Ծակ շալվարից մինչեւ ծակ փաստարկներ

Sep 22, 2018 Comments Off on Ծակ շալվարից մինչեւ ծակ փաստարկներ
Վարչապետ Նիկոլ Փաշինյանի հայտարարություններն այլեւս որեւէ քննադատության չեն դիմանում։ Նա փորձում է հերքել աքսիոմատիկ ճշմարտություններ, քննադատել երեւույթներ, որոնց մեջ նախեւառաջ ինքն է ուղնուծուծով մխրճված եւ այլն։ Դիցուք, Մալաթիա Սեբաստիա համայնքում վարչապետի մի շարք հայտարարությունները ուղղակի տպավորություն են թողնում, թե այս մարդը մեզ բոլորիս հայտնի կենդանու տեղն է դրել ու ինքն էլ նույն կենդանու համառությամբ փորձում է ապացուցել անապացուցելին։
«Եվ ես ժամանակ առ ժամանակ ոմանց անհրաժեշտություն ունեմ հիշեցնելու, որ մեր ժպիտները հանկարծ չընկալեն որպես թուլություն: Մենք ժպտում ենք, բայց մենք չենք կատակում, Հայաստանում արտոնյալներ չպետք է լինեն և չեն լինելու: Հայաստանում օլիգարխներ չկան և չեն լինելու, Հայաստանի վարչապետի «քիփ», վարչապետի բաջանաղ, վարչապետի «քուչի լավ տղա», «լավ տղու հետ օրթախ գործ ունենալու, 50 տոկոս փայ մտնողների ինստիտուներ չեն լինելու, մոռացեք դրանց մասին։Մարդիկ կան, ասում են՝ մենք հեղափոխությունը բա պաշտպանել ենք, բա պետք ա առանց համարների ման գանք քաղաքում, բա մեր քյարը ո՞րն ա»,- հայտարարել է նա:
Նախ Նիկոլ Փաշինյանը որեւէ մեկին ոչ թե ժպտում է, այլ որքան հիշում ենք միայն սպառնում, մատ թափ տալիս, իսկ արտոնյալների եւ առանց համարանիշներով ավտոմեքենաների մասին լավագույս խոսում է վարչապետի ու իր թիմի կենսակերպը։ Այո, դեռեւս առանց պետհամարանիշների չեք շրջում, փոխարենն օգտվում եք ճիշտ նույն ճոխ մեքենաներից, որոնց համար դատափետում էիք նախորդ իշխանություններին, ավելի մեծ թիկնազոր եք պահում, քան անում էին նախկինները։ Ավելին, պարոն վարչապետ, պետական ինքնաթիռով ընտանյոք հանդերձ այցելության եք գնում Արցախում ծառակոյող ձեր որդուն։ Չեք հրաժարվել բաղրամյան 26-ից, կառավարական ամառանոցից, այնինչ նախկինում խոստումներ էիք տալիս, թե բոլոր ճոխ բաները նվիրաբերելու եք մանկատներին։ Նույնիսկ ձեր տեղակալներն են առաջին բորտով գործուղումների մեկնում՝ պետության բեռը հազարապատկելով։ Փաշինյանի ցինիզմը այն աստիճան է մոլեգնել, որ իրեն, ինչպես ՀՀԿ խոսնակն է դիպուկ նկատել, նույնացնում է ժողովրդի հետ։ Խոսելով արտահերթ ընտրությունների եւ խորհրդարանական գործընկերների հայտարարությունների մասին, նա հայտարարեց, թե «հիմա էլ ասում են՝ արտահերթ ընտրություններ նպատակահարմար չենք գտնում, այսինքն, ուզում եք ասել, նպատակահարմա՞ր էիք գտնում, որ ես ընտրվեմ վարչապետ, նպատակահարմար պիտի ժողովուրդը գտնի, դուք ո՞վ եք»։
«Կոմպրոմատ են գտել Հայկի վրա, ասում են՝ տներ ունի, ավտո ունի, ավտոներ ունի, բա տներ ունի՝ աշխատել է, տներ է ստեղծել․․․, բա չէ, ձեր նման, ծակ շալվարով գաք դառնաք պաշտոնյա, միլիարդատեր հեռանաք»,- հայտարարում է Փաշինյանը՝ մոռանալով, որ նախկինները պատերազմի դաշտից են ոտք դրել քաղաքական արենա ու պատերազմից դղյակներով ու թանկ մուշտակներով չեն դուրս գալիս։ Իսկ եթե ակնարկում է, որ պետության միջոցներն են գրպանել ու դարձել միլիոնատերեր, ապա հիմա «զենքն» իր ձեռքում է, կարող է շատ արագ բացահայտել։ Ի վերջո, եթե նույնիսկ նախկինների կյանքը բարեկեցիկ է դարձել, ապա նրանց շնորհիվ բարեկեցիկ է դարձել նաեւ պետությունը։ Չմոռանանք, որ դիցուք՝ Ռոբերտ Քոչարյանը մինուսով բյուջե է ժառանգել, իսկ հետագայում երկնիշ տնտեսական աճի ցուցանիշներ ապահովել։ Այնպես որ, կարող էր նաեւ իր սեփական կյանքում բարեկեցություն ապահովել։ Ընդհանրապես նախկինների մասին այնպիսի անբռնազբոս բառապաշար, ինչպիսին Փաշինյանն է իրեն թույլ տալիս, մեղմ ասած տգեղ է։
Իսկ մամուլի աննախադեպ ազատության մասին խոսելն առնվազն ծիծաղելի է։ Երբ պետության ղեկավարը խոսում է ինչ-որ հեռուստաընկերության «հակապետական» քարոզի մասին, երբ հայտարարում է, որ ունի ժողովրդի անվերապահ աջակցությունն, իսկ այդ նույն ժողովուրդը սոցիալական ցանցերում հոգեխանգարմունքի հասնող վիրավորանքներով է արձագանքում ցանկացած այլակարծության, կնշանակի դա խրախուսվում է հենց իր կողմից: Ի վերջո, երկրորդ նախագահին բացառապես եթեր է տրամադրվել Երկիր մեդիայի կողմից, սա եւս ապացույցն է այն բանի, որ խոսքի ազատության աննախադեպ պայմաններ չկան Հայաստանում, այլապես վարչապետի սարսափը կհաղթահարեին եւ կհրավիերին եթերի։
Անի Սահակյան

 

Գլխավոր Թողարկում, Վերլուծություն
Մեկնաբանությունները փակ են: