Քոչարյանի վերջին հույսը

Sep 24, 2018 Comments Off on Քոչարյանի վերջին հույսը

 

 

Երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանի հերթական հարցազրույցը նախրոդներից առանձնանում է թերևս ՌԴ նախագահ Վլադիմիր պուտինի հետ իր անձնական մտերմության մասին լայնահուն շեշտադրմամբ: Կամերսանտին տված հարցազրույցում Քոչարյանը նոր բան կարծես էե չի ասել: Լրացուցիչ անգամ կրկնելով, որ ինքը վերադարձել է ակտիվ քաղաքական գործունեության, չի ասել ամենակարևորը` ինչ ձևաչափով, քաղաքական որ ուժերի  հետ համագործակցելով է մասնակցելու ընտրություններին.   «Դա կարող է լինել կուսակցություն կամ շարժում կամ գործուն աջակցություն որևէ կուսակցության»։

Հարցին, թե արդյոք որոշե՞լ է՝ սատարելո՞ւ է Հանրապետական կուսակցությանը, թե սեփական որևէ բանն է ստեղծելու, Ռոբերտ Քոչարյանը պատասխանել է, որ «դեռ չի կողմնորոշվել»։ Ստեղծված իրավիճակում հապաղելը ի վնաս Քոչարյանի է աշխատում, բայց նա ամեն դեպքում չի շտապում`  հավանաբար հասկանալով, որ  մրցակցությունը հեղափոխական ուժի հետ անհավասար է լինելու: Այս փուլում Քոչարյանը որոշել է ցուցադրել իր շահեական կողմերը: Դրանք տնտեսական ցուցանիշներն են, զարգացման տեմպը, որ եղել է իր պաշտոնավարման շրջանում: Այս համատեքստում նրա քննադատությունը գործող իշխանությունների ապաինստիտուցիոնալ  և ոչ ծրագրային քաղաքականության դեմ, հիմնավոր է: Քոչարյանը գտնում է, որ չորս ամիսը բավական ժամանակաշրջան է հասկանալու, թե «որքանով է իշխանությունը ձեռնհաս, ինչ արժեքների վրա է հենվում և արդյոք համակարգային աշխատանքի ունակ է, թե ոչ»,- նշել է նախկին նախագահը և հավելել, որ Նիկոլ Փաշինյանի իշխանությունը քաոտիկ է, չի հասկանում տնտեսությունից, չունի գործողությունների հստակ ծրագիր։ Իսկ կառավարության կազմը էկլեկտիկ է, չկան հստակ աշխարհաքաղաքական առաջնահերթություններ։

ՀՀ երկրորդ նախագահը վարչապետ Նիկոլ Փաշինյանին համեմատել է Վենեսուելայի նախկին նախագահ Ուգո Չավեսի հետ՝ ասելով, որ Փաշինյանի «անսանձ պոպուլիզմը Չավեսի ոճի լատինամերիկյան պոպուլիզմ է հիշեցնում իրեն»։

Հաջորդ հաղթաթուղթը, որ այս էլ որերոդ անգամ շահարկում է Քոչարյանը պրոռուսականության ընդգծումն ու Պուտինի հետ անձնական մտերմության շեշտադրումն է:  Պուտինի հետ մտերմության թեմայի «պերեդոզն»  այս անգամ սակայն չափից շատ է: Քոչարյանը զարմանալի մանրամասնությամբ նկարագրել է հատկապես անձնական մտերմությունն ու ընկերությունը: Սա հավանաբար նրա անուղակի պատասխանն է Նիկոլ Փաշինյանին, ով Մոսկվա կատարած վերջին այցից հետո հայտարարեց, թե իրենց մեջ որևէ խնդիր չկա, հայ-ռուսական հարաբերություններն էլ հրաշալի են: Քոչարյանն, իհարկե, չի պնդել, թե Փաշինյանը արևմտամետ կամ հակառուսական կողմնորոշում ունեցող գործիչ է. « Համարենք բոլորիս հայամետ քաղաքական գործիչներ: Սակայն, լինելով հայամետ, մենք կարող ենք խորապես սխալվել առաջնահերթությունների ընտրության հարցում: Հետեւաբար, ես կխուսափեի «ռուսամետ» կամ «արեւմտամետ» կլիշեներից: Խոսքը նրա մասին է, թե ինչպես ենք մենք ընկալում կոորդինատների համակարգը, որում գտնվում ենք: Արդյո՞ք ճիշտ ենք ընկալում: Կատարվել են ընդհանրապես անընդունելի քայլեր, եւ այժմ փորձում են դրանք ուղղել: Որքանով է դա ազնիվ՝ ցույց կտա ժամանակը»,- ասել է նա` նորից և նորից պատմելով իր ու Պուտինի ընկերության մասին: Քոչարյանը շատ լավ հասկանում է, որ Պուտինը իր վերադարձի միակ երաշխավորն է և փորձում է ընկերության իրողությունը քաղաքկան կապիտալի վերածել: Ծննդյան օրվա շնորահվորական զանգով սկսված այս գործընթացը շարունակվում է, սակայն տրամբանական ավարտին դեռ չի հասել:

Հայկ Դավթյան

Գլխավոր Թողարկում, Լուրեր, Վերլուծություն
Մեկնաբանությունները փակ են: