ՀԱՊԿ-ը՝ հայ-ադրբեջանական սահմանում ստեղծված իրավիճակի մասին. ով է թերացել

Sep 20, 2018 Comments Off on ՀԱՊԿ-ը՝ հայ-ադրբեջանական սահմանում ստեղծված իրավիճակի մասին. ով է թերացել

Հավաքական անվտանգության պայմանագրի կազմակերպության միացյալ շտաբի պետ Անատոլի Սիդորովը նշեց, որ Հայաստանի կողմից որևէ դիմում չի ստացվել հայ-ադրբեջանական սահմանում ստեղծված իրավիճակի կապակցությամբ:

Ինչպես տեղեկացնում է «Արմենպրես»-ը, Մոսկվա-Երևան-Մինսկ-Բիշքեկ-Աստանա տեսակամրջի ժամանակ պատասխանելով լրագրողի հարցին, թե արդյոք ՀԱՊԿ-ը չի՞ պատրաստվում ինչ-որ կերպ արձագանքել հայ-ադրբեջանական սահմանին առկա լարվածությանը, Սիդորովը պատասխանեց. «Այսօրվա դրությամբ հակամարտության կողմերը իրենք զբաղվում են իրավիճակով և Հայաստանից ՀԱՊԿ-ին որևէ դիմում չի ստացվել այդ կապակցությամբ: Կարծում եմ, որ տեղում հակամարտող կողմերը հարցը կլուծեն` առանց ՀԱՊԿ-ի ուժի կիրառման»,-ասաց Սիդորովը:

Վերջին մի քանի օրերին ադրբեջանական զինված ուժերի կողմից դարձյալ գնդակոծվել են Հայաստանի Հանրապետության Տավուշի մարզի սահմանամերձ գյուղերը: Մարդու իրավունքների պաշտպանի աշխատակազմին տրամադրված տվյալները վկայում են, որ Բաղանիս գյուղում կրակոցներն արձակվել են գյուղի դպրոցի, քաղաքացիական տների ու գյուղ տանող ավտոճանապարհի ուղղությամբ: Սեպտեմբերի 19-ին ՀՀ հյուսիսարևելյան ուղղությամբ տեղակայված զորամասերից մեկի պատասխանատվության տարածքում, ըստ նախնական տվյալների, հակառակորդի կողմից արձակված կրակոցից պարանոցի շրջանում հրազենային գնդակային վիրավորում է ստացել պայմանագրային ժամկետային զինծառայող, շարքային Հայկազ Բաբկենի Մաթևոսյանը: Զինվորական հոսպիտալ տեղափոխելիս շարքային Հ. Մաթևոսյանը մահացել է:

Գլխավոր Թողարկում
Մեկնաբանությունները փակ են: