մաղթանքներս եմ հղում Ձեզ և Հայաստանի ժողովրդին»,-ասված է ԱՄՆ նախագահի շնորհավորական ուղերձում:

Ինչպես նկատում ենք, Թրամփն ակնհայտորեն խոսում է առաջիկա ամիսներին ղարաբաղյան հակամարտության կարգավորման հնարավորությունների մասին, և որ ամենահետաքրքրականն է՝ այդ հնարավորությունն ուղղակիորեն կապում է հայ-ամերիկյան գործակցության հարցում՝ նոր հնարավորությունների հետ:

Սա առավել քան ուշագրավ «մեսիջ» է Վաշինգտոնից Փաշինյանին՝ ղարաբաղյան կարգավորման հարցում քայլ անելու ակնկալիքով:

Թամար Բագրատունի

Գլխավոր Թողարկում, Վերլուծություն

Մեկ անդրադարձ “Թրամփի անսպասելի «մեսիջը» Փաշինյանին” հրապարակմանը

  1. Հակոբ Մկրտչյան says:

    Միացյալ Նահանգների նախագահի․ ” «Առաջիկա ամիսներին հնարավորություններ են բացվում Լեռնային Ղարաբաղի հակամարտության կարգավորման համար, որը կարող է նաև նոր հնարավորություններ բացել հայ-ամերիկյան գործակցության համար: Որպես ԵԱՀԿ Մինսկի խմբի անդամ պետություն՝ Միացյալ Նահանգները պատրաստ է աշխատել Ձեզ հետ հակամարտությանը տևական խաղաղ լուծում գտնելու շուրջ: Այս տարին նաև նշանավորվում է Հայաստանի առաջին հանրապետության և հայ-ամերիկյան բարեկամության հարյուրամյակով: Լիահույս եմ, որ 100 տարի առաջ մեկնարկած մեր գործակցությունն այսուհետ առավել կամրապնդվի” շարադրանքը երկսայր սուր է: Իրավիճակը կարող է անվերահսկելի և անդառնալի վատ հետևանքների հանգել, եթե հայկական կողմը չկարողանա կացությունը վերահսկելի դարձնել։ Դրա համար կան հնարավորություններ, և դրանցից կարևորը Պատմությունը՝ հենց Նախագահի հիշատակած 100 տարվա վաղեմության իրադարձությունները այժմ կարող են անսպասելի այնպիսի հետևանքների հանգեցնել, որ ինքներս էլ զարմանանք կատարվելիքից։ Իսկ դրա համար պետք է Պատմությունը, 100-ամյա վաղեմության իրադարձությունները․ կարողանանք օգտագործել իբրև զենք՝ հզորագույն աշխարհաքաղաքական զենք։ Եթե մենք չկարողանանք այդ զենքը օգտագործել, ապա այժմ իսկ գործադրության ենթակա՝ ԱՄՆ 28-րդ Նախագահ Վուդրօու Վուիլսոնի 1920 նոյեմբերի 22-ի իրավարարական Վճռագիր-Քարտեզը կմնա փոշեծածկ՝ անիրագործելի։ Պատմությունը, պատմական իրականությունը այժմ իսկ դարձնենք զենք, հզորագույն աշխարհաքաղաքական զենք, պատռենք “սարքովի” պատմությունները․․․