ՀՀԿ-ն սեփական «դատախազությունը» հիմնեց

Sep 20, 2018 Comments Off on ՀՀԿ-ն սեփական «դատախազությունը» հիմնեց

Այսօր ԱԺ արդարադատության իրականացմանը խոչընդոտելու, արդար դատաքննության իրավունքի եւ հեռախոսային խոսակցությունների գաղտնիությունը խախտելու փաստերի առնչությամբ ստեղծված ԱԺ քննիչ հանձնաժողովի առաջին նիստն էր:

Հիշեցնենք, որ հանձնաժողովը ստեղծելու անհրաժեշտությունն առաջացավ ԱԱԾ եւ ՀՔԾ ղեկավարների գաղտնալսումից հետո։ Ելք եւ ԲՀԿ խմբակցությունները դեմ էին դրա ձեւավորմանը, ասում էին, որ նախաքննություն է ընթանում, ինչն օրենքով անթույլատրելի է դարձնում հանձնաժողովի ստեղծումը։ Սակայն ՀՀԿ մեծամասնության եւ ՀՅԴ-ական պատգամավորների աջակցությամբ հանձնաժողովը ստեղծվեց։ Չնայած այդ հանգամանքին, առաջին նիստին ներկայացել էին նաեւ Ելք-ի եւ ԲՀԿ-ի պատգամավորները։ Հանձնաժողովի նախագահ ՀՀԿ խմբակցության պատգամավոր Գեւորգ Կոստանյանը նիստը սկսելուն պես ելույթ ունեցավ․ «Մեր խորին համոզմամբ վտանգված են երկրում երաշխավորված իրավունքի իրացման եւ արդար դատաքննության իրավունքի ապահովման սկզբունքը: Սա մտահոգիչ է: Հիմնական մտահոգության առարկա է հանդիսանում այն հանգամանքը, որ եթե ԱԱԾ եւ ՀՔԾ պետին գաղտնալսում են, դա նշանակում է, որ որեւէ անձ երաշխավորված չէ իր կյանքի իրավունքի անօրինական գաղտնալսմանը: Իսկ դա մարդու իրավունքների եւ հիմնարար ազատությունների պաշտպանության կոնվենցիայի 8-րդ հոդվածով, մեր Սահմանադրությամբ եւ օրենքներով նախատեսված իրավունք է»: Կոստանյանն առաջարկեց հետաձգեն նիստը մեկ շաբաթով եւ այդ ընթացքում որոշեն իրենց անելիքները, մասնավորապես, որ պետական մարմիններից ի՞նչ փաստաթղթեր պետք է պահանջենլ, որոնք առնչվում են գաղտնիության ապահովմանը եւ արդարադատության խոչընդոտմանը, միջազգային որ մարմիններից հրավիրել մասնագետներ, ինչ մասնագիտացմամբ եւ այլն։

Նշենք, որ Քննիչ հանձնաժողովի քննության առարկա չեն կարող հանդիսանալ նախնական քննության կամ դատավարության որեւէ այլ փուլում գտնվող հարցերը, ինչպես նաեւ այն հարցերը, որոնք հաստատվել կամ հերքվել են օրինական ուժի մեջ մտած դատական ակտով: Հիշեցնենք, որ նշված գաղտնալսման փաստով երկու քրգործ կա հարուցված, առաջինը գաղտնալսման փաստով, թե ով է ապօրինի գաղտնալսել բարձրաստիճան պաշտոնյաներին, երկրորդն էլ հեռախոսազրույցում առկա առեւույթ միջամտությամբ դատավորի նկատմամբ։ Թեպետ նախաքննակատն տվյալների հանձնաժողովը չի տիրապետելու, սակայն ինչպես նիստից հետո Կոստանյանն ասաց քննարկելու են մեխանիզմներն ու գործիքակազմը՝ հիմք ընդունելով այդ գործի օրինակը: Կոստանյանը նշեց, որ արդար դատաքննության իրավունքի պահպանումը պետության պոզիտիվ պարտավորությունն է, պետք է բացառի արդար դատաքննության իրավունքի ցանկացած անօրինական դրսեւորում․«Մենք հարցնելու ենք, թե դատախազության հսկողությունը տվյալ դատավարական գործողությունների իրականացման մասով առնվազն պատշաճ եղե՞լ է, թե՞ չի եղել, այսինքն, հսկողություն եղե՞լ է, թե՞ չի եղել, կամ պատշա՞ճ է եղել»: Եթե ավելի պարզ ձեւակերպենք, ՀՀԿ-ն նախաձեռնել է այլընտրանքային դատախազություն՝ նախկին գլխավոր դատախազ Գեւորգ Կոստանյանի ղեկավարությամբ, որը հսկողություն է իրականացնելու դատախազության գործողությունների նկատմամբ եւ թույլ չի տալու, որպեսզի Արթուր Դավթյանը իշխանահաճո գործողություններ իրականացնի։

Անի Սահակյան

Գլխավոր Թողարկում, Վերլուծություն
Մեկնաբանությունները փակ են: