Փաշինյանը դրեց Ազգային ժողովի ինքնալուծարման պայմանը

Sep 24, 2018 Comments Off on Փաշինյանը դրեց Ազգային ժողովի ինքնալուծարման պայմանը

Այս ընտրություններին «Իմ Քայլը» դաշինքի օգտին քվեարկելով՝ դուք քվեարկում եք արտահերթ խորհրդարանական ընտրությունների օգտին: Արաբկիրում ընտրողների հետ հանդիպման ժամանակ հայտարարել է Նիկոլ Փաշինյանը: Նա հիշեցրել է, որ 2 անգամ մանդատ է խնդրել՝ բանակցելու համար ժողովրդի անունից:  Առաջինը, երբ պիտի բանակցեր Սերժ Սարգսյանի հետ, երկրորդը, երբ պետք է բանակցեր վարչապետի պաշտոնակատար Կարեն Կարապետյանի հետ: «Ես այն ժամանակ դրել էի պայման, որ բանակցությունները պետք է լինեն միայն իշխանության անցնցում փոխանցման շուրջ, դուք ինձ 2 անգամն էլ տվեցիք այդ մանդատը: Ես ուզում եմ այսօր էլ, ձեր՝ երեւանցիների մանդատը ստանալ՝ ՀՀ խորհրդարնական ընտրություններին բանակցելու համար, դա շատ հզոր մանդատ է, որը ստանալով՝ ես կարող եմ գնալ եւ այդ հարցը լուծել: Այս հարցով արտահերթ խորհրդարանական ընտրություններին հասնելու համար ես ունեմ յուրաքանչյուրիդ քվեի կարիքը: Ես հույս ունեմ, որ «Իմ Քայլը» դաշինքի օգտին քվեարկելով՝ դուք ինձ կօժտեք այդ մանդատով, որպեսզի այդ արտահերթ խորհրդարանական ընտրությունների հարցը լուծենք, այն պետք է հնարավորինս արագ ու շուտ լուծել, օրհասական դարձած հարց է սա այսօր: Սեպտեմբերի 23-ին ձեր կամքին ոչ ոք չի կարող բռնանալ: Ընտրություններից հետո ինչ է տեղի ունենալու. Երբ երեւանցիները տալիս են իրենց ուժեղ մանդատը, ես այդ մանդատի վրա հիմնվելով՝ կհրավիրեմ Ազգային ժողովի խորհրդարանական բոլոր ուժերին, ԱԺ-ի նախագահության մասնակցությամբ ու կքննարկենք այդ հարցը: Սակայն այստեղ ինձ պետք է ձեր տված մանդատն ու ձեր աջակցությունը»,- հայտարարել է Փաշինյանը:

Նա ասել է նաև, որ այս խորհրդարանը չի արտահայտում ժողովրդի կամքը եւ ձեւավորվել է մի ընտրությունների արդյունքում, որը եղել է համատարած ընտրակաշառքի մթնոլորտում: Այժմ ժողովուրդն է որոշելու, թե որ քաղաքական ուժերն իրավունք ունեն խորհրդարանում ներկայացնելու ժողովրդի կամքը: Այսպիսով, Երևանի ավագանու սեպտեմբերի 23-ի ընտրությամբ, Նիկոլ Փաշինյանը ազդարարել է խորհրդարանական ընտրությունների մեկնարկը: Սերժ Սարգսյանի հրաժարականից հետո վարչապետի պաշտոնը ստանձնելով, բնականաբար, Փաշինյանը դեռ չի վերցրել իշխանությունն ամբողջությամբ: Ազգային ժողովում մեծամասնություն ունենալուց հետո միայն կարելի է փաստել, որ Հայաստանում կատարվել է հեղափոխություն կամ իշխանափոխություն: Ստացվեց այնպես, որ Երեւանի ավագանու արտահերթ ընտրություններում այժմ Փաշինյանը լուծում է համապետական ընտրությունների խնդիր: Ավագանու ընտրությունների լիակատար հաղթանակը կհոզարացնի Փաշինյանին՝ Ազգային ժողովից պահանջելու գնալ ինքնալուծարման: Եթե «Իմ Քայլը» դաշինքի թեկնածուն չստանա մեծամասնություն, և Երևանի իշխանությունը ձևավորվի կոալիցիայի սկզբունքով, ապա Փաշինյանն ստիպված է լինելու արտահերթ ընտրությունների համար ստանալ խորհրդարանական մյուս ուժերի, մասնավորապես ԲՀԿ-ի և ԵԼՔ-ի գործընկերների գործուն աջակցությունը: Հասկանալի է, որ այդ աջակցությունն անպայման ունենալու է իր գինը: Ապագա խորհրդարանում այդ ուժերի համար տեղ ունենալը, ինչպես նաև տնտեսական երաշխիքները այն գինն են, որ Փաշինյանը ստիպված կլինի վճարել, եթե ավագանու ընտրություններում չստանա մեծամասնություն: Բայց մեծամասնություն ստանալու պարագայում էլ Նիկոլ Փաշինյանը ստանալու է իշխանական բացարձակ մենաշնորհ՝ դրանից բխող բոլոր բացասական հետևանքներով: Իշխանության մենաշնորհ մենք մեկ անգամ արդեն տեսել ենք: Կոալիցիան ժողովրդավարության և քաղաքական նոր մշակույթի առումով ավելի լավ տարբերակ է, բայց վերջնական որոշումը երևանցունն է:

 

 Կարինե  Սարիբեկյան

Գլխավոր Թողարկում, Լուրեր, Վերլուծություն
Մեկնաբանությունները փակ են: