Կադաստրի կոմիտեի նորանշանակ ղեկավարի ունեցվածքը

Sep 19, 2018 Comments Off on Կադաստրի կոմիտեի նորանշանակ ղեկավարի ունեցվածքը

«Փաստ» թերթը գրում է. «Անշարժ գույքի կադաստրի կոմիտեի նորանշանակ ղեկավար Սարհատ Պետրոսյանը Բարձրաստիճան պաշտոնատար անձանց էթիկայի հանձնաժողովին է ներկայացրել 2018թ. պաշտոնը ստանձնելու հայտարարագիրը:

Ներկայացված փաստաթղթից տեղեկանում ենք, որ Ս. Պետրոսյանը հայտարարագրել է բնակարան, ինչպես նաեւ «բազմաբնակարան բնակելի շենքը` մեկից ավելի բնակարաններ, ոչ բնակելի եւ ընդհանուր օգտագործման տարածքներ ունեցող շինություն» (թյուրիմացություններից խուսափելու համար շեշտենք, որ հայտարարագրում փաստացի նշված է բազմաբնակարան շենք, այլ ոչ թե բնակարան՝ բազմաբնակարան շենքում, ուստի հասկանալի չէ՝ նրան է պատկանում ողջ շինությո՞ւնը, թե՞ միայն բնակարան այդ շենքում):

Սարհատ Պետրոսյանը հայտարարագրել է նաեւ երկու «BMW X1 2.0» եւ «MITSUBISHI PAJERO PININ 1.8» մակնիշի ավտոմեքենաներ:

Պաշտոնը ստանձնելու օրվա դրությամբ դրամական միջոցները կազմել են շուրջ 10 686 576 ՀՀ դրամ, 2615 եվրո եւ 793 ԱՄՆ դոլար:

Երկու տարբեր աշխատանքներից ստացած աշխատավարձերի եկամուտը կազմել է 3 205 260 եւ 841 500 ՀՀ դրամ: Եկամուտների հանրագումարը կազմել է 4 046 760 ՀՀ դրամ:

Սարհատ Պետրոսյանը ճարտարապետ է, քաղաքաշինարար: Անշարժ գույքի կադաստրի կոմիտեի ղեկավար պաշտոնին է նշանակվել օգոստոսին: Մինչ այդ նա նաեւ հիմնադրել եւ ղեկավարել է «Ուրբանլաբ» քաղաքային անկախ հետազոտական կազմակերպությունը (2012–2018 թթ): Հեղինակել կամ համահեղինակել է Հայաստանում եւ արտերկրում հրատարակված 18 աշխատություն։ Հանդիսանում է ՀՀ ճարտարապետների պալատի, «Թրանսփարենսի ինթերնեշնլ» հակակոռուպցիոն կենտրոնի եւ «Եվրասիա համագործակցություն» հիմնադրամի խորհուրդների անդամ»:

Մանրամասն՝ թերթի այսօրվա համարում:

Գլխավոր Թողարկում
Մեկնաբանությունները փակ են: