Իշխանությունը կորցնելու ամենակարճ ճանապարհը մեդիայի վրա հարձակվելն է

Sep 20, 2018 Comments Off on Իշխանությունը կորցնելու ամենակարճ ճանապարհը մեդիայի վրա հարձակվելն է

Yerevan Today կայքի գլխավոր խմբագիր, մեր գործընկեր Սևակ Հակոբյանը, անդրադառնալով իրավապահ մարմինների կողմից խմբագրությունում իրականացված խուզարկությանը, հայտարարել է, որ հիմնական նպատակը իշխանությանը քննադատող լրատվամիջոցին լռեցնելն է եղել: Սևակ Հակոբյանն ասել է, որ իրավապահները խմբագրությունում փնտրում էին ոչ միայն նյութի շուտ տարածման ապացույցներ, այլև գաղտանլսող սարքեր, որոնցով ենթադրաբար կարող էր կատարված լինել ԱԱԾ և ՀՔԾ պետի սկանդալային հեռախոսազրույցը: Ինչպես հայտնի է, իրավապահները կասկածներ են ունեցել, որ Արթուր Վանեցյանի ու Սասուն Խաչատրյանի հեռախոսային զրույցի ձայնագրությունն առաջինը հրապարակվել է Yerevan Today կայքում: Խմբագրությունը դեռ մինչև այդ էլ պարզաբանում էր տվել, որ Google որոնման համակարգը սխալ էր ցուցադրել ԱԱԾ տնօրենի և ՀՔԾ պետի խոսակցության ձայնագրության հրապարակման օրը: Ըստ Google-ի՝ ԱԱԾ տնօրենի և ՀՔԾ պետի՝ այդ ձայանգրության գաղտնալսման թեմայով հրավիրված ասուլիսը ևս նույն կայքում տեղադրվել էր երկու օր շուտ, այսինքն՝ ավելի վաղ, քան հրավիրվել է ասուլիսը, հետևաբար կա տեխնիկական ինչ-որ խնդիր: Իրավապահներին չի հաջողվել խմբագրությունում հայտնաբերել այն, ինչի համար եկել էին, փոխարենը նրանց հաջողվել է խաթարել կայքի աշխատանքը, և Հայաստանի նոր կառավարության վրա փակցնել ազատ խոսքի դեմ ոտնձգություն կատարողի ամոթալի պիտակը:

Փաստորեն, Հայաստանի իշխանությունները՝ բոլորն անխտիր, չեն կարողանում դիմանալ ազատ խոսքի և քննադատության հանդեպ հանդուրժողական վերաբերմունք ունենալու մեծահոգությանը: Խոսքի ազատության դեմ քայլեր կատարելու խարանը դաջված է առաջին նախագահ Լևոն Տեր- Պետրոսյանի և երկորորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանի ճակատներին: Տեր-Պետրոսյանը փակեց դաշնակցական մամուլը, Ռոբերտ Քոչարյանը՝ Ա1+ հեռուստաընկերությունը: Սերժ Սարգսյանի օրոք լրատվամիջոցների հանդեպ նման կոշտ քայլեր չեն իրականացվել, սակայն երրորդ նախագահի օրոք սկիզբ դրվեց մեդիայի հեղինակազրկման գործընթացին, որը պակաս ամոթալի չէր, քան նախորդների քայլերը: Բացի այդ՝ Սերժ Սարգսյանի իշխանության որոշ ներկայացուցիչներ, հատկապես ուժային ոլորտների, թիրախավորված տեռոր էին իրականացնում առանձին լրագրողների և լրատվամիջոցների նկատմամբ: Հիմա, փաստորեն, նույն բանը տեղի է ունենում գիտակցական ողջ կյանքում ընդդիմադիր լրագրող և խմբագիր աշխատած Նիկոլ Փաշինյանի կողմից: Վարչապետ Փաշինյանը թերևս ավելի լավ է հասկանում քննադատական խոսքի արժեքը, այս իսկ պատճառով որոշել է Yerevan Today-ի օրինակով դաս տալ նաև մնացածներին: Տեղի ունեցածը հայկական մեդիայի համար, իսկապես շատ լուրջ փորձություն է, որից պետք է հետևություն անեն բոլորը, ովքեր ազատ խոսքը համարում են բացարձակ արժեք:
Yerevan Tօday կայքի գլխավոր խմբագիրը հավաստիացրել է, թե լրատվամիջոցը որևէ առնչություն չունի երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանի հետ: Տվյալ պարագայում որևէ նշանակություն չունի՝ ճշմարտացի է այս պնդումը, թե ոչ: Եթե անգամ որևէ կապ կա, դա իրավունք չի տալիս օրվա իշխանությանը տեռոր սկսել լրատվամիջոցի դեմ: Վարչապետ Նիկոլ Փաշինյանի հետ շատ ուղղակի կապ ունեցող հայտնի լրատվամիջոց կա: Նույնքան անթույլատրելի կլինի, եթե երբևէ՝ անկախ նրանից Փաշինյանը կլինի վարչապետ, թե թիվ մեկ ընդդիմադիր, խուզարկություն արվի ՀԺ-ի խմբագրությունում: Ի վերջո ի՞նչ տարբերություն, թե ով է առաջինը հրապարակել հայտնի ձայնագրությունը: Վստահաբար, ով էլ որ առաջինը ունենար, րոպե առաջ փորձելու էր հրապարակել, որովհետև դա մասնագիտության պահանջ է, ոչ թե դավադրություն:

Իշխանությունը ի վերջո պետք է հասկանա, որ խնդիրը ոչ թե հրապարակողի, այլ գաղտանլսողի ինքնությունն է: Պատմությունն արդեն ցույց է տվել՝ երբ որևէ իշխանություն փորձում է ճնշել ազատ խոսքը, անխուսափելիորեն տանուլ է տալիս: Տեր-Պետրոսյանն ու Քոչարյանը վաղուց արդեն նախագահ չեն, սակայն և՛ Երկիրը, և՛ Ա1+-ը՝ որպես լրատվամիջոցներ, կան: Ով՝ ով, բայց Նիկոլ Փաշինյանը այս ամենը պետք է որ հրաշալի հասկանա: Իշխանությունը  կորցնելու ամենակարճ ճանապարհը մեդիայի վրա հարձակվելն է:

Կարինե Սարիբեկյան

Գլխավոր Թողարկում, Լուրեր, Վերլուծություն
Մեկնաբանությունները փակ են: