Սերժ Սարգսյանը մերժում է, իսկ ի՞նչ է մտածում Նիկոլ Փաշինյանը

Sep 22, 2018 Comments Off on Սերժ Սարգսյանը մերժում է, իսկ ի՞նչ է մտածում Նիկոլ Փաշինյանը

Հայաստանի երրորդ նախագահ Սերժ Սարգսյանի առանձնատան խնդիրը դեռևս լուծված չէ: «Ազատություն» ռադիոկայանի հետ զրույցում վարչապետի աշխատակազմի ղեկավար Էդուարդ Աղաջանյանը հայտարարել է, որ  կառավարության կողմից մի քանի առաջարկներ արվել են, սակայն բոլոր տարբերակները 3-րդ նախագահի գրասենյակի կողմից մերժվել են:

Սերժ Սարգսյանի գրասենյակի կողմից մատնանշվող խնդիրներն, ըստ Էդուարդ Աղաջանյանի, կապված են անվտանգության հետ. «Ըստ այդմ, մենք նրանցից ենք հայցել, որպեսզի տարբերակներ ուղարկեն մեզ: Առայժմ մեզ որեւէ բան չի ուղարկվել, եւ հաշվի առնելով, թե ինչքան է ձգձգվում այս հարցը՝ հավանաբար, այն կունենա մոտավորապես հետեւյալ լուծումը. մենք նախորդ նախագահների տրված գույքի համեմատ կընտրենք ամենահարմար եւ ամենաադեկվատ գույքը: Դա կառաջարկենք, եւ դա կլինի մեր միակ եւ վերջնական առաջարկն` անկախ նրանից՝ իրենք կառարկեն, թե ոչ»,- հայտարարել է Աղաջանյանը՝ հավելելով, որ մոտ օրերս նման առաջարկով հանդես կգան: Նա նաև տեղեկացրել է, որ Սերժ Սարգսյանն այս պահին դեռ բնակվում է կառավարական առանձնատանը:

Սերժ Սարգսյանի առանձանտան խնդիրը խորհրդանշական է նաև հեղափոխության համատեքստում: Օրենքով Հայաստանի պաշտոնաթող նախագահներին պետության կողմից տրվում է առանձնատուն մայրաքաղաքում, ցմահ ծառայողական ավտոմեքենա, անվտանգության և տնային ծառայողներ: Հայաստանի առաջին և երկրորդ նախագահներն օգտվել են այդ իրավունիքց, բնականաբար պետք է օգտվի նաև երրորդ նախագահը: Պաշտոնաթող նախագահներն իրենք են ընտրում, թե հետագայում որտեղ են ուզում ապրել։ Հայաստանի առաջին և երկրորդ նախագահները ընտրել են տարածք, որտեղ պետության միջոցներով կառուցվել է առանձնատուն: Լևոն Տեր-Պետրոսյանի առանձնատունը Հրազդանի կիրճում է գտնվում, իսկ Ռոբերտ Քոչարյանը նախընտրել է Իսակովի պողոտան:

Սերժ Սարգսյանը, սակայն, չկամեցավ որևէ տարածք ընտրել իր առանձնատան համար, նա գերադասում էր մասնավորեցնել այն նույն տարածքը, որտեղ այս պահին դեռ բանկվում է, և որը նրան տրվել էր որպես նախագահի ծառայողական առանձնատուն։ Սերժ Սարգսյանի նախագահական ժամկետի ավարտից մի քանի օր առաջ կառավարությունը որոշում ընդունեց՝ Կոնդի ծառայողական առանձնատունը որպես սեփականություն հատկացնել Սերժ Սարգսյանին: Այս փաստը հանրային և քաղաքական շրջանակներում բացասական ընդունվեց, ավելին՝ լրացուցիչ ազդակ դարձավ միանալու այդ օրերին Նիկոլ Փաշինյանի կողմից իրականացվող «Մերժի՛ր Սերժին» նախաձեռնությանը: Հարցը բարձրացվեց անգամ Ազգային ժողովի նիստում: Սերժ Սարգսյանն այն ժամանակ հայտարարեց, թե ինքն օգտվել է օրենքից, և առաջարկել էր շնորհավարել իրեն՝ Երևանում տուն ունենալու համար:

Սակայն հետագայում իրադարձություններն այլ ընթացք ստացան, և Սերժ Սարգսյանը վարչապետ ընտրվելուց հետո իր վարած առաջին իսկ նիստում հրաժարվեց Կոնդի առանձատան սեփականության իրավունքից: Դրանից հետո արդեն, երբ Սերժ Սարգսյանը հրաժարական ներկայացրեց, և վարչապետ դարձավ Նիկոլ Փաշինյանը, երրորդ նախագահի առանձնատան խնդիրը բաց մնաց: Առանձնատուն հատկացնելը կառավարության պարտականությունն է, և նախկինում այդ հարցը լուծվել է փոխադարձ համաձայնությամբ՝ հաշվի առնելով առաջին հերթին նախագահների կարծիքը: Սերժ Սարգսյանն ու Նիկոլ Փաշինյանի կառավարությունը կարծես թե չեն կարողանում ընդհանուր հայտարարի գալ ոչ միայն քաղաքական խնդիրների շուրջ, այլև անգամ կենցաղային և բարոյական հարթության վրա քննարկվող այս նուրբ հարցում:

Ի վերջո, կարելի էր այցելել Սերժ Սարգսյանի գրասենյակ, զրուցել նրա հետ և հասկանալ, թե ինչպիսին է պատկերացնում իր առանձնատունը, և տալ նրան հենց այդպիսի մի տուն կամ տարածք, որի վրա կկառուցվեր առանձնատունը: Ինչպես ժամանակին Կոնդի առանձնատունը նրանից ետ վերցնելը, այնպես էլ այսօր նոր առանձնատնով ապահովելը պետության արժանապատվության խնդիրն է: Պետք է հարգել նախկին նախագահի օրինական իրավունքը:

 

 Հայկ  Դավթյան

 

Գլխավոր Թողարկում, Լուրեր, Վերլուծություն
Մեկնաբանությունները փակ են: