ՌԴ-ին չի հետաքրքրում Փաշինյան–Քոչարյան պայքարում հաղթողի անձը.նման լարվածությունը Հայաստանում ավելի քան հաճելի է

Sep 19, 2018 Comments Off on ՌԴ-ին չի հետաքրքրում Փաշինյան–Քոչարյան պայքարում հաղթողի անձը.նման լարվածությունը Հայաստանում ավելի քան հաճելի է
«Փաստ» օրաթերթը գրում է. «Հայաստանում տեղի ունեցած իշխանափոխությունը, ի թիվս այլ հարցերի, հռչակեց նաեւ Հայաստանի սուվերենության բարձրացման գործընթաց: Նախորդ տարիներին անընդհատ շրջանառվող թեզն այն մասին, որ լեգիտիմ իշխանություն ունենալու պարագայում հնարավոր է կառուցել արժանապատիվ հարաբերություններ արտաքին դերակատարների հետ, այժմ՝ ընդդիմության իշխանության գալով եւ համաժողովրդական աջակցության առկայությամբ, շանս էր ստանում դառնալ իրականություն:
Իրականության մեջ, սակայն, այժմ Հայաստանի արտաքին քաղաքական խնդիրները չեն պակասել, եթե չասենք՝ ավելացել են:
Փաշինյան–Քոչարյան քաղաքական դիմակայությունը, այդ դիմակայության մեջ երկու կողմերի ջանքերով երրորդ կողմի ներգրավման փորձերը վերոնշյալի ապացույցն են: Հայաստանի ներսում ծագած ներքաղաքական խնդիրը տեղափոխվել է Ռուսաստանի մայրաքաղաք եւ դրսեւորվում է մի դեպքում՝ հաճախակի պաշտոնական այցերով եւ այդ այցերի ընթացքում հնչող կոմպլիմենտների տարափով, մյուս դեպքում՝ զանգերով, շնորհավորանքներով:
Բնականաբար, Ռուսաստանի նման գերտերության համար նման իրավիճակը ավելի քան հաճելի է: Փաստացի նրանք շանս ունեն մասնակցել հետհեղափոխական Հայաստանի ներքաղաքական պրոցեսներին՝ հիմնական երկու դերակատարների հետ սերտ կապերի միջոցով, ինչը նշանակում է ոչ միայն զիջել Հայաստանի սուվերենությունը, այլեւ, ըստ էության, Հայաստանի ներքաղաքական կյանքի սցենարները խմբագրելու շանս տալ այլ պետության:
Ռուսաստանին, իհարկե, չի հետաքրքրում Փաշինյան–Քոչարյան պայքարում հաղթողի անձը: Նրանց հետաքրքրում է այդ պայքարի առկայությունը, դրա հնարավորինս պերմանենտ վիճակը: Գուցե ինչ–որ պահի, երբ այդ դիմակայությունը էսկալացիայի նշաններ ցույց տա ու սպառնա դառնալ անկայունացնող գործոն Հայաստանում, նրանք փորձեն միջամտել վերջնական կերպով: Բայց այժմ, երբ դիմակայությունը ստատուս–քվոյի մակարդակում է, ռուսական կողմն առատորեն օգտվում է այդ ստատուս քվոյից՝ շահագրգռելով երկու կողմերին էլ, ֆորմալ եւ ոչ ֆորմալ աջակցություն հայտնելով, եւ այս ամենը բնականաբար արվում է ոչ անվճար»:
Առավել մանրամասն՝ թերթի այսօրվա համարում
Գլխավոր Թողարկում, Մամուլ
Մեկնաբանությունները փակ են: