Փաշինյանը նման է Ուգո Չավեսին. Քոչարյան

Sep 19, 2018 Comments Off on Փաշինյանը նման է Ուգո Չավեսին. Քոչարյան
Հայաստանի երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանը «Коммерсант» պարբերականին տված հարցազրույցում հայտարարել է, որ կներգրավվի քաղաքական գործընթացներում:
«Դա կարող է լինել կուսակցություն, կարող է լինել շարժում, կարող է լինել որոշ կուսակցությունների ակտիվ աջակցության տեսքով, կարող է անձնավորված կամ ոչ անձնավորված լինել… Կարելի է ասել, որ ես դեռ չեմ կողմնորոշվել: Այդ թվում այն բանի մասով, թե ինչ տեղի է ունենում: Չեմ կարծում, որ Հայաստանում որևէ մեկը գիտի, թե ինչ է տեղի ունենում», — ասել է նա:
Միևնույն ժամանակ նա նշել է, որ Հայաստանում իշխանափոխություն է տեղի ունեցել:
«Կարծում եմ՝ Փաշինյանը զգացել է բողոքական տրամադրություններ և ժամանակին գործել, ինչն էլ հանգեցրել է իշխանափոխության: Դա տպավորիչ էր», — ասել է Ռ. Քոչարյանը:
Նա նշեց, որ մարդիկ հոգնել էին նախկին իշխանություններից:
«Հակառակ դեպքում հազիվ թե նման զանգվածային շարժում լիներ: Բայց գիտե՞ք, իշխանության հնարավոր է գալ պոպուլիզմի միջոցով. ժամանակակից պատմության մեջ շատ են նման օրինակները: Այդպիսի իրավիճակներում հեշտ է իշխանության գալը և շատ ավելի բարդ՝ դրանից հեռանալը: Դու գալիս ես պոպուլիզմով, իսկ հեռանալ պետք է արժանապատվությամբ և իրական արդյունքներով: Չորս ամիսը ցույց է տվել, որ գրեթե բոլոր ոլորտներում շարունակվում են խնդիրներ կուտակվել: Եվ դա քաղաքականություն իմ վերադարձի պատճառներից մեկն է», — ասել է Հայաստանի երկրորդ նախագահը:
Նրա խոսքով՝ չորս ամիսը բավարար ժամանակահատված է՝ հասկանալու, թե որքանով են իշխանություններն իրավասու, ինչ արժեքների վրա են հիմնվում, և արդյոք կարող են համակարգային աշխատանք կատարել, և այդ ընթացքում նա հասկացել է, որ նոր իշխանությունը «քաոսային է, տնտեսական իրավիճակին չի տիրապետում, չունի գործողությունների հստակ ծրագիր:
Կառավարության կազմը էկլեկտիկ է, չկան հստակ աշխարհաքաղաքական առաջնահերթություններ»:
«Կա բավականին վառ առաջնորդ, սակայն պոպուլիզմի նրա անզուգական ձգտումը լուրջ մտահոգությունների տեղիք է տալիս: Դա ինձ հիշեցնում է լատինաամերիկյան պոպուլիզմն՝ Ուգո Չավեսի ոճով: Եթե համեմատեք նույնականությունը, ապա դա շատ նման է», — նշել է Ռ.Քոչարյանը:
Սակայն, ըստ նրա, Փաշինյանը, գուցե, երկնաքար կամ գիսաստղ է, որը շատ արագ այրվում է:
Գլխավոր Թողարկում
Մեկնաբանությունները փակ են: