Մոտենում է պատերազմի ստարտի փուլը

Sep 20, 2018 Comments Off on Մոտենում է պատերազմի ստարտի փուլը

Ֆիզուլիի ուղղությամբ երեք օր առաջ «հայկական գնդակից» սպանվել է Ադրբեջանի զինված ուժերի զինծառայող, 1999թ․ ծնված Գյանջայի Քապազ շրջանի բնակիչ Իբրահիմ Ջեյհուն օղլու Ալլահվերդիևը, ըստ Ռազմինֆոյի, հայտնել է ադրբեջանական ընդդիմադիր Meydan TV լրատվական կայքը։ Բացի այդ, Meydan TV-ի լրագրող Հեբիբ Մյունթեզիրը իր ֆեյսբուքյան էջում հայտնել է, որ կան ևս մեկ զոհ ու մեկ վիրավոր, որոնց մասին մանրամասն տվյալներ չկան։

Նիկոլ Փաշինյանը սեպտեմբերի 18-ին աշխատանքային այց է կատարել Արցախ: Նրան ուղեկցել են ՀՀ ՊՆ Դավիթ Տոնոյանը և ԶՈւ-երի ԳՇ պետ գեներալ-մայոր Արտակ Դավթյանը: Վարչապետն ԱՀ նախագահ Բակո Սահակյանի հետ Հայաստանի ու Արցախի Հանրապետությունների պաշտպանության նախարարներ` Դավիթ Տոնոյանի, Լևոն Մնացականյանի, ինչպես նաև ՀՀ զինված ուժերի գլխավոր շտաբի պետ Արտակ Դավթյանի ուղեկցությամբ այցելել է Արցախի հյուսիսային հատվածի պաշտպանական դիրքեր:

Հայկական երկու հանրապետությունների ղեկավարներին ներկայացվել են ինժեներական և ամրաշինական ենթակառուցվածքները, հուսալի պաշտպանություն իրականացնելու նոր տեխնոլոգիաները, նոր սպառազինությունը, դիրքերում անձնակազմի անվտանգության բարձրացմանն ուղղված աշխատանքները, տեխնիկական հագեցվածությունը: Նիկոլ Փաշինյանը և Բակո Սահակյանն ուսումնական կետում հետևել են նաև ըստ պայմանական սցենարի ցուցադրական հատուկ մարտավարական պարապմունքների ընթացքին:

«Մարտական դիրքեր այցելելու առաջին նպատակն է տեղում իրավիճակին, զինվորների ծառայության պայմաններին ծանոթանալը, օպերատիվ իրավիճակի մասին պատկերացում կազմելը: Ամեն ինչ կարգին է, ըստ էության կարող ենք վստահաբար ասել, որ և՛ Հայաստանի զինված ուժերի, և՛ պաշտպանության բանակի կողմից իրավիճակը լիովին վերահսկվում է: Հոգով, սրտով մշտապես զինծառայողների հետ ենք, այնպես որ պետք է դուխով լինենք, մեր զույգ պետությունների և մեր միասնական ժողովրդի առջև ծառացած խնդիրները լուծենք»,- ասել է վարչապետ Փաշինյանը:

Փաշինյանն Արցախից վերադառնալիս Ֆեյսբուքի ուղիղ եթերում պատմել է իր մեկօրյա մասին: «Ուզում եմ տեղեկացնել, որ առաջնագծում վիճակը բավականին լարված է, բայց կայուն կարելի է համարել այդ իրավիճակը և վերահսկելի: Հայաստանի զինված ուժերը և Պաշտպանության բանակը վստահորեն վերահսկում են իրավիճակը», – ասել է վարչապետը՝ շարունակելով․ – «Արցախի նախագահի հետ, նաև զինված ուժերի ներկայացուցիչների հետ քննարկեցինք Ղարաբաղի հարցի շուրջ ստեղծված ընթացիկ վիճակը, քննարկեցինք մեր դիրքորոշումները այդ հարցի կապակցությամբ: Նաև ռազմաքաղաքական իրավիճակի վերաբերյալ քննարկումներ ունեցանք և հստակ արձանագրեցինք, որ չկա որևէ կասկած, որ մեր զինված ուժերը վստահորեն վերահսկում են իրավիճակը, և անհրաժեշտ պատասխան են տալիս Ադրբեջանի զինված ուժերի սադրանքներին․․․ Մենք պատրաստ ենք խաղաղության, իրապես խաղաղ բանակցությունների, բայց մենք պատրաստ ենք նաև պատերազմի: Սա շատ կարևոր արձանագրում է, և կարծում եմ, որ այս արձանագրումը պետք է բոլորին հստակ լինի Հայաստանում և նրա սահմաններից, դուրս»:

Փաշինյանն, այսպիսով, Ադրբեջանում անցկացվող զորավարժությունների ֆոնին, որտեղ Հայաստանը թշնամի պետություն է նշվում, արձանագրում է, որ չնայած որ առաջնագծում վիճակը բավականին լարված է, բայց կարելի է համարել այդ իրավիճակը կայուն և վերահսկելի:

Ալիևին հստակ հասկացվում է, որ սա չի նշանակում, որ հայկական կողմը պատերազմ է ցանկանում կամ պատերազմ է հրահրում: Այս կերպ, Փաշինյանը փորձում է Ալիևին տեղափոխել կառուցողական բանակցությունների դաշտ:

Կվերցնի՞ Փաշինյանի նետած ձեռնոցը Ալիևը, կամ՝ ինչպե՞ս կվերցնի, ցույց կտա ժամանակը:

Թամար Բագրատունի

Գլխավոր Թողարկում, Վերլուծություն
Մեկնաբանությունները փակ են: