Ամեն նոր չէ, որ առաջադեմ է, ամեն առաջադեմ չէ, որ օգտակար է. Շարմազանով

Sep 19, 2018 Comments Off on Ամեն նոր չէ, որ առաջադեմ է, ամեն առաջադեմ չէ, որ օգտակար է. Շարմազանով

Սիրելի հայրենակիցներ, վերջին ամիսների ընթացքում բազմիցս ներկայացրել եմ ներքաղաքական և արտաքին քաղաքական իրադրության վերաբերյալ իմ մոտեցումները, սակայն այսօր ձեռնպահ կմնամ նոր իշխանությունների թերություններն ու սխալները մատնանշելու գայթակղությունից և կներկայացնեմ իմ տեսակետը ոչ պակաս կարևոր հարցերի վերաբերյալ:

Խոսքն ազգային և քրիստոնեական արժեքների կարևորության, ինչպես նաև այդ արժեքների նկատմամբ համակարգված հակաքարոզչություն կազմակերպելու մասին է: Գաղտնիք չէ, որ ես ազգային-պահպանողական քաղաքական հայացքների տեր եմ, որը նաև մերժում է հեղափոխությունները:

Պահպանողականի համար բացարձակ արժեք են Աստված, Հայրենիք, ազգ, եկեղեցի: Շատերը սխալմամբ պահպանողականությունը փորձում են ներկայացնել հնի քարոզչություն, բայց իրականում այն ոչ թե հնի, այլ հավիտենականի արժևորում է:

Կուզեմ ասել՝ ամեն նոր չէ, որ առաջադեմ է, ամեն առաջադեմ չէ, որ օգտակար է:

Վերջին ամիսները լի էին մտահոգիչ իրադարձություններով` ներխուժում Մայր աթոռի վեհարան, հարձակումներ Ամենայն Հայոց Կաթողիկոսի վրա, նույնասեռականության բացահայտ քարոզ և նմանատիպ երևույթներ:

Որոշ մտահոգիչ հարցերին օրենսդրական կարգավորում տալու համար շուտով գործընկերներիս հետ հանդես կգանք մի շարք օրենսդրական նախաձեռնություններով:

Գործը հասել է նրան, որ որոշ ծայրահեղ գործիչներ հարցականի տակ են դնում Հայոց եկեղեցու պատմություն առարկայի դասավանդման արդյունավետությունը դպրոցում: Անհանգստացնող է, որ նոր կառավարությունն այս կարևոր հարցի վերաբերյալ իր հստակ ու վերջնական կարծիքը չի ներկայացրել, ավելին՝ կառավարության ծրագրի ընդունման ժամանակ ԱԺ-ում այս կարևոր հարցի վերաբերյալ ուղիղ հարցադրում եմ արել Փաշինյանին, սակայն վերջինս գերադասեց չպատասխանել:

Անտեղյակներին ցանկանում եմ իրազեկել, որ պետականության բացակայության պայմաններում մեր եկեղեցին է իր վրա վերցրել հայ ազգի կրթության և պաշտպանության գործը: Թե՛ Ավարայրում և թե՛ Սարդարապատում մեր կաթողիկոսները կոչ արեցին ազգային համախմբման:

Ի տարբերություն արևմուտքի, մեր եկեղեցին ոչ միայն չի ճնշել գիտության և կրթության զարգացումը, այլ խրախուսել է այն: Վառ ապացույց են Անիի, Սսի, Գլաձորի, Տաթևի, Հաղպատի և Սանահինի համալսարանները:

Կրթությունը պե՞տք է ունենա ազգային նկարագիր, թե՞ ոչ: Համոզված եմ` այո: Ինչպես կասեր Գարեգին Նժդեհը. «Հայրենապաշտական հասարակությունը պետք է լինի մեր փրկության խարիսխը, հայ դպրոցը պետք է վերածվի հայրենագիտության տաճարի, որտեղ Հայրենիքի մասին չպետք է խոսվի ճիշտ այնպես, ինչպես Սահարայի անապատի մասին»:

Հետևաբար դպրոցներում ազգային և հոգևոր արժեքների դասավանդման արդյունքում կարելի է կրթել գաղափարապաշտ երիտասարդություն, իսկ այդ ամենին անհնար է հասնել առանց Հայոց եկեղեցու պատմության առարկայի դասավանդման:

Գլխավոր Թողարկում
Մեկնաբանությունները փակ են: