Խոստովանում են, որ աշխատում են, բայց արդյունք չկա

Sep 22, 2018 Comments Off on Խոստովանում են, որ աշխատում են, բայց արդյունք չկա

Այսօր արևմտյան ազդեցիկ կառույցից՝ ՆԱՏՕ-ից արցախյան խնդրի շուրջ ուղերձ է հնչել: ՆԱՏՕ-ն կոչ է արել Հայաստանին և Ադրբեջանին ակտիվացնել ջանքերը ղարաբաղյան խնդրի կարգավորման ուղղությամբ: Այդ մասին այսօր Բաքվում լրագրողներին ասել է Հյուսիսատլանտյան դաշինքի գլխավոր քարտուղարի տեղակալ Ռոուզ Գոթեմյոլլերը:

«Մենք աջակցում ենք ԵԱՀԿ Մինսկի խմբին և կոչ ենք անում Ադրբեջանի և Հայաստանի կառավարություններին՝ ջանքեր գործադրել հակամարտության խաղաղ լուծմանը հասնելու համար», հայտարարել է ՆԱՏՕ-ի բարձրաստիճան պաշտոնյան:

Ըստ երևույթին ՆԱՏՕ-ն սահմաններում լարվածության և բանակցային գործընթացի փակուղային իրավիճակում նոր ազդակ է հնչեցնում Հայաստանի ու Ադրբեջանի իշխանությունների ուղղությամբ:

Հայաստանի արտաքին գործերի նախարար Զոհրաբ Մնացականյանին էլ այսօր լրագրողները հարց են ուղղել ՀԱՊԿ-ից հայ-ադրբեջանական սահմանին տիրող իրավիճակի վերաբերյալ անտարբերության մասին: Հարցին, թե հայ-ադրբեջանական սահմանին հակառակորդի կրակոցից հայ զինվոր էր սպանվել, սակայն դեպքի վերաբերյալ ՀԱՊԿ-ը հայտարարությամբ հանդես չի եկել, Հայաստանի արտգործնախարարը պատասխանել է. «Մենք աշխատում ենք այդ շրջանակում, և ՀԱՊԿ-ի կողմից արձագանք լինել-չլինելը չի նշանակում, որ այդ կազմակերպությունում մենք մեր գործառույթը չենք իրականացնում»։

Նկատենք, որ երեկ ՀՀ ԱԳՆ մամուլի խոսնակ Տիգրան Բալայանն անդրադարձել էր վերջին օրերի հայ-ադրբեջանական սահմանի լարվածությանն, ինչպես նաև՝ Տավուշի մարզում հակառակորդի կրակոցից սպանված հայ զինծառայողի սպանությանը:

«Վերջին շրջանում Ադրբեջանը շարունակաբար գնդակոծում է հայ-ադրբեջանական պետական սահմանը՝ թիրախավորելով և վնաս հասցնելով դրա երկայնքով գտնվող բնակավայրերին, քաղաքացիական հաստատություններին և խաղաղ բնակչությանը.. Բաքվի կողմից իրավիճակի լարմանը միտված գործողությունները, զուգակցվելով ռազմատենչ հռետորաբանության հետ, խաթարում են ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահ երկրների ու միջազգային հանրության կողմից խաղաղությանը նպաստող մթնոլորտի ձևավորմանն ուղղված ջանքերը: Խստորեն դատապարտելով Ադրբեջանի քայլերը՝ միջազգային հանրության՝ առաջին հերթին ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահ երկրների ուշադրությունն ենք հրավիրում իրադրության հետագա սրումը կանխելու նպատակով Բաքվին սանձելու և կառուցողական դաշտ բերելու հրատապ անհրաժեշտության վրա»։

Ստացվում է, մի կողմից, Հայաստանը միջազգային հանրությունից ու ԵԱՀԿ Մինսկի խմբի անդամ պետություններից արձագանք է ակնկալում, մյուս կողմից՝ ՀԱՊԿ-ից սպասումներ չունի:

Կամ ի՞նչ է նշանակում, թե՝ «եթե ՀԱՊԿ-ից արձագանք չկա՝ չի նշանակում, որ մենք մեր գործառույթը չենք իրականացնում»: Այսինքն՝ աշխատում եք, բայց միևնույն է՝ արդյունք չկա՞, սա է՞ուզում ասել Հայաստանի արտգործնախարարը:

Նույնն էլ ԵԱՀԿ Մինսկի խմբի հետ տարվող աշխատանքին է վերաբերում: Վերջին մի քանի օրերին լարվածության հետևանքներն ակնհայտ էին, ինչու՞ է լռում ԵԱՀԿ Մինսկի խումբը հայ-ադրբեջանական սահմանում տիրող իրավիճակի առիթով:

Մետաքսյա Շալունց

Գլխավոր Թողարկում, Վերլուծություն
Մեկնաբանությունները փակ են: