«Երկրում կստեղծվի արդեն բացահայտ երկիշխանության իրավիճակ»

Sep 20, 2018 Comments Off on «Երկրում կստեղծվի արդեն բացահայտ երկիշխանության իրավիճակ»

Սեպտեմբերի 23-ին կայանալիք Երևանի քաղաքապետի ու ավագանու ընտրություններին ընդառաջ Հայաստանի քաղաքագետների միության վարչության հայտարարությունը

Սույն թվականի ապրիլին հայ ժողովուրդը միահամուռ խաղաղ գործողություններով տապալեց ժամանակակից աշխարհում սանձարձակ կոռուպցիայի խորհրդանիշը դարձած Սերժ Սարգսյանին և վերջինիս ղեկավարած քրեաօլիգարխիկ ռեժիմը: Հայերը աշխարհի բոլոր ժողովուրդներին ցույց տվեցին իրենց ազատատենչ ոգին ու արդարամիտ մտածելակերպը` փարատելով մեր ժողովրդի մասին այն թյուր պատկերացումը, որն երկար տարիներ միտումնավոր սերմանում էր մեր համբերությունը չարաշահող ու մեր ժողովրդին ստրկամիտ զանգվածի կերպարով աշխարհին ներկայացնող սերժսարգսյանական վարչախումբը:

Արժևորելով Նիկոլ Փաշինյանի և նրա կաբինետի գործունեությունն անցած չորս ամիսների ընթացքում, մեր մասնագիտական պարտքն ենք համարում մատնանշել այն երկու հիմնական խնդիրները, որոնք դեռևս լուծում չեն ստացել և որոնց պատճառով քաղաքագետները հակված են Հայաստանում այսօր ստեղծված իրավիճակում տեսնել երկիշխանության հատկանիշներ: Այդ երկու խնդիրներն էլ` անցումային արդարադատության մարմինների ձևավորումը և Ազգային ժողովի արտահերթ ընտրությունների անցկացումը, ժողովրդական վարչապետը բնութագրել է որպես կարևորագույն ու հրատապ լուծումներ պահանջող խնդիրներ, սակայն առ այսօր դրանց լուծումը անընդհատ հետաձգվում է: Պարզ երևում է, որ Նիկոլ Փաշինյանին խանգարում են ոչ թե ինչ-ինչ հանգամանքներ «դրսից», այլ իշխանության ներսում դիրքավորված ռևանշիստական և հետադիմական «աշխարակները»:

Մեր պարտքն ենք համարում զգուշացնել մեր հանրությանը, որ եթե սեպտեմբերի 23-ի ընտրությունների առիթը երևանցիները չօգտագործեն հանրապետական-բհկական ուժերին ջախջախիչ և վերջնական պարտության մատնելու համար, ապա երկրում կստեղծվի արդեն բացահայտ երկիշխանության իրավիճակ, որի հաղթահարումը խաղաղ ճանապարհով հետո կլինի չափազանց դժվար, եթե ոչ` նույնիսկ անհնարին: Այսօր դեռ հնարավոր է մերժել հետադիմական-ռևանշիստական ուժերին` այնպես, ինչպես մենք մերժեցինք նրանց պարագլուխ Սերժ Սարգսյանին` խաղաղ անարյուն ճանապարհով: Այդ ճանապարհը սեպտեմբերի 23-ի ընտրություններին «Իմ քայլը» դաշինքի օգտին քվեարկելն է: Այլընտարանքն անորոշությունն է, որը քաղաքական գործընթացները կմտցնի փակուղի, կստեղծի պատային իրավիճակ և հակահեղափոխական թերմիդորի իրականացման ռեալ վտանգ:

Խաղաղ ճանապարհով, արդար ընտրությունների միջոցով այդ իրական վտանգը կանխելու անհրաժեշտության գիտակցումն է ստիպել վարչապետ Նիկոլ Փաշինյանին անձամբ մասնակցել «Իմ քայլը» նախընտրական դաշինքի քարոզարշավին և միայն իրեն հատուկ ոճով կրքոտ ելույթներ ունենալ ի պաշտպանություն Հայկ Մարությանի: Խաղաղ ճանապարհով, քվեարկության միջոցով հակահեղափոխական թերմիդորի վտանգը կանխելու անհրաժեշտության գիտակցումն է մեզ ստիպել հանդես գալու սույն հայտարարությամբ և հորդորելու բոլոր երևանցիներին քվեարկել «Իմ քայլը» դաշինքի օգտին:

Գլխավոր Թողարկում
Մեկնաբանությունները փակ են: