Փաշինյանի կառավարության մեծ բացը

Sep 20, 2018 Comments Off on Փաշինյանի կառավարության մեծ բացը

Վարչապետ Նիկոլ Փաշինյանի հուլիսի 2-ի որոշմամբ` ՀՀ-ԵՄ Համապարփակ և ընդլայնված գործընկերության համաձայնագրի կիրարկումն ապահովելու նպատակով միջգերատեսչական հանձնաժողով ստեղծելու վերաբերյալ որոշում էր կայացվել:

Միայն սեպտեմբերի սկզբին ՀՀ-ԵՄ Համապարփակ և ընդլայնված գործընկերության համաձայնագրի և ՀՀ-ԵՄ Գործընկերության առաջնայնություններ փաստաթղթի կիրարկումն ապահովող միջոցառումները համակարգող միջգերատեսչական հանձնաժողովի նախագահ, փոխվարչապետ Մհեր Գրիգորյանի գլխավորությամբ կայացել էր հանձնաժողովի հերթական նիստը, որի ընթացքում քննարկվել են ՀԸԳՀ առևտրին առնչվող գլուխները: Նիստին որպես հիմնական զեկուցող հանդես էր եկել տնտեսական զարգացման և ներդրումների նախարարի տեղակալ Մանե Ադամյանը, ով ներկայացրել է առևտրի ոլորտում ճանապարհային քարտեզի նախագծի ձևավորման ուղղությամբ տարվող աշխատանքների ընթացքը: Նիստի մասնակիցները անդրադարձել են առևտրի ոլորտում իրենց մարմիններին առնչվող պարտավորությունների կատարման ուղղությամբ տարվող աշխատանքներին: Այնուհետև քննարկվել են միջգերատեսչական հանձնաժողովի հետագա աշխատանքների կազմակերպմանը վերաբերող հարցեր:

Ժամանակն է, որպեսզի կառավարությունն, առհասարակ, ավելի լուրջ մոտեցում ցուցաբերի ՀՀ-ԵՄ հարաբերությունների հարցում: Հայաստանի և Եվրոպական Միության միջև Համապարփակ և ընդլայնված գործընկերության համաձայնագրի կիրարկումն ապահովելու նպատակով միջգերատեսչական հանձնաժողովն այսուհետ պետք է առավել հետևողական աշխատանք տանի ու ներկայացնի առաջնահերթությունները ու այն աշխատանքները, որոնք իրականացվում են:

Առայժմ հայտնի չէ, թե համաձայնագրի հետ կապված մինչ այսօր կոնկրետ քայլեր իրականացվո՞ւմ են: Ի դեպ, ՀՀ-ում ԵՄ դեսպան Սվիտալսկին մի քանի անգամ հստակ հայտարարեց, որ Հայաստանը պետք է ներկայացնի, թե ինչ նոր քայլեր է ակնկալում և համապատասխանաբարս, դրանից հետո միայն ակնկալիքներ ունենա ԵՄ-ից:

Փաշինյանը հանդիպել է Գերմանիայի կանցլերի հետ, Ֆրանսիայի նախագահի հետ, ԵՄ բարձրաստիճան պաշտոնյաների հետ, այսինքն, ԵՄ առաջատար պետությունների ղեկավարների հետ բանակցություններում ԵՄ-ի փոխհարաբերությունները նոր մակարդակի հասցնելու ամենապատեհ պահն էր:

Հիշեցնենք, որ օգոստոսին Նիկոլ Փաշինյանի հետ համատեղ ասուլիսում Գերմանիայի կանցլեր Անգելա Մերկելը՝ պատասխանելով հարցին, թե ՀՀ-ԵՄ վիզայի ազատականացման խնդիրը ե՞րբ կլուծվի, պատասխանել էր. «Մենք հասկանում ենք, որ Վրաստանի և Ուկրաինայի հետ կապված, որոնց հետ ունենք նաև Ասոցացման համաձայնագրեր, արդեն վիզաների ազատականացում իրականացվել է, դա սերտորեն առնչվում է նաև միգրացիոն քաղաքականության հարցերի հետ: Մենք ակնկալում ենք, որ այդ հարցն առաջընթաց կունենա, և մենք ամեն ինչ կանենք դրա համար»:

Երեկ ՀՀ ԱԺ պատգամավոր, արտաքին հարաբերությունների մշտական հանձնաժողովի նախագահ Արմեն Աշոտյանը ֆեյսբուքյան իր էջում նշել էր, որ կարևոր է, որպեսզի ԵՄ-ՀՀ նոր շրջանակային համաձայնագրի վերջնական վավերացումն ավարտվի մինչև Եվրախորհրդարանի նոր ընտրությունները: «Ներքաղաքական անցուդարձի մեջ իրավունք չունենք երկրորդ պլան մղելու արտաքին քաղաքական հիմնահարցերը, որտեղ իշխանության բոլոր ճյուղերը համատեղ ջանքեր գործադրելու հնարավորություն ունեն Հայաստանի շահերը առաջ տանելու համար: Մասնավորապես, խիստ կարևոր եմ համարում ԵՄ-Հայաստան Համապարփակ և ընդլայնված համաձայնագրի վավերացման գործընթացի ինտենսիվացումը ԵՄ անդամ երկրների խորհրդարաններում: Ամառային արձակուրդներից հետո խորհրդարանական դիվանագիտության խողովակներով այս հարցի առաջխաղացումը կրկին աշխուժացել է: Կարծում եմ, գործադիր իշխանությունը նույնպես պետք է ուշադրության կենտրոնում պահի այդ խնդիրը»:

Ի դեպ, հիշեցնենք, որ այս պահին ՀՀ-ԵՄ համաձայնագիրը վավերացրել են ԵՄ 28 անդամ երկրներից 8-ը: Հայաստանի համար շատ կարևոր է, որպեսզի ԵՄ-Հայաստան նոր շրջանակային համաձայնագրի վերջնական վավերացումն ավարտվի մինչև Եվրախորհրդարանի նոր ընտրությունները, որոնք տեղի կունենան 2019 թվականի մայիսի 23-ից 26-ը:

Այսինքն, դեռևս 20 երկրներ չեն վավերացրել ԵՄ-Հայաստան նոր շրջանակային համաձայնագիրը, արդյոք ՀՀ կառավարությունը աշխատանքնե՞ր է տանում, որպեսզի այդ երկրներում գործընթացը հնարավորինս արագ ընթանա, թե՞ ամեն ինչ թողնված է ինքնահոսի:

Մետաքսյա Շալունց

Գլխավոր Թողարկում, Վերլուծություն
Մեկնաբանությունները փակ են: