Սատանի մայլում քյանդրբազություն է անում

Sep 22, 2018 Comments Off on Սատանի մայլում քյանդրբազություն է անում

Աուդիտորական ընկերությունն ուսումնասիրություն է կատարում Հրազդան և Էջմիածին քաղաքներում կատարված չարաշահումները բացահայտելու ուղղությամբ: Տարածքային կառավարման և զարգացման նախարար Սուրեն Պապիկյանը լրագրողների հետ զրույցում ասել է, որ Հրազդան քաղաքում կատարված չարաշահումները, նախնական տեղեկություններով, հատել են եռանիշ թվի սահմանը: Նախարարը թերևս ինչ-որ բան շփոթել է, որովհետև ամենամեծ եռանիշ թիվը, ինչպես հայտնի է, 999-ն, որը սակայն ինքնին արժանահիշատակ չարաշահում չի կարող դիտվել: Թերևս նախարար Պապիկյանը նկատի է ունեցել եռանիշ թիվը՝ արտահայտված միլիոնով կամ էլ գոնե հազարով: Բայց դե անփորձ նախարար է, դեռ թվերից այնքան էլ գլուխ չի հանում: Սա դեռ ոչինչ, կարելի էր անգամ չանդրադառնալ այս աննշան վրիպակին, եթե նախարարը մնացած հարցերում ողջամիտ կեցվածք ունենար:
Ժամանակին համայնքների խոշորացումը անխնա քննադատող Նիկոլ Փաշինյանը, ով բազմիցս հայտարարել է, որ դեմ է բոլոր տեսակի օպտիմալացումներին, փաստորեն վարչապետ դառնալուց հետո վերանայել է իր մոտեցումները: Սուրեն Պապիկյանը ասուլիսում հայտարարել է, որ ոչ միայն չեն պատրաստվում հրաժարվել համայնքների խոշորացումից, այլ նաև պատրաստվում են շարունակել նախորդ իշխանությունների օրոք սկսված համայնքների խոշորացման ծրագիրը: Որպես հիմնավորում նախարարը մատնանշում է այն փաստը, որ փոքր համայնքները տարիներ շարունակ ինքնուրույն որևէ հարց լուծել չեն կարողանում, ընդամենը սպասում են, որ բյուջեից փող ստանան. «Ես խոշորացմանը վերաբերվում եմ բավականին դրական: Քանի որ այցեր եմ ունեցել համայնքներ և շփվել եմ նաև խոշորացված և դեռևս չխոշորացված համայնքների բնակիչների հետ, կարող եմ արձանագրել, որ նախորդ իշխանությունների կողմից խոշորացման դրական և բացասական կողմերը գտնելու փորձեր չեն արվել: Այսինքն՝ եղել է քաղաքական որոշում՝ անկախ նրանից համայնքն ուզում է, թե ոչ՝ խոշորացվել է: Մենք որոշել ենք, վարչապետը նույնպես հայտարարել է, որ այսուհետ ՀՀ-ում չեն կարող լինել այնպիսի խոշորացումներ, որոնք չեն բխում համայնքի շահերից կամ համայանքի բնակիչների ցանկությունից: Նմանատիպ խնդիրների լուծումը մենք տեսնում հանրաքվեների և համայնքի բնակիչների կամարտահայտման միջոցով: Մինչ խորհրդարանական ընտրությունները մենք այս պրոցեսն առկախել ենք՝ հասկանալով այս պահին այդ ծրագիրը կյանքի չկոչելու օբյեկտիվ և սուբյեկտիվ պատճառները: Խորհրդարանական ընտրություններից հետո թե հասարակական կազմակերպությունների, թե շահագրգիռ այլ կազմակերպությունների ու համայնքների հետ կլինեն հանդիպումներ, վեր կհանվեն առկա խնդիրները, ամենակարևորը կներկայացվեն խոշորացման արդյունքում տնտեսական հնարավոր արդյունավետ ցուցանիշները»,- հայտարարել է նախարարը և հավելել, որ նախկին իշխանությունների կողմից մշակված խոշորացման ծրագիրն ունի շատ դրական կողմեր, և ճիշտ չի լինի այն ամբողջությամբ կացնահարել:

Ինչպես կասեր Նիկոլ Փաշինյանը՝ սրան տեսեք՝ սատանի մայլում քյանդրբազություն է անում: Ականջդ կանչի, Կարե՛ն Կարապետյան: Եթե խոշորացումն այդքան լավ բան է, ու համայանքների բնակիչները խոշորացումից հետո իրենց կյանքում դրական փոփոխություններ են ունենալու, ինչո՞ւ են այդ ծրագիրն այս պահին կասեցրել մինչև խորհրդարանական ընտրությունների ավարտը: Նախարար Պապիկյանն այնքան էլ ազնիվ չէ, երբ ասում է, թե նախկինում խոշորացման դրական կողմերը լավ չեն ներկայացրել: Նախորդ իշխանություններն անընդհատ կրկնում էին, որ խոշարացումը տնտեսական ռեսուրսների արդյունավոտությունն անպայման կբարձրացնի, և դա համայնքների զարգացման միակ ճանապարհն է: Բայց այդքանով հանդերձ՝ համայնքներում մեծ դժգոհություն կար, և այդ մասին լավագույնս վկայում է Վայոց Ձորի Շատին համայնքում ստեղծված ներկա վիճակը: Այստեղ, ինչպես հայտնի է, խոշորացումից հետո վերջերս տեղի է ունեցել ընտրություն, որից շատինցիները դժգոհ են մնացել, քանի որ խոշորացված համայնքի ղեկավար է ընտրվել մեկ այլ համայնքի ներկայացուցիչ: Արդեն 10 օր շարունակ շատինցիները գրավել են գյուղապետարանը և թույլ չեն տալիս նոր ղեկավարին մտնել այնտեղ: Թերևս Պապիկյանն ու կառավարության մնացած անդամները հասկանում են, որ խոշորացումը դժգոհության ալիք է բարձրացնելու, այդ իսկ պատճառով էլ ծրագիրը հետաձգել են խորհրդարանական ընտրություններից հետո: Իդեպ, նախորդ իշխանությունը ևս նույն կերպ վարվեց՝ խոշորացումներն ու օպտիմալացումներն սկսվեցին 2017-ի խորհրդարանական ընտրություններից անմիջապես հետո: Նույն բանը ուզում են անել նաև նորերը: Այդ դեպքում նրանք ինչո՞վ են տարբերվում Սերժ Սարգսյանից ու Կարեն Կարապետյանից:

Հայկ  Դավթյան

Գլխավոր Թողարկում, Լուրեր, Վերլուծություն
Մեկնաբանությունները փակ են: