Լռելյայն կոնսենսուս. ՀՀԿ ստվերային մասնակցությունը Երեւանի ավագանու ընտրություններում

Sep 19, 2018 Comments Off on Լռելյայն կոնսենսուս. ՀՀԿ ստվերային մասնակցությունը Երեւանի ավագանու ընտրություններում

«Ժամանակ» թերթը գրում է. «Թեեւ Հանրապետական կուսակցությունը չի մասնակցում Երեւանի ավագանու ընտրությանը, թերեւս լիովին հասկանալի պատճառներով, այդուհանդերձ այդ ընտրությունը անկասկած ստուգարք է նաեւ ՀՀԿ-ի համար: Ընդ որում՝ ամենեւին պատահական չեն խոսակցություններն այն մասին, որ ՀՀԿ-ն կարող է աջակցել այս կամ այն ուժին, թեկնածուին: Խնդիրն այն է, որ այստեղ հնարավոր մոտիվացիան երկկողմ է:

Բանն այն է, որ ՀՀԿ-ի համար էլ կա հարց, թե կուսակցությունն ընդհանրապես ինչի է ունակ ներկայումս կազմակերպական առումով: Ի վերջո, ակնհայտ է, որ բաց թողնելով Երեւանի ընտրությունը՝ Հանրապետականը փորձում է հնարավորինս կենտրոնանալ եւ մոբիլիզացվել խորհրդարանի արտահերթ ընտրության հեռանկարով: Եթե կուսակցությունն առաջադրվեր Երեւանում, ապա չէր ստանալու ոչինչ: Սակայն ոչ միայն չէր ստանալու ոչինչ՝ դա դեռ ոչինչ, այլ նաեւ ստանալու էր հասարակական դժգոհության եւ հնարավոր է՝ ատելության նոր դոզա: Իսկ դա կնշանակեր արդեն ձախողում ոչ միայն Երեւանում, այլ նաեւ համապետական մասշտաբի ընտրությանը: Մինչդեռ ՀՀԿ-ի համար կա խնդիր հաղթահարել խորհրդարանի անցողիկ շեմը, եւ այդ առումով, իհարկե, ավելորդ հանրային բացասական լիցքեր կուտակելը Հանրապետականին բացարձակապես պետք չէր:

Մյուս կողմից, սակայն, այդ ուժը կանգնած է ոչ միայն, այսպես ասած, բարոյա-քաղաքական ռեաբիլիտացիայի բավականին բարդ, համենայնդեպս առայժմ անլուծելի թվացող խնդրի առաջ: Բանն այն է, որ այդ խնդրի առկայությամբ առավել եւս ՀՀԿ-ի համար կարեւոր է դառնում, թե կազմակերպական ինչ սխեմաներ են պահպանվում եւ որքանով է մնացել դրանց կենսունակությունը: Ի վերջո, դրանք են լինելու խորհրդարանի ընտրությանն անցողիկ շեմի հույսը: Ահա այդ տեսանկյունից էլ ՀՀԿ-ն Երեւանի ավագանու ընտրությանը մի կողմից փորձում է գույքագրել իր ռեսուրսները, մյուս կողմից՝ հասկանալ, թե ինչպիսին է դրանց ներկայիս ներուժը:

Դա է պատճառը, որ ՀՀԿ-ն գործնականում այս կամ այն կերպ ռեսուրսային ներգրավվածություն ունի մասնակից գրեթե բոլոր կամ գրեթե բոլոր հիմնական ուժերի գործողություններում՝ այս կամ այն շերտում ներգրավված ռեսուրսներով: Ընդ որում՝ այդ ներգրավվածության մի մասը կարող է լինել ուղիղ քաղաքական համաձայնության արդյունքում, մյուս մասը՝ ավելի ցածր շերտերում, երբ ներգրավվածությունը կա՛մ չի հասնում քաղաքական ղեկավար շերտին, կա՛մ եթե հասնում է, ապա չի առաջացնում լուրջ դիմադրություն՝ նկատի ունենալով այն, որ այդ ներգրավվածությունը գործնականում չի առաջացնում վարկաբեկման քաղաքական խնդիր:

Այսպիսով, ձեւավորվում է յուրօրինակ լռելյայն կոնսենսուս, երբ ՀՀԿ-ն մի քիչ-մի քիչ ռեսուրսներ է ծառայեցնում այլ ուժերին, մյուս կողմից՝ փորձարկում է իր ներկայիս կարողությունները՝ հասկանալու համար, թե արդյո՞ք դրանք բավարար են խորհրդարանի արտահերթ ընտրությանը 5 կամ թեկուզ 3 տոկոս հավաքելու համար»:

Առավել մանրամասն՝ թերթի այսօրվա համարում

Գլխավոր Թողարկում, Մամուլ
Մեկնաբանությունները փակ են: