Մարտի 1-ին տուժած Մուշեղ Սաղաթելյանի գործով ՄԻԵԴ-ը վճիռ է հրապարակել. կառավարությունը պարտավորվել է վճարել 20 000 եվրո

Sep 20, 2018 Comments Off on Մարտի 1-ին տուժած Մուշեղ Սաղաթելյանի գործով ՄԻԵԴ-ը վճիռ է հրապարակել. կառավարությունը պարտավորվել է վճարել 20 000 եվրո

Մարդու իրավունքների Եվրոպական դատարանն այսօր հրապարակել է 2008 թվականի մարտի 1-ի իրադարձությունների ժամանակ տուժած Մուշեղ Սաղաթելյանն ընդդեմ Հայաստանի գործով վճիռը։ Այս վճռի վերաբերյալ ՄԻԵԴ-ում տուժողի ներկայացուցիչ, փաստաբան Վահե Գրիգորյանը ֆեյսբուքյան իր էջում գրել է.

«Այլևս ակնհայտ է, որ անցումային արդարադատության գործընթացի նախաձեռնումն այլեւս ոչ միայն ներքին պահանջարկի, այլ նաեւ՝ միջազային իրավունքի թելադրանք է Հայաստանի համար։ Այսօր կայացված վճռով այն փաստացի սկսվում է։ Շնորհավորում եմ բոլորիս այս վճռի կապակցությամբ։ Այն Հայաստանի արդարադատության համակարգի քաղցկեղի բուժման առաջին քայլն է լինելու»։

Դատարանի կայքէջում հրապարակված փաստաթղթում նշվում է, որ մերժվել են Հայաստանի կառավարության առաջարկները և միևնույն ժամանակ արձանագրել, որ հայցվոր Սաղաթելյանի նկատմամբ դաժան վերաբերմունք է դրսևորվել, արդյունավետ քննություն չի իրականացվել, նրան կալանավորելը եղել է անօրինական և Սաղաթելյանին չի բացատրվել իրեն կալանավորելու օրինական հիմքերը։ Բացի այդ, ՄԻԵԴ վճռով կասկածի տակ է դրվել Սաղաթելյանի դատաքննության արդար լինել, չի հարգվել նրա ազատ արտահայտվելու իրավունքը

Այսպիսով, դատարանը գտել է որ Մուշեղ Սաղաթելյանի վերաբերյալ քրեական գործի շրջանակներում խախտվել են Մարդու իրավունքների եվրոպական կոնվենցիայի մի քանի հոդվածներ և այդ պատճառով Հայաստանի կառավարությունը պարտավոր է հայցվորին վճարել 15.600 եվրո՝ որպես բարոյական փոխհատուցում և 5000 եվրո՝ դատական ծախսերի դիմաց։
Գլխավոր Թողարկում
Մեկնաբանությունները փակ են: